Վարչապետը ներկա է գտնվել Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի բացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի բացման արարողությանը, հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Հուշարձայնը բացվել է Երևանում՝ Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից Մանկական այգու մուտքի մոտ: «Ազդեցություն և հակազդեցություն» կոչվող հուշարձանի հեղինակը քանդակագործ Ալբերտ Վարդանյանն է:

Բացման արարողությանը մասնակցել են նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը, զոհերի հարազատները:

Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է. «Մարտի 1-ն ամենևին էլ սգո օր չէ: Իհարկե, մենք սգում ենք զոհերի փաստը, ոգեկոչում ենք նրանց հիշատակը, բայց իրականում Մարտի 1-ը շատ ավելի լայն համատեքստ ունի և մարտի 1-ին զոհված մեր եղբայրների կյանքի, պայքարի խորհուրդը բոլորովին ուրիշ բանի մասին է: Իրականում 2008-ի Մարտի 1-ը ժողովրդավարության պակասի կամ բացակայության մասին է, ժողովրդի ազատ կամարտահայտությունը խոչընդոտելու, կոտրելու, դեֆորմացնելու, նրան արտահայտվելու և որոշումներ կայացնելու հնարավորությունից զրկելու մասին է: Մարտի 1-ի խորհուրդը հենց այսպես մենք պետք է ընկալենք: Եվ առնվազն այդ մասով Մարտի 1-ի պայքարը, զոհողությունները հասել են իրենց նպատակակետին, որովհետև այսօր Հայաստանում ընտրություններ կեղծելն արդեն իսկ շրջված էջ է, որին այլևս վերադարձ չի լինելու»։

Վարչապետի ելույթն ամբողջությամբ՝ այստեղ։

Մեկնաբանել