Արցախի, Ադրբեջանի ներկայացուցիչների և ՌԴ խաղաղապահների միջև նոր հանդիպում է կայացել

Արցախի, Ադրբեջանի ներկայացուցիչների և ՌԴ խաղաղապահների միջև նոր հանդիպում է կայացել․ Sputnik Արմենիային հայտնել են ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունից։

Ըստ տեղեկության՝ հանդիպմանը քննարկվել է Լաչինի միջանցքով մեքենաների անխոչընդոտ անցումը վերականգնելու և միջանցքի նպատակային օգտագործման փաստը հաստատելու հարցը։

Տեղեկացվում է, որ կողմերը քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղ էլեկտրամատակարարման և գազի անխափան մատակարարման հարցերը։ Բացի այդ, հանդիպման շրջանակներում քննարկվել է երկու հանքավայրերում ադրբեջանական կողմի ներկայացուցիչների կողմից շրջակա միջավայրի մոնիտորինգի հնարավորությունը (խոսքը Դրմբոնի և Կաշենի մասին է – խմբ.)։

Պայմանավորվածություններ են ձեռք բերվել հետագա համագործակցության, լարվածության նվազեցման, տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման և ԼՂ հիմնախնդրի կարգավորման ուղիների որոնման շուրջ։

Հայկական կողմից հանդիպմանը մասնակցել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանը։

Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների նախորդ հանդիպումը տեղի է ունեցել փետրվարի 24-ին․ կողմերը պայմանավորվել են վերականգնել Հայաստանից Արցախ գնացող բարձրավոլտ էլեկտրագիծն ու գազամատակարարումը։ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպմանը պայմանավորվածություններ են ձեռք բերվել Հայաստանից Արցախը սնուցող բարձրավոլտ միակ էլեկտրագծի և գազամատակարարումը լիարժեք վերականգնելու վերաբերյալ:

Մեկնաբանել