MAN ավտոբուսները երթուղի չմտան. Ավինյանի հայտարարության հետքերով

Անի Գրիգորյան, #CivilNetCheck

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ նոր ձեռքբերված MAN ավտոբուսները դուրս կգան երթուղի մարտի 1-ից։ Մարտի 1-ն անցավ, MAN-երը դեռ չկան։

Ավինյանը ավտոբուսների՝ մարտի 1-ից երթուղի դուրս գալու մասին գրել էր իր ֆեյսբուքյան էջում հունվարի 18-ին, երբ Եվրամիության դեսպանի և այլոց հետ «փորձնական երթուղով փորձարկել էին նոր ավտոբուսի հարմարավետությունը Երևանի փողոցներում»:

«Իսկ մարտի 1-ից արդեն մեր քաղաքացիներն իրենք կգնահատեն երթուղի դուրս եկող MAN ավտոբուսները»,- գրել էր փոխքաղաքապետը։

Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը #CivilNetCheck-ի հետ զրույցում հայտնեց, որ MAN ավտոբուսները ամենայն հավանականությամբ երթուղի դուրս կգան հունիսին։

Թե ինչու Ավինյանի նշած ժամկետը չի պահպանվել, Սարդարյանը հայտնեց, որ տեխնիկական խնդիր է եղել, սակայն չմանրամասնեց՝ հորդորելով հարցում ուղարկել։

Հանրային հեռուստաընկերության հունվարի 10-ի ռեպորտաժում ևս նշվում էր, որ գերմանական MAN ավտոբուսները երթուղի դուրս կգան նախատեսվածից շուտ՝ գարնանը։ Ռեպորտաժում Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հայտնում էր, որ նախատեսված 87 ավտուբուսները Հայաստանում կլինեն մինչև հունվարի վերջ։

Գերմանական 12-մետրանոց MAN ավտոբուսների ձեռքբերման մասին հայտարարվել էր 2022-ի մայիսին։

ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմն ավելի վաղ անդրադարձել էր Երևանի քաղաքապետարանի՝ տրանսպորտի ոլորտում խոստացված ծրագրերի, դրանց ուշացման կամ չիրականացման մասին։

Քաղաքապետարանից հետաքրքվել ենք նաև, թե երբ երթուղի դուրս կգան 8,6 մետրանոց «Jhong Tong» ավտոբուսների նոր խմբաքանակը։ Պնդում են, որ դրանք Երևանի փողոցներում կլինեն ապրիլի 1-ից (խաբելու օրը 🙂)։

Մեկնաբանել