Պաշարված ենք, բայց մեզ կուլ տալ չի լինի․․․

«Հայաստանի աշխատավորուհի» ամսագրի՝ 1973 թվականի հոկտեմբերին լույս տեսած համարն է էկրանիս։ Ընկերներիցս մեկն էր ազդարարել թվայնացված պարբերականի մասին։ Թերթում էի, աչքերով ծաղկաքաղ անում և ուղեղս տեղ-տեղ կանգ էր առնում։ Զարմանքից էր։ Իմ առօրյային ու կենսափորձին չներդաշնակվող, բայց շատ հոգեհարազատ կամ խորթ պատառիկներ, անծանոթ կերպարներ, պատկերներ։ Կես դարն անց մի մակընթացություն և տեղատվություն էր թվում։

Շապիկը թերթում ես՝ առաջին էջին իր ավագ «ընկերոջ» մասին պատմում է Երևանի «քիմիական արտադրամասի «լաբորանտուհի» Արեգա Հակոբյանը։ Վերջածանցից էլ իր ավագ «ընկերոջ»՝ «Ղարաբաղի Չայլու գյուղից եկած կայանի փորձարկմանը մասնակցած Սիրանույշ Անանյանից» էլ միտքս արագ արթնանում է։ Ղարաբաղը կուլ էին տվել, Արցախն էլ հիմա պաշարել են։ Դեռ կա, դիմադրում է։ Բայց դա չէի ուզում ասել։

«Գվատեմալացի շատ ուրիշ հերոսների թվում, որոնց մեջ հարյուրից ավելին կանայք էին՝ գյուղացիներ, ծառայողներ, ինտելեգենցիայի ներկայացուցիչներ (Էսպերանսի Գարսիա Սամարա, Իրիս Յոնգ Սերնա, Էունիսա Կամպիրան, Ռոխելիա Կրուս, Մարտինես և ուրիշներ)»․ պարբերականը գրում է հեղափոխական կնոջ մասին, որը զոհվեց հանուն Գվատեմալայի հեղափոխության։

Մեր կանանց անունները աչքովս չեն ընկել, լեգենդի պես կան, գիտեմ, որ եղել են 88-ին։ Հիշում եմ։ Մի երկուսի անունը գիտեմ։ Լսել եմ Արցախյան առաջին ու երկրորդ պատերազմում կանանց մասնակցության մասին։ 2018-ի հեղափոխությունը կանանց կոորդինացված քաոտիկ շքերթ էր հիշեցնում, անգամ հարթակը միայն մեկ օրով, բայց անցավ կանանց։ Տղերքին ձերբակալել էին։ Հետո ոչ մի չակերտավոր բան չեղավ, ըստ կարգի, հերթով տղերքը պաշտոն ստացան։ Բայց 2019-2023թթ․ գենդերային քաղաքականության միջոցառումների պլանում պարտավորվեցին «պետական պատվիրակություններում», «էքսպերտային խմբերում», «որոշում կայացնողների շրջանում» գոնե 30 տոկոս կին ներառել։

Դավիթ Մուրադյանն էլ «Եվ նորից՝ բարե՛վ, «հայրիկներ»․․․» վերտառությամբ իր հոդվածում «հայրիկներին» ու մնացած ցանկացողներին «Հայաստանի աշխատավորուհի» համարում խոսակցության է հրավիրում։ Տանը անհաշտ մթնորոլտից է խոսում։ Ոստիկանությունում հաշվառված երեխաների, կներեք, էլի ժամանակը խառնեցի, «միլիցիայի մանկական սենյակների քարտարաններում կարճ գրառումներն» է թվարկում․ «Հայրը հաճախակի հարբում ու ծեծում է կնոջը», «հայրը գրեթե չի հետաքրքրվում երեխաներով»։ Մի համարից դատել չի լինի, բայց տեսնես էլի չէի՞ն դիմում ոստիկանությանը, երբ տանը քարտարանային լռություն էր։ Հիմա ընտանեկան բռնություն ենք ասում, բայց հասարակության մեջ ընդունված է լսել, չլսելու տալ ու լռել, դա մեր ի՞նչ գործն է։

Ծնողական ժողովին գնացող «հոր» մասին է գրում, հետո ամուսնու, որը պահանջել էր, որ կինը տանը նստի ու երեխա մեծացնի մի յոթ-ութ տարի։ «Եվ հիմա դժվար է ասել, թե քսաներեք տարեկանում տնային տնտեսուհի դարձած «երիտասարդ «ինժեների» մեջ յոթ-ութ տարի անց կպահպանվի՞ էնտուզիազմը»։ Ծնողական ժողովին գնացող հայր չեմ հիշում, թերևս բացառիկ դեպքերում, երբ մայրը «հարգելի պատճառով» չէր կարողանում գալ, բայց մանկական երևակայությանս մեջ դաջվել էր այն զարմանքը, երբ դասարանի ծնողներից մեկն ասաց, որ «տնային տնտեսուհի» է։ Ծանր լռություն կախվեց օդում։

