Կարմրուկի բռնկումը փոքր է, դպրոցներում և մանկապարտեզներում գործում է ֆիլտրման մեխանիզմ

Առողջապահության նախարարության վերջին՝ մարտի 7-ի տվյալներով կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 29-ի, հոսպիտալացված է 15 քաղաքացի, 7-ը դուրս է գրվել: Նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: 29 վարակվածից 26-ը պատվաստված չէ, 3-ը՝ մեկ դեղաչափով:

Մարտի 6-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ կարմրուկի առաջին դեպքը Հայաստան է ներթափանցել արտերկրից, բայց թե որ երկրից, նախարարը չնշեց՝ հավելելով, որ փոքր ու միջին բռնկումներ կան Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանի 27 երկրներում։ Նախարարը նաև հայտնեց, որ պացիենտների մեծ մասը Երևանից են։

Պատասխանելով համավարակի հեռանկարի և մանկապարտեզների ու դպրոցների հնարավոր փակման մասին հարցին՝ Ավանեսյանն ասաց, որ այս պահին փոքր բռնկում է, և հավելյալ պաշտպանիչ միջոցառումների կարիք չկա, իսկ դպրոցներում և մանկապարտեզներում գործում է ֆիլտրման համապատասխան մեխանիզմ։

Անդրադառնալով պատվաստումներին՝ նախարարն ընդգծեց, որ երկու դեղաչափով պատվաստված լինելու պարագայում՝ առաջին դեղաչափը՝ մեկ տարեկանում, երկրորդը՝ 4-6 տարեկանի միջակայքում, վարակման հավանականությունը գրեթե բացառվում է։

«Բացառիկ դեպքերում, երբ պացիենտն ունենում է ճնշված իմունիտետ, հարակից խնդիրների փունջ, պատվաստված քաղաքացին կարող է վարակվել, բայց այդ դեպքում էլ պատվաստումը պաշտպանում է հիվանդության ծանր ընթացքից»,- ասում է նախարարը։

Այս օրերի ընթացքում մոտ 400 պատվասում է իրականացվել, բոլորը Հայաստանի քաղաքացիներ են կամ կացության քարտ ունեցող մարդիկ։

Կարմրուկի ինկուբացիոն շրջանը առնվազն 7 օր է, միջինը՝ 9-10 օր, մինչև՝ 21 օր։ Պատվաստվածների պարագայում կարող է լինել ընդհուպ մինչև 28 օր։

«Բոլոր պոլիկլինիկաներն ունեն պատվաստանյութերի անհրաժեշտ քանակները։ Առաջիկայում լինելու է նաև նոր խմբաքանակի ներկրում, և այս առումով որևէ խնդիր չունենք,- ասում է Ավանեսյանը,- բացի այդ, առաջիկա օրերին կստեղծվեն շարժական մեկ-երկու կետեր, որ ավելի հեշտ և հասանելի լինի պատվաստումը մեր քաղաքացիների համար»։

Առողջապահության նախարարության՝ մանկաբուժության հարցերով խորհրդատու Սերգեյ Սարգսյանն իր հերթին հավելեց, որ վարակված երեխաների մոտ հիվանդությունը կարող է ուղեկցվել այնպիսի բարդություններով, ինչպիսիք են թոքաբորբը, գլխուղեղի բորբոքումը, կոկորդի և ըմպանի բորբոքումը։

Կարմրուկը առաջացնում է իմունհամակարգի հիշողության կորուստ։ Եթե երեխան դրանից առաջ բոլոր հիվանդությունների դեմ պատվաստվել է կամ տարբեր հիվանդությունների արդյունքում ձևավորել է իմունհիշողություն, կարմրուկից հետո իմոնհիշողությունը վերանում է։ Անհրաժեշտ է երեք տարի, որ իմունհամակարգը նորից վերականգնվի և այս շրջանում շատ խոցելի է դառնում վարակների նկատմամբ։ Այս մասին նշում է Առողջապահության նախարարության՝ իմունականխարգելման ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը։

«Թեև նախկինում կարմրուկը համարվում էր դասական մանկական հիվանդություն, հիմա վարակվում են մեծահասակները և ավելի ծանր են տանում»,- նկատում է առողջապահության նախարարության՝ վարակիչ հիվանդությունների գծով խորհրդատու Նարինե Սարգսյանցը։- Սկիզբը ուղեկցվում է բարձր ջերմությամբ, հարբուխով, հազով, շաղկապենաբորբով։ Պատվաստվածների մոտ ջերմություն չի լինում։ Առավել խոցելի են մինչև 5 տարեկանները և 30-ից բարձր տարիքային խմբի մարդիկ։ 18-ից բարձր տարիքի մարդկանց համար մեկ դեղաչափը լրիվ բավարար է։ Մինչև 18 տարեկանները պետք է երկու դեղաչափ ստանան։ Առավել խոցելի են մինչև 5 տարեկանները և 30-ից բարձր տարիքային խմբի մարդիկ»։

Հասմիկ Հովհաննիսյան

Մեկնաբանել