Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը հանդիպել են Գերմանիայի նախագահի և նրա տիկնոջ հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկին Աննա Հակոբյանի հետ այցելել են Գերմանիայի նախագահի նստավայր, որտեղ հանդիպում են ունեցել Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և նրա տիկին Էլկե Բյուդենբենդերի հետ: Դիմավորման արարողությունից հետո վարչապետն առանձնազրույց է ունեցել Գերմանիայի նախագահի, իսկ Աննա Հակոբյանը` Էլկե Բյուդենբենդերի հետ:

Փաշինյանի և Շտայնմայերի հանդիպումը շարունակվել է նաև ընդլայնված ձևաչափով:

Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը և Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը քննարկել են հայ-գերմանական համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր․ «Անդրադարձ է կատարվել քաղաքական և տնտեսական բնագավառներում փոխգործակցության զարգացմանը: Այդ համատեքստում, կարևորվել է երկու երկրների կառավարությունների ակտիվ փոխգործակցությունը: Գերմանիայի նախագահը պատրաստակամություն է հայտնել նպաստել երկկողմ կապերի ամրապնդմանը և ընդգծել Հայաստանում ժողովրդավարության զարգացմանն ուղղված բարեփոխումների կարևորությունը»,- ասված է հաղորդագրությունում։

Հայաստանի վարչապետն ու Գերմանիայի նախագահը անդրադարձ են կատարել նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին։

Մեկնաբանել