Այսօր 2023 թվականի մարտի 8-ն է, իսկ ես դեռ ապրում եմ մի երկրում, որտեղ երեխայի խնամքը բացառապես կանանց «պարտականությունն» է։ Այդ բառն այստեղ ականջս սղոցում է, բայց․․․ Մանկապարտեզում էլ երեխայիդ հերթագրում ես։ Երբեմն անգամ չես հերթագրում։ Մանկապարտեզ չկա։ Տնային տնտեսուհի բառից էլ ծանր լռություն օդում չի կախվում։ Չաշխատող կանայք հաճախ նախընտրում են հարցումներում իրենց նույնականացնել տնային տնտեսուհու հետ։

«Հայաստան Մելքոնյանին գյուղում հարգում են», իսկ «հարգանքը ծնվում է աշխատանքով», այնպիսի աշխատանքով, որը առանձնանում, դառնում է օրինակ՝ հասակակիցների և սկսնակ «կթվորուհիների» համար»․ մի այլ պատառիկ է միտքս քնից հանում։ Կթում են էլի, բայց արդեն հաճախ տնային տնտեսուհու նման անտեսանելի ու համարյա չվճարվող կամ անվճար գործի նման՝ տունը պահելու համար։ Դրա համար թերթում չեն գրի, հաղորդում էլ չի լինի։ Ո՞վ է տեսել, որ մայրության մասին հաղորդում անեն, եթե բազմազավակ մայր չի։ Կթելն էլ դրա նման մի բան է դարձել՝ ոչ նկարագիր ունի, ոչ էլ գնապիտակ։ Իսկ աշխատանքով ոչ ոք վերջին երեսուն տարում հարգանքի չէր արժանացել։ Դրանից առաջ էլ ամեն բան այդքան անամպ չէր, բայց դեռ գրում էին։ Մեկ է՝ անկախության շրջանի լուռ անկեղծության համար արդարացում չկա։

Երևանում «պոեզիայի մեծ տոն է»։ Սիմպոզիումը բացում է «ՀԿԿ կենտկոմի քարտուղար «ընկ․ Ռ․ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ»։ Նկարում տրիբունան է։ Կանգնած տղամարդը հավանաբար «ընկեր» Խաչատրյանն է, նստածներն էլ բոլորը տղամարդիկ են։ Գենդերային ռազմավարության 30 տոկոսի նշաձողը փաստորեն հեղափոխական նպատակ է։ Չբողոքենք։ Չնայած «տրիբունայի» վրա դա չի տարածվում։ Ասում են՝ դեռ մի երկուսից երեք հարյուր տարի կտևի։ Ափսոս կաղնիս չի խոսում, իրեն պատվիրակեմ։

Հետո Ռուզան Քյուրքչյանն է «համեստ» ու «անաղմուկ» մուտք գործում արվեստ»»։ Քանդակագործ է։ Տեսնես մո՞ւրճն էր անաղամուկ, թե՞ ինքն է համեստ։ Հաջորդիվ գալիս են երիտասարդ մորն ուղղված խորհուրդներն ու 1973-ի նորաձևությունը։ Կհագնեի։

«Ես հիմա ամոթ եմ ապրում, որ գյուղ գալուց առաջ վախկոտի նման մտածել եմ վերադարձի մասին»․ Գյառգյառի (Պուշկինոյի) «բժիշկ» Ռիմա Եղիազարյանի խոստովանությունն է, որին ինստիտուտից հետո պարտադիր նշանակել են։ Գյուղում «երիտասարդ մայրերի» դպրոց է ստեղծել, սանիտարական «դրուժինաներ» հիմնել։ Մենք չենք էլ ամաչում, նշանակող չկա։ Քաղաքն էլ դեռ չի հասցրել իր բեռի տակ այնքան սեղմվի, որ մեզ դուրս շպրտի։ Դեռ կուլ է տալիս ու ծռվում։

Մետաքսի «կոմբինատն» է, վեց կին «50 հաստոց» են կառավարում։ «Ձեր օրը լի էր վազվզոցով ու հոգսերով, հնարավոր է նույնիսկ անախորժություններով․ դուք կանգնած էիք կոնվեյերի մոտ, վեց ժամ շարունակ ձեր ջղերը քայքայել են 40 չարաճճիներ․ համենայն դեպս, լարված օրը իր հետքն է թողել ձեր հոգեբանության և արտաքինի վրա»։ Գովազդի նյութ է։ Չէ, կոսմետոլոգի խորհուրդներ են, երկու ժամում և վուալա՝ «թարմ» ու հմայիչ։ Տրիբունայի նման, էստեղ էլ բան չի փոխվել՝ «ծերանալը մեզ խստիվ արգելվում է»։

Մեր մուտքը նկատելի, անգամ շատ ու շատ վտանգներով ու արկածներով լի, բայց ելքը «անաղմուկ» կլինի։ Մեր դեպքում աղմուկով ելքը լավ ավարտ չունի, Ջոան Արքը վկա։

Շնորհավոր։ Պաշարված ենք, բայց մեզ կուլ տալ չի լինի․․․

Մեկնաբանել