«Մինչև 30 տարեկան, բարետես, լեզուների իմացությամբ»․ կին լրագրողների նկատմամբ խտրականության մասին

Ժաննա Ավագյան

Հայաստանում լրագրությունը բավականին ֆեմինիզացված է, ասում է իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը։

Թեև աշխարհում ևս այս միտումը կա, բայց Հայաստանում այն առավել ընդգծված է մի քանի պատճառով։ Առաջին պատճառը ցածր աշխատավարձն է, ինչն այս ոլորտը տղամարդկանց համար դարձնում է պակաս գրավիչ։ Ուստի, ինչպես ուսուցիչները, այնպես էլ լրագրողները մեծամասամբ կանայք են լինում։ Մյուս կողմից, նույն լրատվական դաշտում տղամարդիկ աշխատում են որպես գործադիր տնօրեններ, լրատվամիջոցների ղեկավարներ, ինչը ենթադրում է առավել բարենպաստ աշխատանքային պայմաններ թե՛ աշխատանքային ծանրաբեռնվածության, թե՛ աշխատավարձի առումով։

«Հայաստանում եզակի լրատվամիջոցներ կան, որոնք հիմնադրել ու ղեկավարվում են կանայք և որոնք չեն գտնվում որևէ տնտեսական գործչի կամ քաղաքական ուժի ազդեցության ներքո»,- ասում է Զարուհի Հովհաննիսյանը։

Մյուս պատճառը մեդիայի վիզուալիզացիայի տարածումն է․ այս ոլորտի գործատուները ոչ միայն նախընտրում են աշխատանքի ընդունել կին լրագորղների, այլև հայտարարություններում ընգդծում են տարիքային և արտաքին տեսքին վերաբերող պահանջները՝ մինչև երեսուն տարեկան, բարետես, լեզուների իմացությամբ և այլն։

«Այդպիսի հայտարարությունները շատ ընդունված են լրատվական դաշտում, և այստեղ մենք գործ ունենք ոչ միայն սեռով պայմանավորված նախընտրության, այլև տարիքային խտրականության»,- ասում է Հովհաննիսյանը։

Իրավապաշտպանը վստահեցնում է, որ կանայք սահմանափակ հնարավորություններ ունեն ոչ միայն խմբագրության ներսում, այլև դրսում։ Աշխատանքի ընթացքում խոչընդոտները կանանց համար ավելի շատ են, օրինակ, կին լրագրողների հարցերից խուսափելու համար պաշտոնյաները, քաղաքական գործիչներ և այլոք, հաճախ կիրառում են գենդերային հիմքով վիրավորանքներ կամ ակնկարներ։

2021-ին Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն գրանցել է լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 18 դեպք, որոնցից վեցը կատարվել է իշխանության ներկայացուցչի կողմից և մնացել անհետևանք։ Ֆիզիկական բռնություններից տուժած լրագրողների մեծ մասը կանայք են, որոնց հրմշտել են, խոչընդոտել աշխատանքը, այդ թվում՝ ձեռքից վերցրել աշխատանքային պարագաներ։

2022-ի առաջին կիսամյակում գրանցվել է ֆիզիկական բռնության 12 դեպք, որոնք հիմնականում տեղի են ունեցել ընդդիմադիր ուժերի հանրահավաքների ժամանակ։

Զարուհի Հովհաննիսյանի կարծիքով՝ բացահայտ սեքսիստական դրսևորումները հայաստանյան բարձրաստիճան պաշտոնյաների համար դարձել են սովորական․ թե՛ նախկին, թե՛ ներկա պաշտոնյաները օգտագործել և օգտագործում են սեքսիզմը որպես կին լրագրողներին նվաստացնելու միջոց։

«Լրագրողներին թիրախավորող և վիրավորող խոսք է հնչում նաև Հայաստանի բարձրագույն ամբիոնից, Ազգային ժողովի իշխող կուսակցության «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների կողմից, որոնցից մեկը՝ Վահագն Ալեքսանյանն իր ելութներից մեկում լրագրողներին անվանել է «վերբալ մարմնավաճառներ»»,- նշում է Զարուհի Հովհաննիսյանը։

Իրավապաշտպանը ցավալի է համարում այն փաստը, որ Հայաստանում չկա լրագրողների նկատամբ բռնության, սեքսիզմի, տարբեր տիպի խտրական դրսևորումների վերաբերյալ որևէ նախադեպ, երբ քաղաքական գործիչը կամ ոստիկանը կամ այլ անձ, որը լրագրողի նկատմամբ թույլ է տվել նման վերաբերմունք, պատասխանատվության ենթարկվի։

Նա հավելում է, որ լրագրողական կազմակերպություններն այդքան էլ զգայուն չեն սեքսիզմի դրսևորումների նկատմամբ, խորապես չեն գիտակցում և պատկերացնում, թե այն ինչպիսի խորը ազդեցություն կարող է թողնել կնոջ կյանքի և մասնագիտական գործունեության վրա։

«Այս ամենը մշտապես մնում է անհետևանք և թույլ է տալիս, որ լրագրողները և հատկապես կին լրագրողները բացարձակ տոքսիկ միջավայրում իրենց գործունեությունն իրականացնեն, որը նաև վերահսկողական գործառույթ ունի պետական տարբեր մարմինների նկատմամբ»,- ընդգծում է Զարուհի Հովհաննիսյանը։

Զարուհի Հովհաննիսյանը դաշտը կարգավորելու և նման դեպքերն առավել լսելի դարձնելու համար լրագրողներին առաջարկում է․

  • Չանտեսել և չհանդուրժել բռնության, խտրական վերաբերմունքի որևէ դրսևորում։
  • Դիմել իրավապաշտպաններին՝ դեպքին հանրային հնչեղություն տալու և իրավունքների պաշտպանության համար։ Անհրաժեշտության դեպքում դիմել նաև Մարդու իրավունքների պաշտպանին։
  • Կին լրագրողները կարող են դիմել նաև «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիային»։
  • Սոցիալական մեդիաներում փոխել կարգավորումները՝ չթողնելով, որ ուղարկվեն ատելության խոսք կամ սպառնալիքներ։
  • Լինել համերաշխ գործընկեր կին լրագրողի նկատմամբ վերոնշյալ դրսևորումների դեպքում։

Մեկնաբանել