Ծառահատված Երևանը․ Նորքի անտառներ

Նորքի բարձունքում 1940-50-ականների կեսերից լայնածավալ անտառային հատված էր ձևավորվել՝ Երևանի ամենախոշոր անտառը կամ Երևանի «թոքերը»։ 1990-ականներին ցրտի խնդիրը լուծելու համար բնակչությունը սկսեց կտրել Նորքի անտառները, իսկ 2000-ականներին իշխանությունը որոշեց «կտրել» ու «մաս-մաս բաժանել» անտառի ընդհանուր տարածքի կեսը։

Նորքի անտառների տարածքը իշխանությունը մասնատեց 2004-ին։ Անդրանիկ Մարգարյանի ղեկավարած կառավարությունը հունիսի 3-ին կայացրեց 910-Ն որոշումը, ըստ որի՝ Երևանի Նորք-Մարաշ թաղային համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ անտառային նպատակային նշանակության հողերից առանձնացվեցին 46,5 հեկտար (465 000քմ) մակերեսով հողամասեր և ընդգրկվեցին բնակավայրերի նպատակային նշանակության դասակարգման մեջ: Նորք-Մարաշ թաղային համայնքի գոտիավորման նախագիծը հաստատվեց 2007-ի դեկտեմբերի 12-ին։ Անտառներից մնաց 56,7 հեկտարը։ Այստեղից էլ սկսվեց Նորքի անտառների նախկին լայնամասշտաբ տարածքի վաճառքը տարբեր անձանց ու ընկերությունների։

2019-ի նոյեմբերի 28-ին կառավարության նիստում շրջակա միջավայրի նախկին նախարար Էրիկ Գրիգորյանը հայտնել էր, որ Նորքի անտառը նախկինում ավելի մեծ է եղել, և դրա մի մասի գոտիավորումը փոխվել է և կառուցապատվել է։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, սակայն, հետևողական չեղավ անտառային տարածքների վերադարձման հարցում։

Ինչպես է գործել անտառային հատվածի օտարման սխեման

2002-2003-ին տարբեր անձինք, այդ թվում՝ իշխանության հետ փոխկապակցված, վարձակալության պայմանագրեր են կնքել «Հայանտառ» ՊՓԲԸ-ի հետ։ Պայմանագրերն, ըստ էության, ձևական բնույթ են կրել։ Վարձակալությունը, այսպես ասած, գնման իրավունքն էր։

Բոլորի հետ պայմանագրերը կնքվել են 10 տարով, հիմնականում գյուղատնտեսական նպատակով օգտագործելու համար էին տրամադրվում հողամասերը։ Կախված հողի մակերեսից՝ վարձավճարներն ամսական կազմում էին չնչին գումարներ՝ 1500-3000 դրամ։

2004-ին կառավարության 910-Ն որոշումից հետո տեսնում ենք այս պատմության «հաջորդ արարը»։ Վարձակալները դիմումներ են ուղարկում քաղաքապետարան՝ խնդրելով վաճառել վարձակալած հողատարածքները, իսկ քաղաքապետարանը բավարարում է դիմումները, և 2005-ի տարբեր օրերին լինում են 38-ից ավելի որոշումներ՝ վարձակալներին գնման նախապատվության իրավունք վերապահելու ու հողամասերը վաճառելու վերաբերյալ։

Վարձակալների ցանկում շատ էին պաշտոնյաների հետ փոխկապակցված անձինք։ Նրանցից մեկը Երևանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի հայրն էր՝ Հենրիկ Նազարյանը։ 2003-ին նրան վարձակալությամբ տրամադրվել էր 4000 քմ հողամաս, հետո օտարվել, սակայն հետագայում Նազարյանները վաճառել են այս տարածքը։

