Հայաստանը համաձայնել է տարանջատել ԼՂ կարգավորումը հայ-ադրբեջանական գործընթացից․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բեռլինում այցելել է Արտաքին քաղաքականության գերմանական խորհուրդ, որտեղ հանդիպում է ունեցել քաղաքական, հասարակական և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների հետ, մասնակցել «Անվտանգությունը և կայունությունը Հարավային Կովկասում. Հայաստանի հեռանկարը» թեմայով քննարկմանը:

Փաշինյանն իր ելույթում նշել է, որ Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացն ընթանում է հետևյալ երեք հիմնական ուղղություններով. համաձայնագիր Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման մասին, տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ու տնտեսական կապերի ապաշրջափակում և սահմանագծում ու անվտանգություն:

«Հայաստանը համաձայնել է տարանջատել ԼՂ հիմնախնդրի կարգավորումը հայ-ադրբեջանական գործընթացից՝ այն տրամաբանությամբ, որ Ստեփանակերտի և Բաքվի միջև կձևավորվի քննարկումների միջազգային մեխանիզմ։ Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների խնդիրների լուծմանն ուղղված երաշխիքային մեխանիզմի ստեղծումը, որը կունենա միջազգային տեսանելիություն և ներգրավվածություն»,- ասել է նա։

Նիկոլ Փաշինյանը հաստատել է իր վճռականությունը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու հարցում, բայց, ըստ նրա՝ «դա չպետք է Հայաստանի համար կապիտուլյացիայի նմանվող փաստաթուղթ լինի»։

Վարչապետի խոսքով՝ տարածաշրջանային խաղաղության Հայաստանի կառավարության տեսլականի մեկ այլ ասպեկտը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն է․ «Մենք պատրաստ ենք լիովին կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, հաստատել դիվանագիտական հարաբերություններ։ Մենք հույս ունենք ամբողջությամբ բացել մեր ընդհանուր սահմանը, որը միակողմանիորեն փակվել էր 90-ականների սկզբին Թուրքիայի կողմից։ Մենք ունենք առաջ շարժվելու մի քանի փոքր, բայց հուսադրող նշաններ»։

Փաշինյանն ասել է, որ Հայաստանը երբեք որևէ նախապայման չի ունեցել Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու համար: «Եվ հիմա կարող եմ նույնն ասել` մենք ոչ մի նախապայման չունենք։ Մենք ուղղակի կարծում ենք, որ մենք հարևաններ ենք և պետք է ունենանք հարաբերություններ։ Եվ անկեղծ ասած, նույնիսկ վստահ չեմ` արդյոք այդ մասին խոսելը ճի՞շտ է, թե՞ ոչ հիմա, բայց կարծում եմ, որ այժմ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների հաստատման հիմնական խոչընդոտն Ադրբեջանի դիրքորոշումն է, որովհետև Ադրբեջանը մշտապես հորդորում է Թուրքիային չհաստատել հարաբերություններ Հայաստանի հետ։ Գուցե ես չպետք է դա ասեի, բայց ցանկանում եմ, որ դուք իմանաք այդ գործընթացի շատ կարևոր նրբությունները։ Մենք պատրաստ ենք, հենց այսօր, առանց որևէ չափազանցության հենց այսօր բացել սահմանը։ Ի դեպ, մենք չենք փակել սահմանը, այն փակվել է Թուրքիայի կողմից։ Բայց հիմա մենք շատ կարևոր քայլ ենք արել։ Ինչպես ասացի, մեր հումանիտար օգնությունը հասավ Թուրքիա սահմանի միջոցով։ Իհարկե, մեր արձագանքը և դիրքորոշումն ամբողջությամբ հիմնված էր հումանիտար մոտեցման վրա։ Բայց եթե Թուրքիա հումանիտար օգնություն ուղարկելու որոշումն ունենա նաև որոշակի քաղաքական հետևանքներ, մենք դրա համար ուրախ կլինենք»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։

Մեկնաբանել