Փակ շուկայի գետնանցումը վերանորոգումից հետո նորոգման կարիք ունի

Անի Գրիգորյան, #CivilNetCheck

Ընդամենը կես ամիս առաջ՝ փետրվարի 16-ին, Երևանի քաղաքային իշխանության ներկայացուցիչները հադիսավոր վերաբացեցին «Փակ շուկայի» դիմացի ստորգետնյա հետիոտնային անցումը՝ կտրելով կարմիր ժապավենները։

Անցումի բացումից ընդամենը մի քանի օր անց՝ փետրվարի 23-ին, քաղաքացիները սոցիալական ցանցերում լուսանկարներ տարածեցին՝ ահազանգելով, որ նոր վերանորոգված անցումում արդեն խնդիրներ են առաջացել, առաստաղին և պատերին խոնավության հետքեր են։

Երևանի քաղաքապետարանը հայտնել էր, որ հետիոտնային անցումի հիմնանորոգման համար համայնքային բյուջեից հատկացվել էր մոտ 50 մլն դրամ։

ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը մարտի 6-ին այցելեց գետնանցում, սակայն խնդիրները դեռ շտկված չէին։ Գետնանցումի չորս մուտքերի աստիճանների հարակից պատերին, ինչպես նաև հենց ներսում գտնվող պատերին աղակալման և խոնավության հետքեր են։ Ավելին՝ մուտքերից մեկի մոտ գտնվող առաստաղից ջուր է կաթում։

Քաղաքապետարանից հայտնեցին, որ անցումի հիմնանորոգումն իրականացրել է «Բիլդր Քնսթրաքշն» ՍՊԸ-ն և «ԲԻԴԵՔ» ՍՊԸ-ն համատեղ գործունեությամբ, իսկ աշխատանքների նկատմամբ հեղինակային հսկողություն իրականացրել է «Հազարաշեն» ՍՊԸ-ն։

Թեև գետնանցումն արդեն հանդիսավոր բացվել է, բայց Երևանի քաղաքապետարանից մեր հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ աշխատանքների ավարտական ակտ չի ներկայացվել, քանի որ «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերության հետ տարվում են աշխատանքներ գետնանցումի խոնավացած տեղերի հայտնաբերման և թերությունների վերացման համար։

«Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ նմանատիպ խնդիրներից խուսափելու համար նախատեսվում է գետնանցումի վերին հատվածի ասֆալտ-բետոնե ծածկի ֆրեզում և ջրամեկուսացման աշխատանքներ»,- նշեն են քաղաքապետարանից։

Հեղինակային հսկողություն իրականացրած ընկերությունը բավարարված է աշխատանքներով

Հիմնանորոգման աշխատանքներ իրականացրած «Հազարաշեն» ընկերությունն այս ոլորտում է 2000-ականների սկզբից։ Այն տարեկան տասնյակ պայմանագրեր է կնքում ինչպես Երևանի քաղաքապետարանների, այնպես էլ այլ պետական և համայնքային մարմինների հետ։

#CivilNetCheck-ը կապ հաստատեց ընկերության տնօրեն Ռոբերտ Իգիթյանի հետ, վերջինիս խոսքով՝ երբ գետնանցումի հիմնանորոգումը նոր էր ավարտվել, որակն իրենց բավարարել էր, հաստատել են։

«Ներկայում գործեր կան, որ պետք է արվեն։ Ընկերությունը պետք է շտկի առաջացած խնդիրները, քանի որ դեռ երաշխիքային ժամկետի մեջ է»,- ասաց Իգիթյանը։

Ով է իրականացրել հիմնանորոգումը

Համատեղ գործունեությամբ հանդես եկող «Բիլդր Քնսթրաքշն» ու «ԲԻԴԵՔ» ընկերությունների և քաղաքապետարանի միջև պայմանագիրը կնքվել է հրատապ բաց մրցույթ ընթացակարգով։ Պայմանագրի արժեքը կազմել է 48,5 մլն դրամ։

«Բիլդր Քնսթրաքշն» ու «ԲԻԴԵՔ» ընկերությունները կապված են Ազգային ժողովի նախկին Հանրապետական պատգամավոր Մհեր Սեդրակյանի հետ, «ԲԻԴԵՔ» ՍՊԸ-ի բաժնեմասերի 75 տոկոսը պատկանում է Սեդրակյանի որդուն՝ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Դավիթ Սեդրակյանին։

«Բիդեք» ՍՊԸ-ն պետական գնումներում նոր չէ, 2009-ին ստեղծված ընկերությունը տարիներ շարունակ հաղթել է գնումների մրցույթներում՝ կնքելով տասնյակ պայմանագրեր։ Պետական ռեգիստրից տեղեկանում ենք, որ ագրելանք է դրված ինչպես Դավիթ Սեդրակյանի բաժնեմասի, այնպես էլ «Բիդեք» ՍՊԸ-ին պատկանող գույքի վրա։

Հիշեցնենք, որ Սեդրակյաններն անցնում են ապօրիինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով։ Դատախազությունը պահանջում է նրանցից բռնագանձել 11 միլիարդ դրամ արժեքով ապօրինի ծագում ունեցող գույք։

«Բիլդր Քնսթրաքշն» ՍՊԸ-ն ստեղծվել է 2021-ին։ Այս ընկերության բաժնետետերի մեջ Սեդրակյանները պաշտոնապես չկան։ Սակայն ՍՊԸ-ի բաժնեմասերի 40 տոկոսի սեփականատեր Արմեն Վարուժանի Սուքիասյանը բաժնետեր է Սեդրակյանների մասնակցությամբ այլ ընկերություններում։ 2015-2019-ին նա եղել է Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրեն։ Գրանցվելուց հետո «Բիլդր Քնսթրաքշն» ՍՊԸ-ն, բացի Փակ շուկայի դիմացի գետնանցումի վերանորոգումից, Երևանի քաղաքապետարանի հետ հետ կնքել է մեկ այլ պայմանագիր՝ կրկին «Բիդեքի» հետ համատեղ՝ Երևանի թիվ 5 պոլիկնինիկայի շենքի հիմնանորոգման համար։ Այս պայմանագրի արժեքը 202,7 մլն դրամ է։

Այսպիսով, նոր հիմնանորոգված անցումը շուտով կրկին կվերածվի շինհրապարակի։

Մեկնաբանել