Team Telecom ընկերության սեփականատերերը գնել են Grand Hotel Yerevan-ը

Team Telecom ընկերության սեփականատերեր Հայկ և Ալեքսանդր Եսայանները գնել են Երևանի ամենաթանկարժեք հյուրանոցներից մեկը՝ Աբովյան փողոցում գտնվող Grand Hotel Yerevan-ը։ Այդ մասին մարտի 6-ին հայտարարել է «Թիմ» ընկերոթյունների խումբը։ Մինչև այս գործարքը Grand Hotel Yerevan-ի սեփականատերը իտալական «Ռենկո» ընկերությունն էր։

ՍիվիլՆեթը հյուրանոցի վաճառքի մասին ավելի վաղ ստացած տեղեկությունները ճշտելու նպատակով երկու անգամ դիմել է իտալական «Ռենկո»-ին։ Ընկերությանն ուղղված գրավոր հարցերն այդպես էլ մնացին անպատասխան։ Բացի այդ, գործարքը հաստատող փոփոխություններ Հայաստանի իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրում մինչ այս պահը չեն կատարվել։ Հյուրանոցի իրավաբանական անձը «Երևան հյուրանոց» ԲԲԸ-ն է։ «Ռենկո»-ի ներկայացուցիչն ու Ալեքսանդր Եսայանը գործարքի փաստը հաստատել են այսօր՝ այսպես կոչված «մամուլի ասուլիսի» ժամանակ։

Հաղորդագրությունում նշվում է, որ գործարքը կատարվել է «Ակբա բանկ»-ի ֆինանսավորմամբ։ Միևնույն ժամանակ, կողմերը չեն բացահայտել, թե որքան է կազմել գործարքի գինը։ ՍիվիլՆեթի տեղեկություններով գործարքի գինը կազմել է 20 միլիոն դոլար, որից 1 միլիոնը իտալական կողմին փոխանցվել է որպես կանխավճար, մյուս 19 միլիոնի համար Եսայան եղբայրները դիմել են վարկավորման «Ակբա» բանկին ու ստացել վարկ հյուրանոցի ձեռք բերման համար։ Գործարքը կողմերի միջև վերջնականացվել էր այս ամսվա սկզբին։

Իտալական «Ռենկո»-ն հյուրանոցի սեփականատերն էր վերջին 24 տարիներին. Grand Hotel Yerevan-ը ձեռք է բերել մասնավորեցման շրջանակում։ Ձեռք բերումից հետո հյուրանոցային համալիրը վերակառուցվել է։

Հյորանոցի շենքը կառուցվել է 1926 թվականին, այն նախագծել է Երևանի ճարտարապետ Նիկողայոս Բունիաթյանը։ Կառուցումը տևել է երկու տարի։ Նախկինում հյուրանոցը կոչվել է «Ինտուրիստ», այնտեղ է բնակվել նաև գրող Եղիշե Չարենցը։ Խորհրդային Միության փլուզումից հետո հյուրանոցի պահպանման ուղղությամբ ներդրումներ չէին կատարվում, 1999 թվականին այն մասնավորեցրեց «Ռենկո» ընկերությունը։ Մասնավորեցման համար անցկացվել է մրցույթ, և «Ռենկո»-ն առաջարկել է 1 միլիոն դոլարով ձեռք բերել հյուրանոցն ու ներդրումներ կատարել։

Այժմ հյուրանոցն ունի 78 սենյակ։ Այստեղ են հանգրվանում Հայաստան ժամանած պաշտոնական պատվիրակություններ և այլք։ Հյուրանոցի նոր սեփականատերերից Ալեքսանդր Եսայանն ասել է, որ սեփականատիրոջ փոփոխությամբ հյուրանոցի անձնակազմի փոփոխություն չի նախատեսվում։

2022-ի տարեկան արդյունքներով «Երևան հյուրանոց» ԲԲԸ-ն վճարել է 422 միլիոն դրամի հարկեր։

Մկրտիչ Կարապետյան

Մեկնաբանել