Կառավարությունը մետրոյի նոր կայարանի նախագծման համար 1,1 մլրդ դրամ է հատկացրել

yerevan metro

Կառավարությունն Աջափնյակում մետրոյի կայարանի շինարարության նախագծման աշխատանքների համար 1,1 մլրդ դրամ է հատկացրել: Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության մարտի 2-ի նիստի ընթացքում։

«Աշխատանքները բաղկացած են 3 փուլից: Արդեն առաջին փուլն իրականացվել է, աշխատանքները գտնվում են ընթացքի մեջ, կարիք կա հաջորդ փուլերի համար վճարելու նախագծող ընկերությանը»,- ասել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ նախագծման առաջին փուլն ավարտվել է և նախնական հաշվարկներով Աջափնյակի կայարանի շինարարությունը տևելու է 48 ամիս, կայարանի ընդհանուր երկարությունը լինելու է շուրջ 1.5 կմ, շինարարությունը ենթադրում է նաև մետրոկամուրջ: Ըստ Տիգրան Ավինյանի, երկրորդ փուլն ավարտվելուց հետո և նախագիծն ունենալուն պես, այն կուղարկվի փորձաքննության և տարվա վերջում կլինի վերջնական նախագիծը:

«Գիտեք, նաև քննարկել ենք Փեթակի հատվածում գտնվող տարածքում ևս մի կայարան ստեղծելու հարցը, իսկ Աջափնյակի կայարանի կառուցումից հետո, ամենայն հավանականությամբ մետրոն այդ նույն գծով շարունակվելու է: Պոտենցիալ երկու ուղղություններ կան, մեկը դեպի Դավթաշենի ուղղությունն է, մեկը դեպի Աջափնյակ վարչական շրջանի խորքն է: Քաղաքապետարանն առաջարկելու է մետրոյի շարունակական զարգացման ծրագիր, որ մենք ամեն տարի ունենանք նոր կայարանների բացման ուղղությամբ կատարվող աշխատանքներ, և իրականում, երևի թե, սա ամենաարդյունավետ ներդրումներից մեկն է մեր ենթակառուցվածքներում»,- ասել է փոխքաղաքապետը:

Մեկնաբանել