Վարձակալների շարքում է նաև Տիգրան Ղալումյանը․ նրան է տրամադրվել 1500քմ մակերեսով հողամաս։ Ղալումյանը Երևանի նախկին քաղաքապետ, այդ տարիներին Կենտրոնի թաղապետ Գագիկ Բեգլարյանի որդու՝ Հրանտ Բեգլարյանի շրջապատից է։ Նրան հանդիպում ենք «Կեչառիս» ՍՊԸ-ում։ 2006-ից հիմնադրված այս ընկերությունում Ղալումյանը 2008-ից ունի 50 տոկոս բաժնեմաս, մնացած բաժնեմասը պատկանում է Հրանտ Բեգլարյանին։

Պաշտպանության նախարարության հողատարածքները

Նորքի անտառների մասնատված մասից «իր բաժինն է» ստանում նաև պաշտպանության նախարարությունը։ 2006-ի մայիսի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը դիմել է Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանին՝ խնդրելով՝ «ՀՀ ՊՆ կարիքների համար տրամադրել 2․5 հեկտար տարածք՝ Նորք-Մարաշում բնակելի և հասարակական կառուցապատում իրականացնելու նպատակով»։ Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի 2006-ի հունիսի 12-ի 950-Ա որոշմամբ դիմումը բավարարվել է։ ՊՆ-ն պարտավորվում էր երկու տարվա ընթացքում սկսել շինարարական աշխատանքներ:

2006-ի հոկտեմբերի 30-ին, հաշվի առնելով ՊՆ-ի խնդրանքը, Երևանի քաղաքապետի 1753-Ա որոշմամբ՝ չեղյալ է համարվում հունիսի 12-ի որոշման դրույթներից մեկը, ըստ որի՝ լիազորվում էր Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի վարչության պետին ՀՀ քաղաքացիական օրենսրդրությամբ սահմանված կարգին համապատասխան կնքել հողամասի անհատույց (մշտական) օգտագործման պայմանագիր։

Հետագայում այս հողատարածքները հանվում են ՊՆ-ի հաշվեկշռից ու վաճառվում տարբեր անձանց։ ՊՆ-ի կարիքների համար բնակելի և հասարակական կառուցապատում այդպես էլ չի իրականացվում։

Նորքի անտառների մասնատման ստվերային կողմը

ՍիվիլՆեթին հաջողվեց զրուցել երկու գործարարի հետ, որոնք 2000-ականների սկզբին հողատարածք են գնել Նորքի այգիներից առանձնացված հատվածում, հետո վաճառել։

Մեր զրուցակիցներից մեկը հաստատեց տեղեկությունը, որ այստեղ տարածքներ է ունեցել նաև Երևանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի ընտանիքը։ Ըստ նրա՝ Նազարյանների տարածքը կազմել է մոտ 10 000 քմ (Սիվիլնեթը գտել է այս տարածքից 4000քմ-ի պայմանագրերը), ընդ որում՝ հենց ինքը Ներսես Նազարյանն էր ներկայանում որպես տարածքի սեփականատեր ու պայմանավորվում վաճառքի վերաբերյալ՝ քառակուսի մետրը 33 դոլարի սահմաններում։

Երկրորդ գործարարը հայտնեց, որ 2008-ին վերավաճառողներից գնել է 2000քմ տարածք՝ քառակուսի մետրը 120 դոլարով։

Ինչո՞ւ Նորքի անտառները կիսվեցին ու բաժանվեցին տարբեր անձանց, այդ թվում՝ պաշտոնյաների ու ընկերությունների միջև։ Մեր զրուցակիցները նույնաբովանդակ պատասխաններ տվեցին․ իշխանությունը պահելու համար տեղի էր ունեցել անտառային հատվածների բաժանում ու հատկացում տարբեր ազդեցիկ մարդկանց։

ՍիվիլՆեթն ուսումնասիրեց մի քանի տասնյակ փաստաթղթեր, արխիվային ու կադաստրային փաթեթներ և առանձնացրեց մեկ տասնյակը։

Նորքի անտառների մասնատված հատվածները՝ քարտեզով.

