Կառավարությունը հավանություն է տալու Արագածի հարավային գագաթի վրա ներդրումային ծրագրին

Կառավարությունը որոշել է հավանություն տալ Արագածի հարավային գագաթին լեռնադահուկային, էկո-գյուղատնտեսական կենտրոն ստեղծելու ներդրումային ծրագրին, որը ներկայացրել է «Ռիդ» ընկերությունը։

Վերջին 3 տարիներին Արագածի հարավային գագաթի հարևանությամբ ներդրումային ծրագիր իրականացնելու հարցը կռվախնձոր էր դարձել երկու ներդրողների՝ ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Գրիգորյանին պատկանող «Ռիդ» ընկերության և Լիոնում Հայաստանի նախկին հյուպատոս Նիկոլայ Սարկիսովին պատկանող «Արագեյթ ինվեսթմենթս» ընկերության միջև։ «Արագեյթ ինվեսթմենթս»-ի տնօրենը վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն Գասպարյանն էր։

Երկու ընկերություններն էլ միանման ներդրումային ծրագրեր էին ներկայացրել։ «Արագեյթ ինվեսթմենթսը» ֆրանսիական երկու ընկերությունների՝ MDP consulting and engineering և Société des 3 Vallées (այս ընկերությունը կառավարվում է Ֆրանսիայի Քուրշեվել հանգստավայրի կառավարիչների կողմից) ընկերությունների հետ մտադիր էր կառուցել լեռնադահուկային հանգստավայր, որը կգործեր 4 սեզոններին, կունենար ճոպանուղի, 125 կիլոմետր դահուկուղիներ, զիփլայն, խանութներ, լեռնային ռեստորաններ ու հյուրատներ։ «Ռիդ»-ը իր հերթին Վարդենուտ և Արագած գյուղերի մոտակայքում մտադիր է կառուցել 3oo հատ ֆերմերային տնտեսություններ՝ յուրաքանչյուրը 1500-2000 քառակուսի մետր մակերեսով։ Նախատեսում են նաև կառուցել արևային և քամու էլեկտրակայաններ, 2,25 միլիոն խորանարդ մետր ծավալով ջրամբար, լեռանդահուկային համալիր։ Երկու ընկերությունների ներկայացրած հայտերը քանի որ միանման էին, կառավարությունը որոշեց ստեղծել հանձնաժողով ու գնահատել, թե երկու ներդրումային ծրագրերից որն է առաջնահերթ և ի վերջո նախապատվությունը տրվեց «Ռիդ»-ի ծրագրին։

Մարտի 2-ի կառավարության նիստում ներառված է «Ռիդ»-ի ծրագրին հավանություն տալու և ընկերությանն ուղղակի վաճառքի ձևով հողամասեր օտարելու հարցը։ Ըստ որոշման հիմնավորման՝ նախատեսվում է հիմնել 300 փոքր ֆերմաներ, որտեղ պետք է ներգրավվեն երիտասարդ ընտանիքներ, նախաձեռնվեն համապատասխան ուսուցման ծրագրեր։ «Ռիդ»-ի կողմից ստեղծվելու է նաև 30 կիլոմետրանոց սահուղի, ճոպանուղի, պլանավորվում է, որ կստեղծվեն ավելի քան 1100 աշխատատեղեր։ «Ռիդ»-ը կառավարությանը տեղեկացրել է, որ առաջիկա 5 տարիների համար կատարելու է 93 միլիարդ դրամի ներդրումներ։

«Ռիդ»-ի կողմից իրականացվելիք ծրագրի ընթացքում անհրաժեշտ է լինելու նաև հանրային գերակա շահ ճանաչել որոշ քաղաքացիներին պատկանող անշարժ գույքը։

Մեկնաբանել