Ադրբեջանում Իրանի օգտին լրտեսության մեղադրանքով դատապարտյալը մահացել է դատարանի դահլիճում

Իսմի Աղաև, OC Media

Ադրբեջանի ընդդիմադիր Իսլամական կուսակցության անդամ Սաբուհի Սալիմովը, որն իր կալանավորման դեմ 53-րդ օրն էր՝ հացադուլ էր անում, դատարանում մահացել է սրտի կաթվածից։

Ըստ հաղորդումների՝ Սալիմովը մահացել է մարտի 2-ին այն բանից հետո, երբ Բաքվի վերաքննիչ դատարանը ուժի մեջ է թողել նրա դատավճիռը:

Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայությունը Սալիմովին ձերբակալել էր 2021-ի հոկտեմբերին: 2022-ի նոյեմբերի 11-ին նա դավաճանության մեղադրանքով դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման:

Սաբուհի Սալիմովը

Ըստ իրավապաշտպանների՝ Սալիմովը մեղավոր է ճանաչվել Իրանի հատուկ ծառայությունների օգտին լրտեսելու և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավարների հանձնարարականներով գործելու համար։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Իրանի զինված ուժերի մաս է, որը կոչված է պաշտպանել Իրանի իսլամական համակարգը:

Ընտանիքը Ամերիկայի ձայնին ասել է, որ Սալիմովը 53 օր հացադուլ էր հայտարարել, իսկ վերջին յոթ օրերին՝ չոր հացադուլ: Ընտանիքի անդամները նշել են, որ նա դադարեցրել էր բողոքը մարտի 1-ին՝ առողջական լուրջ խնդիրների պատճառով:

«Սաբուհին մի քանի տարի առաջ սրտի վիրահատության էր ենթարկվել: Բայց նրա մահը պայմանավորված էր դատարանի անարդար որոշմամբ»,- ասել է ընտանիքի անդամներից մեկը:

«Սաբուհիին ձերբակալել էին Իսրայելի դրոշն այրելու, Երուսաղեմի և Ղարաբաղի համար ազատություն խնդրելու և իր տանը իմամների հիշատակի միջոցառումներ անցկացնելու համար,- ասել է նրա անանուն ազգականը:- Հացադուլով նա իր բողոքն էր բարձրացնում այս երկրում դատարանների անարդարության դեմ՝ սեփական կյանքի գնով»:

«Իսլամական միասնություն» շարժման ներկայացուցիչը, որը սերտ կապեր ունի Իսլամական կուսակցության հետ, Turan-ին ասել է, որ Սալիմովը հացադուլ էր սկսել՝ բողոքելով իրեն ներկայացված մեղադրանքների դեմ, և որ նա մահացել է, երբ դատարանը հայտարարել է դատավաճիռը ուժի մեջ թողնելու որոշման մասին։

«Սաբուհին բղավեց, բողոքեց և պնդեց, որ այդ որոշումը թելադրված է [վերևից]»: Այդ իրավիճակում նա սրտի կաթված ստացավ և մահացավ դատարանի դահլիճում՝ ճաղերի հետևում»,- ասել է շարժման ներկայացուցիչը:

Ադրբեջանի իշխանություններն այս դեպքը չեն մեկնաբանել։

Մեկնաբանել