Մարտի 2-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագոտի, շրջել մարտական դիրքերում:
«Մարտական հերթապահություն իրականացնող զորամասի հրամանատարը ներկայացրել է իրադրությունն առաջնագծում: Զորամիավորման հրամանատարը պաշտպանության նախարարին զեկուցել է սահմանագոտու երկայնքով իրականացված լայնածավալ ինժեներական, ամրաշինական աշխատանքների վերաբերյալ»,- հայտնում են պաշտպանության նախարարությունից։
Ավելի ուշ պաշտպանության նախարարն այցելել է զորամասի ենթակա ստորաբաժանումներից մեկի համար նոր կառուցված մշտական տեղակայման վայր, շրջել շինհրապարակում, հետևել կառուցապատման աշխատանքներին: Նշվում է, որ զորամասն ապահովված է լինելու հարմարավետ զորանոցներով, շտաբային, թիկունքային, ճաշարանային շենք-շինություններով, առանձին նշանակության ենթակառույցներով:
«Սուրեն Պապիկյանը շինարարության պատասխանատուներին հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել շինությունների անվտանգային նորմերին, ռազմական տեխնիկայի և սպառազինության պահման վայրերին, ինչպես նաև խստորեն պահել շենքերի ամրաշինական չափորոշիչները»,- ասված է հաղորդագրությունում։
Զորամասը նախատեսվում է շահագործման հանձնել այս տարվա երկրորդ կեսին։