Ձերբակալվել են «Նոր Զովք»-ի սեփականատերը, տնօրենը ու ևս երկու անձ․ ՔԿ

«Նոր Զովք» ընկերությունում առերևույթ հանցավոր հարկային չարաշահումների վերաբերյալ վարույթով քրեական հետապնդում է հարուցվել սեփանակատիրոջ, տնօրենի և ևս երկու անձի նկատմամբ, նրանք ձերբակալվել են։

Քննչական կոմիտեն հայտնում է, որ հարկային չարաշահումն իրականացվել է տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ՝ իրացման շրջանառությունը խոշոր չափերով նվազ ցույց տալու միջոցով։

Նշվում է, որ «Նոր Զովք»-ի սեփականատերը տնօրենի և գլխավոր հաշվապահի հետ նախնական համաձայնությամբ, խոշոր չափերով՝ 4,1 մլրդ դրամ հարկեր չվճարելու նպատակով, 2019-2023թթ․ ընթացքում «Նոր Զովք» ընկերության հարկային հաշվարկներում մտցրել է խեղաթյուրված տվյալներ՝ թաքցնելով հարկման օբյեկտը։ Իրական եկամուտները թաքցնելու և նպատակով ներգրավվել է ծրագրային ապահովման ոլորտում գործունեություն իրականցնող ընկերություն։

«Մասնավորապես՝ «Նոր Զովք» ընկերության խանութների ցանցում ներդրվել է առևտրային ծրագիրը, որը համակցվել է թաքցված էլեկտրոնային սերվերային համակարգի։ «Նոր Զովք»-ի խանութների ցանցում ներդրված այդ ծրագրի և էլեկտրոնային սերվերային համակարգի գործարկման արդյունքում ընկերության իրացման իրական շրջանառությունը՝ վաճառված ապրանքների դիմաց փաստացի ստացված գումարը, իրական վաճառքների վերաբերյալ տեղեկատվությունը կուտակվել է էլեկտրոնային սերվերային համակարգում, իսկ կիրառված հանցավոր համակարգը քողարկելու նպատակով «Նոր Զովք» ընկերության խանութների ցանցից առևտուր իրականացնող գնորդներին տրամադրվել են արտաքին (առևտրային) ծրագրի միջոցով գեներացված, փաստացի վճարված գումարներին համապատասխան կտրոններ։ Արդյունքում՝ 2019-2023թթ․ ընթացքում ընկերության փաստացի իրացման շրջանառությունից հարկային մարմին ներկայացված նշված ժամանակահատվածի վերաբերյալ հաշվարկ-հաշվետվություններում պակաս է ցույց տրվել իրացման շրջանառությունը, որի հետևանքով չի հաշվարկվել և պետական բյուջե չի վճարվել 2,2 մլրդ դրամ ավելացված արժեքի հարկ և 1,9 մլր դրամ շահութահարկ»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել