Շրջափակման բնապահպանական կեղծ շարժառիթը՝ ադրբեջանցի լրագրողի աչքով

Բաշիր Կիտաչաև, OC Media

Գրեթե երեք ամիս առաջ բնապահպան ակտիվիստներ ներկայացող ադրբեջանցիները փակեցին Լաչինի միջանցքը: Սակայն նրանց բնապահպանական ձգտումները հեռու են համոզիչ լինելուց, և ավելի ու ավելի շատ ապացույցներ են ի հայտ գալիս, որոնք ցույց են տալիս, որ այդ մարդիկ ուղարկվել են Ադրբեջանի կառավարության կողմից և ստանում են կառավարության աջակցությունը։

Աջակցել մեզ

2022 թ․ դեկտեմբերի 12-ի առավոտյան մի խումբ ադրբեջանցիներ, որոնք բնապահպանական ակտիվիստ էին ներկայանում, փակեցին Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող ճանապարհը։

Նրանց բողոքի ենթադրյալ հիմքը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող «ապօրինի հանքարդյունաբերությունն» էր, իսկ պահանջը՝ ադրբեջանցի մասնագետներին թույլ տալ, որպեսզի մուտք գործեն Դամիրլիի (Կաշեն) ոսկու հանք։

Նրանք պնդում էին, որ ձեռնարկությունն ապօրինի կերպով ոսկի է արդյունահանում Հայաստան արտահանելու համար՝ ռուս խաղաղապահների աջակցությամբ։ Նրանք, սակայն, պնդում էին, որ բողոքի հիմնական մտահոգությունն ու պատճառը հանքարդյունաբերության ենթադրյալ բնապահպանական ազդեցությունն է:

Ադրբեջանի իշխանությունները պնդում են, որ ցուցարարներն անկախ են իրենց գործողություններում, օգտագործում են քաղաքացիական անհնազանդության ու հրապարակայնորեն արտահայտվելու իրենց իրավունքը և կապ չունեն կառավարության հետ:

Բայց հենց սկզբից էլ ակնհայտ նշաններ կային, որ դա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը:

Այս ամիսների ընթացքում, երբ Լեռնային Ղարաբաղը գտնվում է շրջափակման մեջ, և հումանիտար ճգնաժամն այնտեղ խորացել է, կուտակվել են մի շարք փաստեր, որոնք ապացուցում են, որ այս «բողոքը» ամբողջությամբ կազմակերպել է Ադրբեջանի կառավարությունը։

Նախ՝ բողոքի ակցիայի վայր հասնելու համար ցուցարարները պետք է անցնեին Լեռնային Ղարաբաղի Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներով. մի բան, որը հնարավոր է անել միայն Ադրբեջանի իշխանությունների պաշտոնական թույլտվությամբ։

Նաև շրջափակման ողջ ընթացքում լավ հոգ է տարվել ենթադրյալ էկոակտիվիստների նկատմամբ:

Միջանցքի մուտքի մոտ հավաքվածներին ժամանման իսկ օրվանից տրամադրվել են վրաններ և սնունդ, իսկ ադրբեջանական հատուկջոկատայիններն ու ոստիկաններն ապահովել են նրանց պաշտպանությունը։

Ակտիվիստներին նույնիսկ հնարավորություն է տրվում իրենց բաժին գործն անելուց հետո վերադառնալ տուն. առ այսօր ցուցարարներին պարբերաբար փոխարինում են մարդկանց նոր խմբեր, որոնց միջանցքի մուտքի մոտ են բերում հատուկ ավտոբուսներով։

Բողոքի ակցիան ընթանում է ճիշտ այնպես, ինչպես կցանկանար Բաքուն, և դա ակնհայտ է դարձնում այն, որ ոմանց թույլ են տալիս գնալ բողոքի ակցիայի վայր, իսկ ոմանց՝ ոչ:

Թեև իշխանամետ լրատվամիջոցների լրագրողները պարտադիր կերպով ներկա են եղել բողոքի ակցիային, անկախ ակտիվիստներին և լրագրողներին արգելվել է դրան մասնակցել:

Բողոքի ակցիայի մեկնարկից երկու օր անց, երբ ադրբեջանական անկախ լրատվամիջոց Meydan հեռուստաալիքի երեք լրագրողներ փորձել էին ավտոմեքենայով հասնել բողոքի ակցիայի վայր, քաղաքացիական հագուստով և դիմակներով անհայտ անձինք ձերբակալել էին նրանց, այնուհետև ստիպել, որպեսզի վերադառնան Բաքու:

Իշխանամետ լրատվամիջոցները պնդում են, որ ցույցի սկսվելուց որոշ ժամանակ անց արտերկրից լրագրողներին թույլ են տվել այցելել բողոքի ակցիայի վայր, սակայն դա արվել է միայն խիստ հսկողության պայմաններում։

