«Նոր Զովք»-ի քրեական գործ․ ո՞ւմ է ձեռնտու

Մարտի 1-ի երեկոյան դատարանը բավարարել է քննչական կոմիտեի միջնորդությունն ու կալանավորել «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցի սեփականատիրոջը, ընկերության տնօրենին, գլխավոր հաշվապահին, ինչպես նաև քիչ հարկեր վճարելու համար նրանց օժանդակած տեխնոլոգիական-ծրագրային ընկերության սեփականատիրոջը։

Ավելի վաղ քննչական կոմիտեն ու պետեկամուտների կոմիտեն հաղորդել էին, որ «Նոր Զովք»-ը տեղեկատվական տեխնոլոգիաների հատուկ ծրագրային ապահովման կիրառման միջոցով իրացման շրջանառությունը նվազ է ներկայացրել ու խուսափել առանձնապես խոշոր չափերով հարկերի վճարումից։

«Նոր Զովք»-ի սեփականատերը գործարար Արամ Արամյանն է։ Նա Հայաստանում իր բիզնես գործունեությունը սկսել է 90-ականներից, 2001-ին հիմնադրել «Նոր Զովք»-ը, որն այժմ Երևանում ունի 29 սուպերմարկետներ։ Արամ Արամյանը Սերժ Սարգսյանի նախկին խորհրդական Մեսրոպ քահանա Արամյանի եղբայրն է։

Պետեկամուտների կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ 2019-2023 թթ. ընթացքում «Նոր Զովք»-ը բյուջե պակաս է վճարել ավելի քան 4,1 միլիարդ դրամ։ Ընկերությունը իրավապահների գործողությունները մեկնաբանել էր որպես շահագրգիռ մասնավոր սուբյեկտների կողմից հնարավոր ուղղորդում՝ ակնարկելով, որ սուպերմարկետների շուկայում «Նոր Զովք»-ի դիրքերը թուլացնելու մտադրություն կա։

Ընկերությունն իր հաղորդագրությունում նաև ներկայացրել էր այլ սուպերմարկետների ցանցի հետ մրցակցության մի դրվագ. «Նոր Զովք» ընկերությունը Նոր Նորքի տարածքում նոր սուպերմարկետ հիմնեց, որից անմիջապես հետո բազմաթիվ տարօրինակ իրադարձություններ սկսեցին, որոնք ուղղված էին այդ սուպերմարկետի գործունեության խոչընդոտմանը՝ ընդհուպ դիմակավորված անձինք գիշերով կտրեցին սուպերմարկետի չիլերի խողովակը, որպեսզի դադարեցվի աշխատանքը»,- ասվում էր հաղորդագրությունում։ «Նոր Զովք»-ը հայտնել էր նաև, որ դիմել են իրավապահներին՝ ընկերության հաշվապահական հաշվառման վարումն ապահովող սերվերը ոչ թե առգրավելու, այլ սերվերի տվյալները պատճենելու միջնորդությամբ, որը մերժվել է։ Չվճարած հարկերի տվյալներն էլ, ըստ «Նոր Զովք»-ի, «հաշվարկված են ենթադրությունների հիման վրա»։

Պետեկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը արձագանքելով շուկայում մրցակցությունը խաթարելու մասին «Նոր Զովք»-ի հայտնած կասկածներին, ասում է՝ պետք է հասկանալ, թե ինչի՞ մեջ է ընկերությունը մեղադրում պետությանը։ «Հայտնաբերվել է թաքցված սերվերը, վերականգնվել է կամ գրեթե լիովին վերականգնվել է գրեթե ամբողջ հաշվապահությունը։ Իսկ մրցակից ընկերությունը ի՞նչ է արել։ Իհարկե, եթե մրցակիցներից որևէ մեկի մոտ նման խնդիր լիներ, միանշանակ դրան էլ կանդրադառնայինք»,- ասաց նա։

Բադասյանը պատմեց, որ տարիներ առաջ «Նոր Զովք»-ում արձանագրվել է նման խնդիր ու ՊԵԿ բողոքարկման հաննձաժողովը կոչ է արել վերացնել այդ վարքագիծը, իսկ 2 տարի առաջ էլ հոլովակով ներկայացվել է, որ ՊԵԿ-ը տեղյակ է ծրագրային ապահովումների մասին ու հետևում են։ Եթե ինչպես պաշտոնական հաղորդագրություններում է նշվում, դեռ 2019-ից է տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ ընկերությունը սկսել նվազեցնել հարկերը, ինչո՞ւ է դեպքը հայտանբերվել միայն 2023-ին։ ՊԵԿ նախագահը պատասխանում է՝ նախորդ տարիներին ՊԵԿ բողոքարկման հանձնաժողովում քննարկվել է ծրագրային ապահովման միջոցով խախտումների հարցը, բացի այդ, ասվել է՝ փոխանցեք «Նոր Զովք»-ի մենեջմենթին, որ սա խնդիր է. «Իսկ ո՞վ ասաց, որ մենք սկզբից պիտի լինենք պատժիչ մարմին, այլ ոչ թե հորդորենք վերացնել խախտումները»,- նշեց նա։

Սուպերմարկետների շուկայում մրցակցության հարցի մասին խոսելով Բադասյանն ասաց՝ եթե «Նոր Զովք»-ն ունի հակամրցակցային գործողությունների մասին տվյալներ, կարող է դրանք տրամադրել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին։

Մեկնաբանել