Սամվել Ալեքսանյանի մտերիմից՝ Գագիկ Խաչատրյանի եղբոր որդուն

Հովսեփյան 95ա հասցեի անշարժ գույքը՝ բաղկացած 203,8 քմ հասարակական տարածքից և դրա սպասարկման համար նախատեսված 0,9197 հա (9197քմ) հողամասից, տարբեր գործընթացների արդյունքում նախ հայտնվել է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի մտերիմ Էդգար Անտոնյանի, այնուհետև ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի եղբոր որդու՝ Արամ Խաչատրանի ձեռքում։

Կրկին նույն ձեռագիրն է այստեղ գործել. նախ տարածքը տրամադրվել է վարձակալության, այնուհետև օտարվել, իսկ սեփականատերը՝ տվյալ դեպքում քաղաքացի Քրիստինա Սիլչենկոն, 2004-ի հուլիսի 15-ին այն վաճառել է Էդգար Անտոնյանին՝ ընդամենը 10 հազար դոլարով։

Անտոնյանը Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող որոշ բիզնեսների կառավարիչն է եղել, մի մասի դեպքում առ այսօր այդ գործառույթն է կատարում։ Նրան տեսնում ենք «Մակալեքս», «Ալեքս Ալկո» և «Խոլորձ» ՍՊԸ-ներում։

2011-ի մարտի 16-ին Էդգար Անտոնյանն անշարժ գույքը վաճառել է Արամ Խաչատրյանին՝ 7,5 մլն դրամով։

Արամ Խաչատրյանը 2005-ից «Մեգա ֆուդ» ընկեության 100 տոկոս բաժնեմասի տերն է, «Յուքոմ»-ում նրա բաժնեմասը կազմել է 24 տոկոս, այսքանով նրա մասնակցությունը Գագիկ Խաչատրյանի ընտանիքի բիզնեսում չի ավարտվում։

Արամ Խաչատրյանը խոշոր անշարժ գույքի սեփականատեր է, մասնավորապես, տեղեկանքներից մեկում տեսնում ենք, որ նրան են պատկանել Երևանի կենտրոնում կաթսայատներ, ավտոտնակ, բնակարան և այլ անշարժ գույքեր։

2016-ին Արամ Խաչատրյանը բանկում կնքել է անշարժ գույքի գրավի (հիփոթեքի) պայմանագիր, գրավ է դրել Նորքի՝ իր անշարժ գույքը, բայց որպես պարտապան հանդես է եկել «Այյունեթվորքս» ՍՊԸ-ն։ Համագործակցության գումարը կազմել է 4 մլրդ 800 մլն դրամ, ժամկետը մինչև 2023-ի նոյեմբերը։ 2008-ին այս ընկերությունը հիմնադրել է Գագիկ Խաչատրյանի հորեղբոր որդին՝ Հայկ Խաչատրյանը, 2016-ից, սակայն, Խաչատրյանը վաճառել է իր բաժնեմասը։ 2016-ի վերջին Արամ Խաչատրյանը կնքել է գրավի մեկ այլ պայմանագիր, այս անգամ պարտապանը «Յուքոմ»-ն էր։

2020-ի մարտին Արամ Խաչատրյանի գույքի վրա կալանք է դրվել՝ ԱԱԾ-ում քննվող գործի շրջանակներում։ 2022-ի հուլիսի 21-ին նրա անշարժ գույքի վրա դրված արգելանքները հանվել են։

Սամվել Ալեքսանյանի քրոջ ամուսնու ընկերությունը՝ հողատարածքի սեփականատեր

Նորքում 4000քմ մակերեսով հողամաս ունի «Ասաշին» ՍՊԸ-ն։ Ընկերությունը հիմնադրվել է 2020-ի հուլիսին, իսկ 2022-ին գնել է վերոնշյալ տարածքը, որը ներկայում գրավադրված է բանկում։