Մինչ Ադրբեջանի կառավարությունը շարունակում է հերքել, թե ճանապարհն ընդհանրապես փակված է, շրջափակումն առաջ տանող բողոքի ակցիան ընթանում է իր պայմաններով, նպատակ ունենալով հասնել իր նպատակներին և, որն ավելի ու ավելի է մտահոգիչ, ակցիան ընթանում է իր ժամանակացույցով:

«Շոուի մասնակիցներ»

Հենց սկզբից էլ բողոքի ակցիան ազգայնական և հայրենասիրական բնույթ ուներ՝ չնայած հայտարարված բնապահպանական սկզբունքներին:

Դա ակնհայտ երևում էր պետական դրոշների առատությունից և ցուցարարների կողմից վանկարկվող ազգայնական կարգախոսներից, ինչպիսիք են՝ «Նահատակները չեն մահանում», «Հայրենիքն անբաժան է», «Ղարաբաղը Ադրբեջան է»։

Նրանց վերաբերմունքը բողոքի ակցիայի վայրին մոտ գտնվող և ինքնաձիգներով զինված ադրբեջանական հատուկ ջոկատայինների ու ոստիկանների նկատմամբ նույնպես հստակ ցույց տվեց, որ նրանց գործողությունների հիմքում ընկած է կառավարամետ ազգայնականությունը: «Էկոակտիվիստները» հետևողականորեն յուրաքանչյուր օրն սկսել են ազգային օրհներգը երգելով, իսկ պահակախմբի հերթափոխին դիմավորել ծափերով և «Լավագույն զինվորն ադրբեջանցի զինվորն է» վանկարկումներով։

Ադրբեջանական բնապահպանական անկախ կազմակերպության՝ Ecofront-ի ղեկավար Ջավիդ Գարան ասել է, որ այս բողոքի ակցիան «կեղծ» է՝ հայտարարելով, որ ցուցարարները պարզապես «նախապես կազմակերպված շոուի մասնակիցներ» են։

«Հանքերի ապօրինի և կործանարար շահագործումը դադարեցնելու իրենց պահանջները միանգամայն արդարացի են, բայց ակցիան հստակ կազմակերպված է իշխանությունների կողմից։ Ես գիտեմ մի քանի մարդու, որոնք մասնակցել են բողոքի ակցիային։ Նրանցից ոչ ոք էկոակտիվիստ չէր»,- ասել է Գարան:

Այդուհանդերձ, բողոքի ակցիաներին մասնակցողների մեջ կան Բնապահպանության նախարարության պաշտոնյաներ, տարբեր գերատեսչությունների քաղաքացիական ծառայողներ, պետական ֆինանսավորմամբ և կառավարության հետ փոխկապակցված քաղաքացիական հասարակության կազմակերպությունների անդամներ, նախկին զինվորականներ, տեղական սպորտային ասոցիացիաների անդամներ և, երբեմն, թուրք բանվորներ մոտակա շինհրապարակներից։

Հասարակական այն կազմակերպությունները, որոնց անդամները ներկա են եղել ընթացող ակցիային, բոլորն էլ ֆինանսական աջակցություն են ստանում ՀԿ-ների ֆինանսավորման պետական գործակալությունից, որն ստեղծվել է նախագահի 2021 թ. հրամանագրով։ Այդ կազմակերպությունները նաև սոցցանցերում պարբերաբար գովասանքի խոսքեր են ձոնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և սատարել Լեռնային Ղարաբաղում պատերազմը:

Ներկաների թվում էին նաև կառավարամետ Optimist ՀԿ-ի ղեկավարն ու անդամները, ինչպես նաև Երիտասարդության աջակցության հասարակական միության անդամները։ Միության աշխատակիցների թվում էր Թալեհ Մանսուրովը, որը նախկինում տարբեր պաշտոններ է զբաղեցրել իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունում:

Ենթադրյալ էկոցուցարարներից շատերը եղել են Հեյդար Ալիևի հիմնադրամի աջակցությամբ ստեղծված Տարածաշրջանային զարգացման հասարակական ասոցիացիայի կամավորներ։ Ասոցիացիայի կայքում նշված է, որ իրենց կամավորների առաջնային «արժեքը» «ազգային բարոյական արժեքներին և պետականությանը միշտ հավատարմություն ցուցաբերելն է»:

Այս խմբի սոցիալական մեդիայի էջերը լի են Լաչինի ճանապարհին բողոքող երիտասարդ անդամների լուսանկարներով, ինչպես նաև ավելի «ավանդական»՝ ալիևամետ գրառումներով:

Սակայն մասնակիցների մեջ կային նաև ավելի հայտնի մարդկանց անուններ։

Ընտանիքի, կանանց և երեխաների հարցերով պետական կոմիտեի անդամ Ֆարիզ Աքբարովը բողոքի ակցիայի վայրից լուսանկար էր հրապարակել Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների փոխնախարար Ֆիրդուսի Ալիևի հետ, որը նույնպես, առնվազն ժամանակավորապես «էկոակտիվիստ» է դարձել։

