Բացառված է Ադրբեջանի հետ ինտեգրացիոն որևէ գործընթաց. Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահի գլխավորությամբ մարտի 1-ին տեղի է ունեցել կառավարության նիստ, որի ընթացքում Արայիկ Հարությունյանը ներկայացրել Արցախի նորանշանակ պետական նախարար Գուրգեն Ներսիսյանին։ Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։

Հարությունյանը նշել է, որ պետնախարարն ունենալու է լիազորությունների լայն շրջանակ, նրա համակարգման տակ են գործելու բոլոր նախարարությունները՝ բացառությամբ արտաքին, պաշտպանության ու ներքին գործերի նախարարությունների։ Գուրգեն Ներսիսյանին է փոխանցվելու նաև Արցախի ներդրումային և գյուղի ու գյուղատնտեսության աջակցության հիմնադրամների հոգաբարձուների խորհուրդների նախագահությունը։

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակին՝ Արցախի նախագահն ասել է․ «Անկախ դժվարություններից և մեր նկատմամբ կիրառվող տարբեր ճնշումներից՝ մենք հավատարիմ ենք մնալու Արցախյան շարժման գաղափարներին և անկախության ճանապարհից հետնահանջի ոչ մի քայլ չի լինելու: Ամենայն պատասխանատվությամբ ուզում եմ հայտարարել, որ բացառված է Ադրբեջանի հետ ինտեգրացիոն որևէ գործընթաց: Սակայն դա չի նշանակում, որ մենք խուսափելու ենք շփումներից՝ ենթակառուցվածքային և հումանիտար բնույթի խնդիրներ լուծելու համար: Իսկ հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների համար, ինչպես հայտարարել եմ փետրվարի 23-ի իմ ուղերձում, անհրաժեշտ է ապահովել որոշակի պայմաններ ու միջազգային ձևաչափ»,- նշել է նա։

Մեկնաբանել