Ընկերության սեփականատերը Ասատուր Ասատրյանն է։ Նա ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի քրոջ ամուսինն է։

Ասատուր Ասատրյանը 2003-ից 99,9 տոկոս բաժնեմաս ունի «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ում։ Այստեղ, ըստ ամենայնի, սիմվոլիկ 0,0002 տոկոս բաժնեմաս է գրանցված նաև Ալեքսանյանի կնոջ՝ Շողեր Մկրտչյանի անվամբ։ Ասատրյանը «Նատալի հոլդինգ» ՍՊԸ-ի միակ բաժնետերն է, իսկ 2011-ին հիմադրված ու 2017-ին լուծարված «Նեֆրա-մեդ» ընկերությունում Ասատրյանին էր պատկանում բաժնեմասերի 50 տոկոսը, 20-ը՝ Շիրակի մարզի նախկին ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանի որդուն՝ Ռուբեն Բաբակեխյանին, իսկ 30 տոկոսը՝ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին։

Լևոն Մկրտչյանի եղբոր՝ Վահագն Մկրտչյանի առանձնատունը

2003-ին Երևանի քաղաքացի Լենա Շագոյանը «Հայանտառ» ՊՓԲԸ-ի հետ վարձակալության պայմանագիր է կնքել, որի համաձայն 10 տարով քաղաքացուն է տրամադրվել անտառապետության տարածքից 0,24 հա (2400քմ) «անօգտագործելի հողատարածությունը»։ Տարեկան վարձավճարը կազմել է ընդամենը 28 800 դրամ, այսինքն՝ ամսական 2 400 դրամ։

2004-ի կառավարության որոշումից հետո՝ 2005-ին, 76-ամյա Լենա Շագոյանը տարածքը գնել է քաղաքապետարանից՝ 31,7 մլն դրամով, իսկ օտարումից օրեր անց՝ մայիսի 17-ին՝ վաճառել ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար, այդ ժամանակ պատգամավոր Լևոն Մկրտչյանի եղբայր Վահագն Մկրտչյանին՝ մի փոքր պակաս գումարով՝ 31,5 մլն դրամով, որն այդ ժամանակ համարժեք էր 70 հազար դոլարի։

Տարածքը գնելուց կարճ ժամանակ անց Վահագն Մկրտչյանը սկսել է առանձնատան կառուցման աշխատանքները։ Արձանագրենք, որ Վահագն Մկրտչյանը գործարար է, նա նաև բաժնեմասեր է ունեցել «Վալեմ» ՍՊԸ-ում ու այլ ընկերությունում։ Ներկայում Մկրտչյանին է պատկանում «Արմենիա վայն» գործարանի բաժնեմասերի 30,4 տոկոսը։

Նորք-Մարաշի թաղապետարանի աշխատակիցը՝ հողատարածքի սեփականատեր

«Ասաշին»-ի հողատարածքից մի փոքր հեռու գտնվում է Հայկազ Հակոբյանի տարածքը՝ 1118քմ մակերեսով։ 1955-ին ծնված Հայկազ Հակոբյանը, իրականում, պատահական մարդ չէ, նա նախկինում աշխատել է նույն Նորք-Մարաշի թաղապետարանում։ Քաղաքապետարանից ստացած տեղեկատվության համաձայն Հայկազ Հակոբյանը 2003-2016-ը եղել է Նորք-Մարաշ համայնքի ղեկավարի կոմունալ տնտեսության և բարեկարգման բաժնի պետը։ Մեր տեղեկությամբ՝ նա նաև բարեկամական կապի մեջ է եղել այդ ժամանակ պաշտոնավարած թաղապետի հետ։

