ՔՊ պատգամավորները ՌԴ դեսպանի հետ քննարկել են Արցախում ադրբեջանական դիվերսիոն հարձակումը

Ազգային ժողովում մարտի 6-ին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները հանդիպել են Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ, ասված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղորդագրությունում։

Համաձայն հաղորդագրության՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ՌԴ դեսպանի ուշադրությունն է հրավիրել մարտի 5-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված դիվերսիոն հարձակման վրա, որի հետևանքով զոհվել են ԼՂ ոստիկանության երեք ծառայողներ, մեկը վիրավորվել է:

Կոնջորյանը նաև նշել է, որ արդեն 85-րդ օրն է` Լաչինի միջանցքը ապօրինի շրջափակված է Ադրբեջանի կողմից, ինչը եռակողմ հայտարարության «կոպտագույն խախտում է, և որ Լաչինի միջանցքը պետք է օր առաջ բացվի»:

«Հանդիպմանը քննարկվել են նաև ՀՀ-ՌԴ տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր: Կարևորվել է միջխորհրդարանական բնագավառում երկու երկրների ներկայացուցիչների համագործակցությունը», – ասված է հաղորդագրության մեջ։

Մարտի 5-ին Արցախում ադրբեջանական հարձակման հետևանքով զոհվել է ոստիկանության երեք ծառայող, ևս մեկ ծառայող ստացել է հրազենային վիրավորում:

Տեղի ունեցածը Հայաստանի ԱԳՆ-ն որակել է «ահաբեկչություն»:

«Գրեթե երեք ամիս շարունակ Լաչինի միջանցքի արգելափակման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետ ստեղծելուն ուղղված գործողություններին զուգահեռ Ադրբեջանը շարունակում է Արցախի հայ բնակչության ահաբեկման գործողությունները՝ իրենց հայրենիքում ապրելու համար անմարդկային պայմաններ ստեղծելու միջոցով էթնիկ զտումներ իրականացնելու վերջնական նպատակով», – ասված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել