Ադրբեջանի հարձակման հետևանքով վիրավորում ստացած ոստիկանի վիճակը գնահատվում է կայուն ծանր

Մարտի 5-ին ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով վիրավորում ստացած ՆԳՆ ոստիկանության ծառայողի վիճակը գնահատվում է կայուն ծանր: Այդ մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից:

Հաղորդագրության մեջ նշվում է` վիրավորում ստացած ծառայողը, որին մարտի 5-ին վիրահատել են, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ «Այս պահի դրությամբ հիվանդի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր՝ թույլ դրական դինամիկայով», – ասված է հաղորդագրության մեջ:

Մարտի 5-ին Արցախում ադրբեջանական հարձակման հետևանքով զոհվել է ոստիկանության երեք ծառայող, ևս մեկ ծառայող ստացել է հրազենային վիրավորում:

Տեղի ունեցածը Հայաստանի ԱԳՆ-ն որակել է «ահաբեկչություն»:

«Գրեթե երեք ամիս շարունակ Լաչինի միջանցքի արգելափակման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետ ստեղծելուն ուղղված գործողություններին զուգահեռ Ադրբեջանը շարունակում է Արցախի հայ բնակչության ահաբեկման գործողությունները՝ իրենց հայրենիքում ապրելու համար անմարդկային պայմաններ ստեղծելու միջոցով էթնիկ զտումներ իրականացնելու վերջնական նպատակով», – ասված է հաղորդագրության մեջ:

Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, որը նույն օրը մեկնել է Բաքու, հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած «մահացու միջադեպն ընդգծում է բանակցություններն առաջ մղելու հրատապությունը»:

Մեկնաբանել