Երեխաներին պետք է սովորեցնենք երջանիկ լինել և գնահատել ամենափոքր բաները․ Իրինա Փահլևանյան

Լարա Չոլաքյանի զրուցակիցը «4090 բարեգործական» նորաստեղծ հիմնադրամի գործադիր տնօրեն Իրինա Փահլևանյանն է։ Հիմնադրամն աջակցում է 2016 և 2020 թվականների պատերազմների վետերաններին բարձրագույն կրթություն ստանալու և կյանքն իմաստավորելու հարցերում։ Իրինան շեշտում է կրթության կարևորությունը երեխաների հուզական բանականության զարգացման տեսանկյունից։ Նա վստահ է՝ երջանիկ լինելը առանցքային է հաջողակ դառնալու ճանապարհին։ Լարայի հյուրը կիսվում է 1988-ի Գյումրիի ավերիչ երկրաշարժից փրկվելու իր պատմությամբ և ներկայացնում, թե ինչպես է սովորել առաջ գնալ՝ չնայած մահերին ու տառապանքներին, որոնց ականատես է եղել երիտասարդ տարիքից: Նրա գյումրեցի ընտանիքը, ծագումով լինելով Կարսից, կրել է բազմաթիվ կորուստներ, բայց երբեք չի կորցրել լավատեսությունը, երախտագիտությունն ու հույսը՝ արժեքներ, որոնք ժառանգել է նաև Իրինան:

Իրինա Փահլևանյանի մասին

Իրինա Փահլևանյանը «4090 բարեգործական» հիմնադրամի գործադիր տնօրենն է։ Նա նաև «Ինդիգամի» երեխաների զարգացման և խնամքի կենտրոնի համահիմնադիրն է։ Իրինան տարիներ շարունակ աշխատել է տարբեր միջազգային և ոչ կառավարական կազմակերպություններում, որոնք մշակում և իրականացնում են զարգացման և բարեգործական ծրագրեր: Ֆոնդհայթայթման մեծ փորձ ունենալով՝ նա համագործակցում է Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի, Եվրոպայի Խորհրդի հայաստանյան գրասենյակի հետ, տարբեր կազմակերպությունների խորհրդի անդամ է։ 2020-ին Իրինան ճանաչվել է Ռիբակով հիմնադրամի գլոբալ մրցույթի հաղթող՝ «Կրթական համայնքի ղեկավար» անվանակարգում։

Մեկնաբանել