Անհրաժեշտ է ուժեղացնել զինված ուժերում արատավոր բարքերի դեմ պայքարը․ Պապիկյան

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ փետրվարի 28-ին բանակային զորամիավորումներից մեկում անցկացվել է հավաք-խորհրդակցություն՝ «Զինվորական կարգապահության առկա խնդիրները, դրանց պատճառահետևանքային կապերը և բարելավման ուղիները» թեմայով:

Պաշտպանության նախարարության փոխանցմամբ, հավաքին մասնակցել են կայազորի ենթակա զորամասերի հրամանատարները, նրանց տեղակալները, ստորաբաժանումների հոգևոր սպասավորները, մարզի իրավապահ համակարգի ներկայացուցիչները:

«Սուրեն Պապիկյանն ընդգծել է, որ ոչ կանոնադրային հարաբերությունների և արատավոր բարքերի դեմ պայքարը զինված ուժերում անհրաժեշտ է ուժեղացնել, բացառել դրանց կրկնությունները: Սուրեն Պապիկյանը նշել է, որ արձանագրված մտահոգիչ դեպքերի դեմ համալիր գործիքակազմով պայքարի կարևորագույն քայլը դեպքերի իրական պատճառները հայտնաբերելն ու կանխարգելիչ որոշումներ ընդունելն է»,- ասված է հաղորդագրությունում։

Հավաք-խորհրդակցության ընթացքում զեկույցներով հանդես են եկել զորամիավորման հրամանատարը, ղեկավար կազմի սպաները, որոնք ներկայացրել են մարտական, ոչ մարտական կորուստների, պատահարների մանրամասները:

«Պաշտպանության նախարարը ռազմական ոստիկանության կայազորային ստորաբաժանման հրամկազմին տվել է ցուցումներ՝ զորամասերում, մարտական դիրքերում արձանագրված յուրաքանչյուր դեպքի առնչությամբ մանրակրկիտ ուսումնասիրություն անցկացնել և ուժեղացնել հսկողությունը ոչ միայն կարգապահության առանձին դրվագները, այլև սմարթֆոն տեսակի բջջային հեռախոսների առկայությունը զինծառայողների շրջանում բացառելու համար: Նախարարը նշեց, որ այս ուղղությամբ առաջիկայում կիրականացվեն կտրուկ քայլեր»,- նշում են պաշտպանական գերատեսչությունից։

Մեկնաբանել