Սիրիական ճգնաժամի պատասխանատուն վարչակարգն է․ Սթիվեն Սթար

Իռլանդացի լրագրող Սթիվեն Սթարը, ով հինգ տարի ապրել է Սիրիայում, սիրիական տաքնապի մասին գրում է միջազգային հեղինակավոր պարբերականներում: Նրա «Revolt in Syria» գիրքը նոր է հրապարակվել: ՍիվիլՆեթի հետ զրույցում պատմել է սիրիական ճգնաժամի մասին որպես ականատես։

«Վերջին 18 ամիսներին, ինչպես նաև ամբողջ հեղափոխության ընթացքում ապրում էի Դամասկոսի հարավ-արևմուտքում՝ 15 կմ հեռավորությամբ գտնվող Ջդայդեթ Արթուզ արվարձանում։ Այդ էր պատճառը, որ իրադարձությունների մասին կարողացա քաղաքի բնակիչներից տարբերվող պատկերացում ունենալ: Քաղաքը հիմնականում իրենից ներկայացնում է մի փուչիկ, որում մարդիկ անկարող են պատկերացնել, թե ինչ է կատարվում կամ ով է իրավիճակի պատասխանատուն կամ թե ինչ պետք է կատարվի ճգնաժամի հաղթահարման համար: Ճգնաժամ եմ ասում, քանի որ Սիրիայում մարդիկ այդպես են կոչում այդ իրավիճակը»,- նշում է նա:

Սթարը լքել է Սիրիան այս տարվա փետրվարին․ «Ստիպված էի Սիրիայից դուրս գալ, քանի որ մի քանի այցելեցի մի քանի վայրեր, որոնցում տեսածներիս համար կարող էի հալածվել և իշխանությունների հետ խնդիրներ ունենալ»։ Նա հավելում է, որ մինչ այդ շատ զգուշությամբ է վարվել թերթերի հետ աշխատելիս, ինչպես նաև մարդկանց կամ ակտիվիստների հետ խոսելիս:

«Փետրվարին Los Angeles Times պարբերականից մի այլ լրագրողի հետ առիթ ունեցա այցելելու մի վայր, որում տեղի էին ունեցել հակակառավարական խոշոր ցույցեր, սակայն կառավարական ուժերը կարողացել էին ճնշել դրանք: Սիրիա այցելող լրագրողների համար այդքան էլ մեծ խնդիր չէ դա, որքան Սիրիայում երկարաժամկետ բնակվող լրագրողների համար: Այդտեղ ապրելուս պատճառով իմ դրությունը բոլորվին տարբեր էր: Նրանք գիտեին, թե ես որտեղ եմ ապրում, ովքեր են իմ ընկերները, իմ հեռախոսի համարը և իմ բոլոր տվյալները: Այդ իսկ պատճառով տեղեկատվության նախարարությունից ցանկացած անձ, որ օտարների վիզա տալու բաժանմունքի պատասխանատու է կամ գաղտնի սպասարկությունից է կամ բանակից, ընդհանրապես ցանկացած մեկը, որ կապ ունի կառավարության կամ վարչակարգի հետ, կարող էր հետևել և խնդիրներ առաջացնել ինձ համար»։

Սթիվեն Սթարը ասում է, թե վարչակարգը ռմբակոծում է բնակելի տարածքները, սպանում է բազմաթիվ մարդկանց և դաժան կոտորածներ իրականացնում: Նրա խոսքով՝ որքան երկար շարունակվի այս ամենը, այնքան ավելի դժվար կլինի երկրի վերականգնումը:

«Վարչակարգի տապալումն անխուսափելի է: Անհնար է միլիոնավոր մարդկանց շարունակ հպատակեցնել: Այդ ժամանակներն անցել են: Մարդիկ կորցրել են այն վախը, որ տասնամյակներով իշխել է նրանց կյանքում: Մարդ, որը կորցրել է զավակ, հայր կամ ընտանիքի անդամ, իր վախն էլ կորցրել է: Նրանք այլևս չեն վախենում, թե ինչ կարող է պատահել իրենց հետ: Նրանք զենք են վերցնելու և կռվելու են վարչակարգի դեմ»։

Սթարի կարծիքով՝ եթե սրանից 12 ամիս առաջ վարչակարգը հեռանար՝ լիներ դա բռնությունների միջոցով կամ այլ ճանապարհով, երկիրը գոնե մոտ ապագայում կայուն լինելու մեծ հնարավորություն կունենար և կգոյատևեր որպես գործող պետություն: Այս պահին դա ավելի դժվար կլինի, ասում է նա:

Քաղաքացիական պատերազմի հավանականությունները քիչ են, քանի որ երկրում կռիվը շարունակելու պատրաստ մարդկանց թիվը շատ փոքր է, նշում է Սթարը:

«Խոսքը ալաուիների մասին է: Նրանք կազմում են երկրի բնակչության 10-12%-ը: Նրանք կենտրոնացած են ծովեզերյա շրջանի լեռնային գյուղերում, իսկ Սիրիայի որևէ քաղաքում կամ գյուքաղաքում մեծամասնություն չեն կազմում: Գալով քրիստոնյաներին՝ նրանք Բաշար ալ Ասադի պաշտպանության համար զենք չեն վերցնի: Ասադի հեռանալուց հետո ոչ մի փոքրամասնություն՝ դրուզ, քրիստոնյա կամ թեկուզ ալաուի, չի շարունակի կռիվը»։

Ըստ Սթարի՝ շատ դժվար է ասել՝ ինչ է սպասվում ապագայում: «Եթե իմանայի, որ վարչակարգը երկու ամսից կտապալվի, կարող էի թվել՝ ինչ կկատարվի: Չենք կարող ասել՝ վարչակարգը դեռ որքան կգոյատևի: Այն պատկերացվածից շատ ավելի երկար դիմացավ»,-ավելացնում է Սթարը:

Նրա կարծիքով՝ Հալեպը երկրի իրավիճակի մանրապատկերն է, և հակամարտող կողմերից որևէ մեկն այնքան ուժեղ չէ, որ կարողանա մյուսին չեզոքացնել: Ընդ որում՝ սա վերաբերում է ոչ միայն Հալեպին, այլև Դամասկոսին և ամբողջ երկրին:

«Սիրիայի ճգնաժամի պատասխանատուն վարչակարգն է: Նա է ստեղծել «Սիրիայի ազատ բանակը»: Երբ բարեփոխումներ, հարգանք և արժանապատվություն պահանջող խաղաղ ցուցարարներին պատասխանում են զենքերով, կրակոցներով և սպանություններով, մարդիկ դա չեն կարող հանդուրժել: Այդպես եղավ Դարաայում 2011թ. մարտին: Երկրի այլ հատվածներում ևս մարդիկ փողոց դուրս եկան հենց այդ պատճառով, և շարժումը այսպիսով տարածվեց: Անվտանգության ուժերը ուղղակի կրակոցներով սպանեցին խաղաղ ցուցարարներին, ոմանք վիրավորվեցին, մի մասն էլ ձերբակալվեց: Այս վերաբերմունքը ավելի զայրացրեց ժողովրդին: Ձերբակալված, վիրավորված կամ սպանված յուրաքանչուր անձի պատճառով առավել մեծ թվով մարդկանց շրջանում աճեցին հակակառավարական տրամադրությունները»,- նշում է Սթարը:

Նրա կարծիքով՝ երբ ժողովրդին արգելված է որոշ խնդիրների մասին խոսելը, դրանց վերաբերյալ մտքեր և կարծիքներ արտահայտելը, անխուսափելի է օրը, երբ մարդիկ ոտքի կկանգնեն և կասեն այն, ինչ ուզում են՝ առանց վախենալու՝ ինչ կարող է պատահել իրենց հետ:
«Երբ հասարակությունում առկա է նման վախի և ճնշման մթնոլորտ, հատկապես՝ քաղաքական տեսակետից, մարդիկ այդ կյանքով երկար չեն կարող ապրել: Նրանք ցանկանում են հարգված լինել պետության կողմից՝ մանավանդ տեսնելով, որ երկիրը մի ընտանիքի կողմից է ղեկավարվում: Սիրիայի բնակչությունը 23 միլիոն է, և նրանք բոլորն էլ իրենց ապագան որոշելու իրավունք ունեն: Հարցնելու դեպքում քրիստոնյաները, ալաուիները, դրուզները կպատասխանեն, որ Ասադների ընտանիքը Սիրիայում իրենց է պաշտպանում: Հետևապես պետք է զգուշ լինել, քանի որ շատ բարդ տարածաշրջան է, և Սիրիան Միջին Արևելքի ամենաբարդ երկիրներից մեկն է»,- եզրափակում է Սթարը:

Մեկնաբանել