Բայց Լաչինի միջանցքի մուտքը փակող ամենահայտնի «ակտիվիստը», թերևս, եղել է Ադրբեջանի զինված ուժերի պահեստազորի կապիտան Թելման Գասիմովը, որը նաև մասնակցել է Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմին:

Ֆեյսբուքյան լուսանկարներում Գասիմովը պատկերված է զինվորական համազգեստով Լեռնային Ղարաբաղի պատերազմի ժամանակ։ Լուսանկարներից մեկում նա ակնհայտորեն ցուցադրում է իր համազգեստին կարված «Գորշ գայլեր» թուրքական ծայրահեղ աջակողմյան կիսառազմական կազմակերպության տարբերանշանը։ «Գորշ գայլեր»-ը ծայրահեղ ազգայնական խմբավորում է, որը որոշ երկրների կողմից ճանաչվել է որպես ահաբեկչական կազմակերպություն:

Ֆեյսբուքյան իր էջում ազգայնական լոզունգների և հակահայկական գրառումների շարքում Գասիմովը նաև լուսանկար է հրապարակել, որում նա «Գորշ գայլեր»-ի ձեռքի հայտնի ժեստն է ցուցադրում և կանգնած է «Մեր նպատակը Երևանն է» գրությամբ գրաֆիտիի դիմաց։

Գասիմովը մենակ չէր իր քաղաքական հակումներում. ցույցի երկրորդ օրը կադրեր հրապարակվեցին, որոնցում «էկոակտիվիստների» ամբոխը ևս նույն ժեստն էր ցուցադրում։

Մի քանի շաբաթ անց ակցիայի վայրում մնացին միայն կամավորական կազմակերպությունների և պետական ֆինանսավորում ստացող հասարակական կազմակերպությունների երիտասարդ անդամները, որոնցից շատերը կրում են Ալիևի ղեկավարած Ադրբեջանի երիտասարդական հիմնադրամի տարբերանշանով բաճկոններ:

Բնապահպանական խնդիրներ Ադրբեջանում

Մինչ ցուցարարները մեկնել են Լեռնային Ղարաբաղ՝ բողոքելու Դեմիրլիի ոսկու հանքերի ենթադրյալ բնապահպանական ազդեցության դեմ, Ադրբեջանն ունի բնապահպանական մի շարք լուրջ ներքին մարտահրավերներ, որոնք իշխանությունների ուշադրությանն արժանանալու հարցում շատ ավելի քիչ հաջողություն են ունեցել։

Դրանց թվում են Բաքվում օդի աղտոտվածության, ապօրինի ծառահատման, արգելոցներում որսի, նավթի արդյունահանմամբ ծովի աղտոտման հետ կապված և արդեն երկար ժամանակ գոյություն ունեցող խնդիրները։

Ecofront-ն աշխատում է այս բոլոր խնդիրների լուծման ուղղությամբ, ասում է Ջավիդ Գարան, բայց իշխանությունները հիմնականում հետաքրքրված չեն կամ թշնամաբար են տրամադրված: Կառավարությունը քայլեր ձեռնարկում է միայն այն դեպքում, երբ որևէ խնդիր գրավում է հանրության լայն շրջանակների ուշադրությունը։

«Մի անգամ մտանք սահմանամերձ տարածք, որտեղ ապօրինի ծառեր էին հատում։ Սահմանապահները մեզ ձերբակալեցին, քանի որ միտումնավոր խախտել էին օրենքը և արգելված տարածք մտել»,- ասում է Գարան։

Ակտիվիստներին տուգանեցին և ազատ արձակեցին, սակայն Գուսար թաղամասում ապօրինի ծառահատումները դադարեցվեցին, երբ ակտիվիստները համացանցում խոսեցին այն մասին, թե ինչ էր այնտեղ կատարվում։

Գարան պատմում է, որ եղել են այլ դեպքեր, երբ Ecofront-ի ակտիվիստները բողոքի ակցիաների ժամանակ ծեծի են ենթարկվել և մահվան սպառնալիքներ ստացել բնապահպանական հասցված վնասի համար պատասխանատուների կողմից:

Ecofront-ը չի մասնակցել Լաչինի միջանցքի բողոքի ակցիաներին։

«Մենք չենք ցանկանում մասնակցել քաղաքական խաղերին,- ասում է Գարան,- Անձամբ ես նաև ճիշտ չեմ համարում ճանապարհ փակելը և ճնշում գործադրելն այն մարդկանց վրա, որոնք կապ չունեն բնական պաշարների ապօրինի արդյունահանման հետ»:

Բաքուն կարող է շարունակել քարոզել այն պատմությունները, որոնք համապատասխանում են իր նպատակներին, սակայն պաշտոնական այդ պատմույթում արդեն սկսել են ճաքեր նկատվել։

Մեկնաբանել