Արցախի ժողովրդի անվտանգության երաշխիքն Արցախի անկախության ճանաչումն է․ Մայր Աթոռ  

Արցախի ժողովրդի անվտանգության երաշխիքն Արցախի անկախության ճանաչումն է․ այս մասին ասվում է Մայր Աթոռի՝ Հայ Առաքելական եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի վերաբերյալ տարածած հաղորդագրությունում։

Նշվում է, որ փետրվարի 28-ից մարտի 3-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ամենայն Հայոց կաթողիկոսի նախագահությամբ տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը։

«Հայաստանում և Արցախում 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված կացության և առկա մարտահրավերների մասին զեկույց ներկայացրեց ԳՀԽ անդամ, ի.գ․դ․Գևորգ Դանիելյանը։ Զեկուցողը, հանգամանորեն ներկայացնելով Հայաստանում և Արցախում ստեղծված կացությունը, անդրադարձ կատարեց երկրի շուրջ ընթացող աշխարհաքաղաքական զարգացումներին, մասնավորաբար անվտանգային մարտահրավերներին:

Անդրադառնալով Արցախի հիմնախնդրին՝ ԳՀԽ-ն արձանագրեց, որ Արցախի ժողովրդի անվտանգության երաշխիքն Արցախի անկախության ճանաչումն է՝ ելակետ ունենալով ազգերի ինքնորոշման հիմնարար սկզբունքը: Այս առնչությամբ կարևորվեց համազգային համընդհանուր ջանքերի միավորումը, միջազգային հանրության ամենալայն շրջանակների աջակցության ապահովվումը և մասնավորաբար այդ ուղղությամբ Եկեղեցու կողմից իրականացվող աշխատանքների առավել ընդլայնումը»,- նշվում է հաղորդագրությունում։