Խաղաղության պայմանագրի որոշ կետերում կա կոնսենսուս․ Ալեն Սիմոնյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի որոշ կետերում կա կոնսենսուս, փետրվարի 28-ին լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Ես չեմ կարող դրանք բարձրաձայնել, միայն կարող եմ ասել, որ դրանք միջազգայնորեն ընդունված սկզբունքներն են։ Դրանք ընդհանուր դրույթներ են»,- նշեց նա։

Սիմոնյանը հայտնեց, որ 3-4 կետերի շուրջ կողմերի միջև դեռ կան տարաձայնություններ։

«Մենք չենք կարող խաղաղության պայմանագրի մեջ ականներ դնել Հայաստանի Հանրապետության պետականության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության տակ»,- ասաց Ալեն Սիմոնյանը՝ խոսելով հայկական կողմի կարմիր գծերի մասին։

Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրի փաստաթղթում Արցախի մասին հիշատակում լինելու հարցին, ԱԺ նախագահը պատասխանեց․ «Հիմա քննարկում է գնում, չգիտեմ վերջնական ինչ տեսք կունենա։ Երկու երկրների պայմանագրերը վերաբերում են երկու երկրների հարաբերություններին։ Արցախի հարցը այդ երկու երկրների պայմանագրի մեջ, իմ ընկալմամբ, պետք է որևիցե ձևով արտահայտված չլինի։ Միշտ երբ մի կողմը մի բան է առաջարկում, հակառակ կողմը նույնպես ինչ-որ բան է առաջարկում։ Մենք պետք է հասկանանք՝ արդյոք մեր երկրի, մեր ժողովրդի, Արցախ ժողովրդի շահերից բխում է, որ այս փաստաթղթում մենք ունենանք որևիցե բան ունենալ, թե ոչ։ Բայց թող չլինի տպավորություն, որ այդ պայմանագրով մենք որևիցե ձևով փորձում ենք հետ կանգնել Արցախի շահերի, Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությունից»։

Մեկնաբանել