2010-ի հունվարի 25-ին մի կողմից Երևանի քաղաքապետարանն ի դեմս քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի, մյուս կողմից Հայկազ Հակոբյանը կնքել են հողամասի ուղղակի վաճառքի պայմանագիր։ Գ. Հովսեփյան 50-ի 947,59քմ մակերեսով հողամասը Հակոբյանը ձեռք է բերել 10,1 մլն դրամով, քառակուսի մետրը՝ 10,7 հազար դրամով: Գումարը վճարվել է կանխիկ եղանակով։ Այս պայմանագիրը կնքվել է Բեգլարյանի ավելի վաղ՝ 2009-ի դեկտեմբերի 18-ին կայացրած որոշման հիման վրա, ըստ որի՝ բացի վերոնշյալ տարածքի օտարումից, 300քմ հողամաս է անհատույց փոխանցվել Հակոբյանին, քանի որ նա մինչ այդ նշված տարածքում կիսակառույց շինություն ուներ։

Հետագայում Հակոբյանը հողատարածքից կտոր է վաճառել ավելի թանկ գնով։ 2011-ին 0,0129 հա (129քմ) մակերեսով հողամասը Հակոբյանը վաճառել է 6 մլն 750 հազար դրամով, այսինքն՝ քառակուսի մետրը 52 հազար դրամով՝ 5 անգամ թանկ, քան գնել էր մեկ տարի առաջ։

2020-ի հունիսին Հայկազ Հակոբյանը 1118քմ մակերեսով իր հողատարածքը գրավ է դրել, բայց որպես վարկառու է հանդիսացել «Էն շին» ՍՊԸ-ն: Ըստ պայմանագրի՝ գրավի առարկայի իրացվելիք արժեքը գնահատվել է 72,3 մլն դրամ։ 2022-ին լիզինգի պայմանագիր է կնքվել։

Հակոբյանը 2018-2020-ը եղել է «Ավտոճանապարհային մեքենաներ» ՓԲԸ-ի տնօրենը։ Այս ընկերության ղեկավարի պաշտոնը նախքան Հակոբյանը զբաղեցրել է Էջմիածնի ավագանու նախկին անդամ Յուրիյ Գևորգյանը, որը մտերիմ հարաբերությունների մեջ էր ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի հետ:

«Բագկար» հայ-ռուսական համատեղ ձեռնարկության տարածքը

2006-ին բնակավայրերի կամ հասարակական կառուցապատման նպատակով 2399քմ տարածք է ձեռք բերել «Բագկար» հայ-ռուսական համատեղ ձեռնարկություն ՍՊԸ-ն։ Այս ընկերությունը հիմնադրվել է 2000-ին։ Ընկերության 99 տոկոսը 2004-2015-ին պատկանել է «Մակկոնի» ասոցիացիային, որի միակ բաժնետերը մոսկվայաբնակ Մակար Նահապետյանն է։ Նա 2000-ականների սկզբից բավականին սերտ կապեր էր ձևավորել ինչպես Ռոբերտ Քոչարյանի, այնպես էլ Սերժ Սարգսյանի իշխանության հետ։ Եղել է Մոսկվայում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչության ղեկավարը։ 2013-ին նա զբաղեցնում էր նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցության միջկառավարական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը։

2022-ի հունվարին Մակար Նահապետյանի մասնակցությամբ միջադեպ էր տեղի ունեցել Մոսկվայում ՀՀ դեսպանատանը։ Ըստ հրապարակումների՝ նա հայհոյել էր լրագրող Նաիրա Բաղդասարյանին, որը ավելի վաղ իր վերաբերյալ հետաքննական հոդված էր հրապարակել։

Կանադացի գործարար Վրեժ Արմոյանի տարածքը

2020-ի հուլիսին Նորքի անտառների առանձնացված հատվածի ստորին մասում շուրջ 2000քմ տարածք է ձեռք բերել կանադահայ գործարար Վրեժ Արմոյանը։ 2013-ին կանադական CBC-ն գրել էր, որ Արմոյանը դատապարտվել էր 4 տարվա ազատազրկման, քանի որ չէր կատարել ամուսնալուծությունից հետո երեխայի հանդեպ ֆինանսական պարտավորությունները։ Ըստ СBС-ի Արմոյանը բանտախուցը չի տեսնի, քանի որ լքել է երկիրը։

