Այսօր Սումգայիթի 45, 41, 12 թաղամասերի հինգհարկանի տներում սովորական մարդիկ են ապրում

«Մեզ հիշում են միայն փետրվարի քսանութին ու հետո մի տարով մոռանում են»՝ մեր հանդիպումներից մեկի ժամանակ ասել էր Մելքումյան Կարինեն, որի ընտանիքի հինգ անդամները խոշտանգվել ու սպանվել էին Սումգայիթում 1988-ի փետրվարի 28-ին։

Ծանոթացել ենք իննսունչորս թվականին Բյուրեղավանի իր տանը, երբ առաջին անգամ իրենց մասին նյութ էի գրում։ Մի քանի տարի էր անցել ութսունութի փետրվարից։ Այդ առաջին օրն ինքն ասաց՝ Սամվել Շահմուրադյանի մահից հետո մենք որբ մնացինք, Սամվելն էր մեր հենարանը Հայաստանում։

Մեր կապը չկորավ։ Ծանոթացա Բյուրեղավանի մյուս բնակիչների հետ, եղա նրանց տներում, իմացա ինչպես դասավորվեց մնացածների կյանքը, տասնյակ հոդվածներ գրեցի նրանց խնդիրների մասին, փորրձեցի ինքս օգնել կարողացածիս չափով։ Բայց, հավանաբար ես էլ եմ ամեն տարի միայն փետրարի քսանութին հարցրել ինչի կարիք կա, ինչ խնդիր ունեն։ Բնականաբար՝ ես պետություն չեմ, ես շարքային մարդ եմ, որն իր հնարավորությունների սահմաններում կարող էր ձեռք մեկնել, հետո անցնել սեփական կյանքի ընթացքին։

Կարինե Մելքումյանի հետ ամեն հանդիպումից հետո մեր զրույցից մեկ նախադասություն անջատվում ու դառնում էր գլխավոր՝ կարմիր տառերով վազող տող։ Նախավերջին անգամ «Նասոսնոյե» քաղաքատիպ ավանի անունն էր, որ գտնվում է Սումգայիթի արևմտյան մասում։ Ութսունութին այդտեղ տեղակայված էր խորհրդային 82-րդ ՀՕՊ կործանիչ ավիացիոն գունդը։ Խորհրդային զորքը միջամտեց «զանգավածային անկարգություններին» միայն փետրվարի քսանիննին, երբ հարյուրավոր մարդիկ խոշտանգվել էին արդեն։ Զինվորական գունդը մի քանի քայլի վրա էր։ Ջարդից փրկվածներին բերել էին Նասոսնոյե։ Սումգայիթի դպրոցի Կարինեի գործընկերները եկել էին տեսակցելու, նույնիսկ աշխատավարձն էին բերել։ Կարինեն չէր վերցրել։ Չէր կարողացել նայել դեմքերին։

Սրա մասին մանրամասն գրել էի նախորդ հանդիպումից հետո, բայց երբ լսածդ նստվածք է տալիս, ու մանավանդ անցնում են տարիներ, ու վեր ես կանգնում մասնավոր սարսափներից, սառնասիրտ հարց ես տալիս՝ ինչու հետամուտ չեղանք խորհրդային դատավարությամբ լղոզած այս ոճրագործության գնահատականին, ինչու Սումգայիթը չձևակերպվեց պատերազմ հրահրելու պատճառ։

Արցախյան պատերազմի սկիզբը այդ օրն էր։ Սումգայիթը դրեցինք մի կողմ՝ «լավ, էս մնա հետո» մեր տրամաբանությամբ։ Սամվել Շահմուրադյան և Հրայր Ուլուբաբյան․ այդ երկու մարդիկ իրենց անձնական ջանքերով հավաքեցին բոլոր վկայությունները, որոնք ասյօր կան։ Պետությունը բաց թողեց Ղարաբաղյան վերբալ շարժումը ռազմական գործողությունների փակուղի մտցրած «Սումգայիթ» վայրագ ու ողբերգական դրվագը գլխավոր մեղադրանք դարձնելու անհրաժեշտությունը։ Դրանից հետո հարցն ավելի կոնկրետ էր՝ ինչպես կարող են հայերն ապրել ադրբեջանցիների հետ նույն պետության կազմում։

