Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկությանը նպաստած արտաքին և ներքին գործոնները

Փետրվարի 23-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրեց որոշում Ռուբեն Վարդանյանին պետնախարարի պաշտոնից ազատելու մասին: Սա երկար ակնկալվող որոշում էր, որը վերջ դրեց Արցախում մեկ ամսից ավել տևած ներիշխանական պայքարին: Արցախի նոր պետնախարար է դառնալու գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը:

Արայիկ Հարությունյանի այս որոշումից հետո հայաստանյան լրատվական դաշտը ողողված է Վարդանյանի պաշտոնանկությունը բացատրող տարատեսակ վարկածներով, որոնց մեջ առավել մեծ տարածում են ստացել արտաքին ճնշման վրա շեշտադրում անող մեկնաբանությունները: Այնուամենայնիվ, ակնհայտ է, որ տվյալ պարագայում գործ ունենք մի քանի գործոնների հետ, որոնց ամբողջությունն էլ պատճառ է դարձել Վարդանյանի պաշտոնանկության համար:

Արտաքին գործոնների անդրադառնալիս անհնար է անտեսել Ադրբեջանի ճնշումը: Բաքուն պետնախարարի պաշտոնում Վարդանյանի նշանակման առաջին օրվանից խիստ բացասական վերաբերմունք ուներ նրա նկատմամբ: Վերջին ամիսների ընթացքում ադրբեջանական տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ միջազգային հարթակներում, ինչպես նաև իրենց օտարերկրյա գործընկերների հանդիպումներում Ռուբեն Վարդանյանի գործունեության վերաբերյալ բողոքներ են հնչեցրել:

Մեծ հաշվով ադրբեջանական կողմը Վարդանյանի ազատումը պաշտոնից դարձրել էր նախապայման Լաչինի միջանցի բացման շուրջ բանակցությունների վերսկսման համար: Այս դիրքորոշման հիմնական պատճառը, ամենայն հավանականությամբ, այն է, որ Բաքվի մոտ իրոք կար ընկալում, որ Վարդանյանին Լեռնային Ղարաբաղ են ուղարկել Մոսկվայից Ադրբեջանի դեմ որոշակի գործողություններ իրականացնելու համար: Այդ առումով պատահական չէ, որ Վարդանյանի պաշտոնանկությունից անմիջապես հետո կողմերի միջև Լաչինի միջանցքի ճգնաժամի շուրջ բանակցությունները վերսկսվեցին:

Բարդ էին Ռուբեն Վարդանյանի հարաբարերությունները նաև Հայաստանի իշխանությունների հետ: Երևանում ևս կար ընկալում, որ Վարդանյանին Արցախ են ուղարկել Ռուսաստանից: Բացի այդ, Վարդանյանի ներքաղաքական ակտիվությունը Հայաստանում նպաստում էր իշխանությունների կողմից նրա նկատմամբ զգուշավոր մոտեցման առկայությանը: Վարդանյանը իր հերթին վերջին շաբաթների ընթացքում Հայաստանի իշխանությունների վերաբերյալ անհաջող հայտարարություններ էր արել` խորացնելով իր նկատմամբ առկա կասկածները:

Չնայած հայաստանյան ու արցախյան ընդդիմադիր գործիչների պնդումները, թե Հարությունյանը Վարդանյանին ազատել է Նիկոլ Փաշինյանի հրահանգով, հեռու են իրականությունից, այդուհանդերձ, Վարդանյանի գործոնի պատճառով Երևանի հետ հարաբերությունների հնարավոր վատթարացումը կարող էր դեր խաղալ Արցախի նախագահի որոշման մեջ:

Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկությանը նպաստել են նաև մի շարք ներքին գործոններ, որոնցից մեկը ներքաղաքական հակասություններն են Արայիկ Հարությունյանի ու Վարդանյանի միջև: Պետնախարարի պաշտոնը ստանձնելուց հետո Վարդանյանը սկսեց քաղաքական ազդեցություն ձեռք բերել Արցախում: Հարությունյանի թիմակիցներից որոշ ազդեցիկ գործիչներ անցան Վարդանյանի ճամբար: Այս միտումը չէր կարող մտահագություն չառաջացնել Հարությունյանի ու իր թիմի մոտ: Այդ առումով Վարդանյանի հեռացման որոշումը, անշուշտ, նաև ներքաղաքական շարժառիթներ ուներ:

Ներքին պատճառներից պետք է նաև առանձնացնել Արցախի որոշ իշխանական խմբերի մոտ ձևավորված դժգոհությունը Ռուբեն Վարդանյանի կառավարչական մեթոդների ու կադրային քաղաքականության նկատմամբ: Վարդանյանը օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով այդպես էլ չկարողացավ ձևավորել տեխնոկրատ կառավարություն: Նոր նշանակված նախարարներից քչերն էին աչքի ընկնում իրենց պրոֆեսիոնալ հատկանիշներով: Ավելին, նոր կառավարության դերն ու ազդեցությունը նսեմացվում էր Վարդանյանի խորհրդականների թիմի չափազանց մեծ ազդեցությամբ որոշումների կայացման գործընթացում:

Պետնախարարի պաշտոնից Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկության պատճառների մասին խոսելիս պետք է հաշվի առնել այս ներքին և արտաքին գործոնների ամբողջությունը:

Թե Հայաստանում, թե արտերկրում հստակ ընկալում է ձևավորվել, որ Ադրբեջանի ճնշումը առանցքային դեր է ունեցել Վարդանյանին պաշտոնից ազատելու` Արայիկ Հարությունյանի որոշման մեջ: Այնուամենայնիվ, պետք է արաձանագրել, որ առանց մյուս գործոնների Բաքվի ճնշումը կարող էր բավարար չլինել:

Մեկնաբանել