ԿԳՆ-ն անուղղակի պատասխանել է Նիկոլ Փաշինյանին

«Զանգվածային լրատվության որոշ միջոցների կողմից անդրադարձ է կատարվել ՀՀ կառավարության գործունեության ծրագրով նախատեսված առաջին դասարանցիներին համակարգիչներով ապահովելու ծրագրին: Այս առնչությամբ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հարկ է համարում տեղեկացնել, որ առաջին դասարանցիներին համակարգիչներ տրամադրելու ծրագիրը Հայաստանի հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրի կրթության ոլորտի դրույթներից է, որը որպես խիստ կարևոր և նորարարական առաջարկ, ներառվել է ՀՀ կառավարության գործունեության 2012-2017 թվականների ծրագրում:

ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից երբևէ չի հայտարարվել, որ ՀՀ դպրոցներ հաճախող առաջին դասարանցիներին համակարգիչներ հատկացնելու ծրագիրը մեկնարկելու է 2012-13 թթ. ուսումնական տարվանից:

Կառավարության ծրագրի կրթության ոլորտում նախատեսված աշխատանքներն իրականացման ընթացքում են և ՀՀ կրթությանն և գիտության նախարարության կողմից այդ մասին հանրությանը մշտապես տեղեկատվություն է ներկայացվում»,- տեղեկանում ենք ՀՀ ԿԳՆ պաշտոնական կայքից:

Հիշեցնենք, որ «ՀԱԿ» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը գրավոր դիմել էր ՀՀ ԿԳ նախարարին և ՀՀ վարչապետին` պահանջելով հստակեցնել առաջին դասարանցիներին համակարգիչներով ապահովելու ծրագրի գործարկման ժամկետը: «Ե՞րբ և ինչպես են 2012-13թթ. ուսումնական տարվա առաջին դասարանցիներին տրամադրվելու խոստացված անվճար համակարգիչները: Կարո՞ղ եք արդյոք երաշխավորել, որ 2012-13թթ. ուս տարվա առաջին դասարանցիները խոստացված համակարգիչները կստանան մինչև ձեր կառավարության՝ ՀՀ Սահմանադրության 55 հոդվածի 4) կետով նախատեսված հրաժարականը»,- նշել էր Փաշինյանը:

Մեկնաբանել