Արմոյանին պատկանող «Ռուվեր ռիելթի» ընկերությունը նույն մակերեսի մեկ այլ հողատարածք ունի այս հատվածում։ Այս ընկերությունը Արմոյանը հիմնադրել է 2020-ի հունիսին։ Նա 60 տոկոս բաժնեմաս ունի նաև 2017-ին հիմնադրված «Սքայ էներջի» ՍՊԸ-ում։ Հիմնադրման տարում Արմոյանը ընկերության 60 տոկոսի սեփականատերն էր, 20 տոկոսը պատկանում է Շահե Չերքեզյանին, իսկ մնացած 20-ը՝ Տավուշի նախկին մարզպետ Հայկ Չոբանյանին։ Վերջինս, սակայն, 2018-ի մայիսին վաճառել է իր բաժնեմասը Շահե Չերքեզյանին։

«Վեմ ինվեստ» և Սևակ Արծրունի

Մոտ 1000քմ մակերեսով տարածք (առկա է նաև շենք) պատկանում է «Վեմ ինվեստ» ՍՊԸ-ին։ Անշարժ գույքը սեփականություն է գրանցվել 2020-ի հունիսին։ Այս ընկերությունում 50 տոկոս բաժնեմաս ունի Սևակ Արզարունին (Արծրունի), մյուս կեսը պատկանում է Անուշավան Նազարիյանին։ Արծրունին նաև ընկերության տնօրենն է։ 2021-ին արգելանք է դրվել նրան պատկանող բաժնեմասի վրա։ Նույն Արծրունին 50 տոկոս բաժնեմաս ունի «Ամուր Քնստրաքշնս» ՍՊԸ-ում։ Այս ընկերության նկատմամբ սահմանափակումներ են կիրառված։ Ընկերության կեսը պատկանում է Լոնդոնում գրանցված «Մուլտիկոնտինենտալ Դիստրիբյուշն լիմիթեդ» ընկերությանը, որը հայտնի է նախ և առաջ «Հին Երևան» կառուցապատման ներդրումային ծրագրից։ 2014-ին քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն ու ընկերության ներկայացուցիչը ստորագրեցին ներդրումային ծրագիրը։ Այդ ժամանակ «Հետք»-ը պարզել էր, որ ընկերության թիկունքում կանգնած է Վարտան Սիրմաքեսը (Վարդան Սըրմաքեշ)։

Նախորդ տարվանից «Ամուր Քնստրաքշնս» ՍՊԸ-ն սնանկ ճանաչելու երկու հայց է քննվել դատարանում։ Դրանցից մեկով վճիռը կայացվել է այս տարվա հունվարին, դատարանը որոշել է մերժել «Անքրաժ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված դիմումը՝ «Ամուր Քնստրաքշնս» ՍՊԸ-ին սնանկ ճանաչելու պահանջի մասին։ Բացի այդ, «Կաէռ Քնսթրաքշն» ՍՊԸ-ն է նույն պահանջով դիմել, վճիռ դեռևս չի կայացվել։

2018-ի «Թավշյա հեղափոխությունից» հետո Սևակ Արծրունին ակտիվ գործունեություն էր ծավալում «Կառուցիր Հայաստան» ծրագրի շրջանակներում։ Այստեղ կրկին մենք հանդիպում ենք Վարդան Սըրմաքեշին, ըստ հրապարակված տեղեկության՝ նա «Կառուցիր Հայաստան» հիմնադրամի համահիմնադիրն էր ու հոգաբարձուների խորհրդի նախագահը։

Այս շարքի հաջորդ մասերում ՍիվիլՆեթը կներկայացնի Երևանի այգիներից որոշներում վարձակալության գործընթացը։

Մեկնաբանել