Լաչինի միջանցքում անցակետեր ստեղծելու հարց նախատեսված չէ․ Լավրով

Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Լաչինի միջանցքում անցակետեր ստեղծելու հարց նախատեսված չէ։ Այդ մասին փետրվարի 28-ին Բաքվում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ անդրադառնալով Իլհամ Ալիևի՝ Լաչինի և, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքներում անցակետեր տեղադրելու հայտարարությանը։

«Լաչինի միջանցքի գործելու կարգը պետք է համապատասխանի 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը։ Դա նշանակում է ազատ տեղաշարժն ապահովել բացառապես քաղաքացիական անձանց և հումանիտար բեռների համար։ Դրան ենք մենք ձգտում մեր շփումների ժամանակ։ Այնտեղ (նոյեմբերի 9-ի հայտարարությունում – խմբ․) նախատեսված չէ անցակետեր ստեղծելու հարցը, բայց կա հնարավորություն տեխնիկական սարքերով փարատելու կասկածները, որոնք կան։ Մենք այսօր դա քննարկել ենք, տեխնիկական դետալները երկրորդական նշանակություն ունեն»,- նշել է Լավրովը։

***

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փետրվարի 18-ին Մյունխենում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպումից հետո ադրբեջանական լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել էր, որ հանդիպմանը ադրբեջանական կողմն առաջարկել է հայ-ադրբեջանական սահմանին հսկիչ անցակետեր տեղադրել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» երկու կողմերում և Լաչինի ու Հայաստանի միջև։

Ադրբեջանը «բնապահպանական» հիմնավորումներով Լաչինի միջանցքը փակ է պահում 2022-ի դեկտեմբերի 12-ից։ Բացի դրանից, ադրբեջանական կողմը միջանցքը փակելը պայմանավորում է Արցախ ականներ տեղափոխելով։

Մեկնաբանել