Մելքումյան ընտանիքից մնացածների հետ հաջորդ հանդիպումից մնաց Կարինեի մեկ ուրիշ սահմռկեցուցիչ նախադասություն։ Երբ Կարինեն փոքրիկ աղջկա ձեռքը բռնած և իր արդեն բավական մեծ հղիությունը գրկած, գիշերվա խավարի ու արդեն լռության մեջ թաքստոցից իջել էր իրենց արյունլվա բակ, ասում է․ «Այդ ահավոր խավարի մեջ հեռագրասյանը կպած ինչ-որ բան նկատեցի, մոտեցա ու տեսա սյանը կապած՝ մեր Իրինայի կիսայրված մարմինն էր»։ Իրինան ամուսնու քույրն էր, քսան տարեկան։ Նրա շնորհիվ Կարինեն ու երեխաները ողջ են մնացել։

Եվ՝ հարց․

Այն օրը՝ 1988-ի փետրվարի 28-ին, մենք թույլ չտվեցինք «փչացնել մեր տոնը», ինչպես կասեր դասականը։ Նրանց՝ Ադրբեջանում ապրող հարյուր հազարավոր հայերի այն ժամանակ մեզ տրվող հարցը վաղուց հանգիստ չի տալիս՝ «ինչպես կարելի էր չմտածել մեր մասին»։

Եվ մի պարզունակ հարց էլ․ ինչու հնարավոր չեղավ ստեղծել մի պահածոյի գործարան, մի կոմպակտ աշխատատեղ, մի պետքական արտադրամաս որտեղ երեսուն տարի աշխատեին Բյուրեղավանում ու շրջակայքում տեղավորված սումգայիթցիները, որոնց հոգեկան վիճակը ծանրագույն էր, իսկ նորից ապրելու համար ապրելու միջոց էր պետք։ Չարվեց։ Նրանք մնացին Ռուսաստանից եկող փոխանցումների ու տարատեսակ բարեգործությունների հույսին՝ տարին մեկ անգամ։

Նրանց մեջ, ինչպես մեր մեջ, տարբեր տեսակի մարդիկ կան։ Ոմանք սիրելի են, ոմանք՝ անտանելի, մի մասը՝ տանելի։ Մենք «գուրգուրեցինք» ողբերգության փաստը, բայց չսիրեցինք ողբերգության «հերոսներին», օտար էին նրանք, յուրային չէին։

Իսկ հետո եղավ 2020-ի սեպտեմբերի 27-ը, և անցած բոլոր ողբերգությունները խամրեցին։

Այս տարի անհարմար զգացի գնալ Կարինե Մելքումյանի տուն, որովհետև ինքը ճիշտ էր՝ մենք իրենց հիշում ենք միայն փետրվարի քսանութին։

Իմ շարքային հնարավորությունների սահմաններում էր վերաբերմունքս Բյուրեղավանի սումգայիթցիների հանդեպ՝ մեծ բան չեմ կարողացել անել։ Բայց 2018-ի ամռանը, երբ զանգեց ինչ-որ հարցով, ու ես ասացի՝ կներես, վաղը տղայիս երդման արարողությունն է, Ղարաբաղ եմ գնում, չեմ կարող, մի ժամից զանգեց, թե՝պատրաստվել եմ, գալիս եմ հետդ, ասաց՝ Ստեփանակերտում քույր ունեմ, նրա տանը կմնանք։ Տասնյակ ավելի ազդեցիկ զանգերի մեջ, մեծ ընտանիքի ու հարազատ-մտերիմների հայկական հոգածության մեջ, Ստեփանակերտի լավագույն հյուրանոցներում մնալու հնարավորության պարագայում, Ստեփանակերտի բազմաթիվ ընկերների ու բարեկամների առկայության դեպքում, այս մեկ զանգը ամենահուզիչն է ինձ համար մինչ օրս։

Կարինե Մելքումյանի մեծ ընտանիքի հինգ անդամները խոշտանգվել ու սպանվել են։ Նա ապրում է Բյուրեղավանի Անդրանիկի փողոցի բարձրահարկ շենքերից մեկում։ Ունի հիվանդ մայր, որդի, այն, որին կրում էր կրծքի տակ Սումգայիթի հինգհարկանի շենքի բոլոր բնակարաններից ապաստան խնդրելով դեպի վերջին հարկը հուսահատ վազելիս։ Մի քանի սումգայիթցի ընտանիք է մնացել Բյուրեղավանում։

Համացանցում երբեմն փնտրում եմ Սումգայիթ ծովափնյա քաղաքի 45, 41 թաղամասերի հինգհարկանի շենքերը։ Բնականաբար, մարդիկ են ապրում այդ տներում․․․ մտածում եմ՝ երևի քնելուց առաջ իրար «բարի գիշեր» են ասում։

Մեկնաբանել