Արցախից մանրամասներ են հայտնել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հանդիպումից

Արցախի անվտանգության խորհրդի գրասենյակը մանրամասներ է հայտնել Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև մարտի 1-ին տեղի ունեցած հանդիպումից։

Նշվում է, որ ադրբեջանական կողմի հետ հրատապ հումանիտար հարցեր քննարկելու նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ, որի ղեկավարն է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանը։ Ադրբեջանի կողմից ևս ձևավորվել է համանման աշխատանքային խումբը՝ Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռամին Մամեդովի գլխավորությամբ։

Ըստ Արցախի ԱԽ գրասենյակի՝ ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարության միջնորդությամբ հանդիպմանը քննարկվել են հետևյալ հարցերը․

1. Արցախի Հանրապետություն բնական գազի մատակարարման անխափանության ապահովումը և հետագա գազանջատումների բացառումը.

2. Արցախի Հանրապետության էլեկտրամատակարարման վերականգնման նպատակով Հայաստանի Հանրապետությունից Արցախ մտնող միակ բարձրավոլտ գծի՝ Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող հատվածի զննման և «Արցախէներգո» ՓԲԸ մասնագետների կողմից վերականգնողական աշխատանքների իրականացման հնարավորության ապահովումը.

3. Կաշենի և Դրմբոնի հանքավայրերի տարածքում ադրբեջանական մասնագիտական խմբի կողմից մեկանգամյա տեսողական շրջայցի կազմակերպումը.

4. Ստեփանակերտ-Գորիս մայրուղու ամբողջական բացումը։

«Հանդիպման սկզբնամասում ադրբեջանական խմբի ղեկավարը փորձել է զրույցը տանել Ադրբեջանին Արցախի ինտեգրման անհրաժեշտության ուղղությամբ՝ ներկայացնելով այդ դեպքում հնարավոր սոցիալ-տնտեսական առավելությունների ստացման հեռանկարներ, սակայն դրան արցախյան խմբի ղեկավարը հակազդել է՝ հորդորելով քննարկում իրականացնել հստակ առաջադրված հարցերով։ Վերջինս ընդգծել է նաև, որ հումանիտար ու ենթակառուցվածքային հրատապ հարցերով այդ շփումները չեն կարող անդրադառնալ հակամարտության համապարփակ կարգավորման հիմնական հարցերին, և դրա համար անհրաժեշտ է ձևավորել միջազգային լայն աջակցությամբ ձևաչափ: Հարկ է նշել, որ ադրբեջանական խմբի մյուս անդամները զբաղվել են վերը նշված չորս կոնկրետ հարցերի քննարկմամբ և լուծումների որոնմամբ, ըստ այդմ՝ հանդիպման հետագա ընթացքը լիովին համապատասխանել է օրակարգով սահմանված շրջանակներին»,- ասված է հաղորդագրությունում։

Քննարկման արդյունքներով ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ և ադրբեջանական կողմը պարտավորվել է զեկուցել վերադաս մարմիններին և առաջիկա օրերի ընթացքում, խաղաղապահ զորախմբի միջոցով, արդյունքների մասին տեղեկացնել արցախյան կողմին։ Արցախի նշում են նաև, որ հանդիպման ընթացքում ձեռք է բերվել նաև կողմերի միջև հետադարձ կապի կայուն մեխանիզմի ձևավորման պայմանավորվածություն։

«Հանդիպմանը կողմերը պայմանավորվել էին առայժմ հանրայնացնել միայն ընդհանուր գծերով տեղեկատվություն՝ այն նկատառմամբ, որ գործընթացը դեռևս գտնվում է աշխատանքային փուլում։ Սակայն հանդիպումից կարճ ժամանակ անց, ադրբեջանական խմբի ղեկավարը իր երկրի տեղեկատվական հարթակներում հանդես է եկել հարցազրույցներով, որոնցում բոլորովին այլ՝ բուն բովանդակությունից ու գործընթացից շեղված ապատեղեկատվություն է տարածել, մասնավորապես հայտարարելով, որ հանդիպմանը քննարկվել են «Ղարաբաղի տարածաշրջանի հայ բնակչության՝ Ադրբեջանին վերաինտեգրվելու հարցեր»։ Ադրբեջանական պաշտոնյաների և մամուլի միջոցների այս զեղծարարությունը, ցավոք, օգտագործվել է նաև հայկական լրատվադաշտի որոշ ներկայացուցիչների կողմից՝ դրանով ստեղծելով թյուր տպավորություն, թե, իբր, արցախա-ադրբեջանական շփումներում քննարկվում են հակամարտության համապարփակ կարգավորմանն առնչվող հարցեր: Մինչդեռ, ինչպես նշեցինք, մարտի 1-ի հանդիպումը, որին, կրկնում ենք, մասնակցել է նաև ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարը, նվիրված է եղել միայն Արցախի շրջափակման ու դրան առնչվող խնդիրների վերացման քայլերի քննարկմանը»,- հայտնում են անվտանգության խորհրդի գրասենյակից։

Արցախյան կողմը հերքում է նաև ադրբեջանական տեղեկցությունները, թե իբր հաջորդ հանդիպումը պետք է կայանա Գյանջայում կամ Աղդամում՝ առանց ՌԴ խաղաղապահ զորակազմի մասնակցության:

«Հորդորում ենք չտրվել ադրբեջանական քարոզչամեքենայի հերյուրանքներին և համոզված լինել, որ վերը նշված գործընթացի և դրա արդյունքների մասին հանրությանը տրվելու է սպառիչ տեղեկատվություն»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել