ԱՄՆ-ը չի հակադրվում միջնորդական այլ առաջարկների և չի մրցում Մոսկվայի հետ․ Փրայս

Մենք մտադիր չենք հակադրվել միջնորդական այլ առաջարկների, իրականում մենք միջնորդ էլ չենք․ մարտի 6-ի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը։

«Մենք երկու երկրների գործընկերն ենք։ Մենք խոսքով և գործով ցուցադրել ենք երկու երկրների հետ մեր հարաբերությունների բնույթը, երկրները մերձեցնելու մեր կարողությունը, մեր պատրաստակամությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններում հավելյալ առաջընթաց բերելու։

Մենք դա չենք անում Մոսկվայի հետ մրցելու համար։ Մենք դա անում ենք երկու երկրների միջև երկարամյա հակամարտությունը կարգավորելու համար, ցավոք, սա հակամարտություն է, որը շարունակաբար կյանքեր է խլում, ճիշտ այնպես, ինչպես տեղի է ունեցել մարտի 5-ին։ Այստեղ մենք հետաքրքրված ենք խաղաղությամբ ու կայունությամբ։ Դա բխում է նաև Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդների շահերից»,- հայտարարել է Փրայսը։

Պատասխանելով մարտի 5-ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած հարձակման ու զոհերի մասին հարցին՝ խոսնակն ասել է, որ «հետևում են հաղորդագրություններին․ «վեճերը լուծելու համար ուժի կիրառումը երբեք ընդունելի չէ»:

«Խաղաղությունը պահպանելու միակ ճանապարհը բանակցությունների սեղանի շուրջ նստելն է, իսկ ուժի կիրառումը խաթարում է բանակցությունները»,- ասել է Փրայսը՝ հավելելով, որ տարածաշրջանում է Կովկասի բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոն՝ «շեշտելու, որ առաջ շարժվելու միակ ճանապարհը ուղիղ երկխոսությունն ու դիվանագիտությունն է»:

Մեկնաբանել