Միրզոյանն ու Բորելը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

Մարտի 3-ին աշխատանքային այցով Նյու-Դելիում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։

Միրզոյանն ու Բորելը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի հարցերի շուրջ: Կարևորվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական մշտադիտարկման առաքելության տեղակայումը, որը փետրվարի 20-ից պաշտոնապես մեկնարկել է իր գործունեությունը։

Հանդիպմանը անդրադարձ է կատարվել տարածաշրջանային ու միջազգային անվտանգության հարցերի։ Միրզոյանը ԵՄ բարձրաստիճան պաշտոնյային է ներկայացրել նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:

«Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակին՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է առանց նախապայմանների Լաչինի միջանցքն ապաշրջափակելու հրամայականը՝ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին համապատասխան։ Այս համատեսքտում կարևորվել է միջազգային հանրության գործուն ներգրավվածությունը, որպեսզի Ադրբեջանը կյանքի կոչի Արդարադատության միջազգային դատարանի կողմից հրատապ միջոցների կիրառման վերաբերյալ փետրվարի 22-ին կայացված՝ իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումը»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել