Վրաստանում օտարերկրյա գործակալների օրենքի դեմ ցույցը ցրել են արցունքաբեր գազով

Ոստիկանությունը ջրցան մեքենաներ և պղպեղի սփրեյ է կիրառել ցուցարարների դեմ։ Լուսանկարը՝ Շոթա Կինչայի/OC Media։

Ռոբին Ֆաբբրո և Շոթա Կինչաa, OC Media

Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը խորհրդարանում առաջին ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքի նախագծի երկու տարբերակները։ Մինչ օրենսդիրները օրինագծերը քննարկում էին առաջին լիագումար լսումների ժամանակ, տասնյակ հազարավոր մարդիկ հավաքվել էին խորհրդարանի դիմաց՝ բողոքելու օրինագծի դեմ, որը լայնորեն դատապարտվել է որպես ռուսական ոճի օրենք, որը սպառնում է Վրաստանի ժողովրդավարությանը:

Երբ երեքշաբթի երեկոյան հայտնի է դարձել, որ օրինագծի երկու տարբերակներն էլ ընդունվել են, խորհրդարանի մոտ հավաքված ցուցարարները լուրն ընդունել են բղավոցներով և սուլոցներով։ Տարածքում անմիջապես տեղակայվել են ցույցերը ցրող ոստիկանական հատուկ ուժեր, որոնք ջրցան մեքենաներ և պղպեղի սփրեյ են կիրառել խորհրդարանի շուրջը հավաքված ցուցարարներին ցրելու համար: Այդ ժամանակ մի շարք ոստիկաններ նույնիսկ ծիծաղել են։ Ոստիկաններից մեկը միտումնավոր կերպով պղպեղի սփրեյով թիրախավորել է OC Media-ի տնօրեն Մարիամ Նիկուրաձեին, ինչից հետո գործընկերների հետ ծիծաղել են նրա վրա:

Ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել ողջ գիշերվա ընթացքում, ընդ որում մինչև վաղ առավոտ ցուցարարները շարունակել են վերադառնալ և դիմակայել ոստիկաններին։

Բազմաթիվ մարդիկ են ձերբակալվել, այդ թվում՝ ընդդիմադիր «Գիրչի – ավելի շատ ազատություն» կուսակցության առաջնորդ Զուրաբ Ջափարիձեն։

Օրենքի երկու տարբերակներն էլ կպահանջեն, որպեսզի քաղաքացիական հասարակությունը և լրատվամիջոցները գրանցվեն որպես «օտարերկրյա ազդեցության գործակալներ», եթե նրանք իրենց եկամտի ավելի քան 20%-ն ստանում են արտերկրից։ Գրանցված կազմակերպությունները «մշտադիտարկման» կենթարկվեն Արդարադատության նախարարության կողմից, ընդորում՝ դեռ պարզ չէ, թե ինչ է ենթադրում այդ մշտադիտարկումը։ Լրատվական կազմակերպությունները մտավախություն ունեն, որ դրա շրջանակում իշխանությունը կարող է լրագրողներին ստիպել, որպեսզի բացահայտեն իրենց աղբյուրները կամ իշխանություններին հանձնեն իրենց ներքին հաղորդակցությունը։

Օրինագծերը լայնորեն դատապարտվել են Վրաստանում ընդդիմադիր խմբերի, քաղաքացիական հասարակության, ինչպես նաև գործարար ոլորտի շատ ներկայացուցիչների, սպորտային թիմերի, մանկավարժների և այլ շրջանակների կողմից:

Դրանք նաև խստորեն դատապարտվել են միջազգային կազմակերպությունների և իրավապաշտպան խմբերի, ներառյալ ՄԱԿ-ի և երկրի արևմտյան դաշնակիցների կողմից: ԵՄ-ն հայտարարել է, որ օրենքը չի «համապատասխանի» դաշինքին միանալու Վրաստանի դիմումին:

Երեքշաբթի, երբ օրինագծերը քննարկվում էին, ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն տարածեց, որում ասվում էր, որ գործընթացը «եվրաատլանտյան ինտեգրմանը իշխող կուսակցության հանձնառության վերաբերյալ իրական հարցեր» է առաջացրել:

«Այսօր մռայլ օր է Վրաստանի ժողովրդավարության համար. Կրեմլի կողմից ոգեշնչված այս օրենքների առաջխաղացումը խորհրդարանի կողմից անհամատեղելի է Վրաստանի ժողովրդի՝ եվրաինտեգրման և նրա ժողովրդավարական զարգացման հստակ ցանկության հետ»,- ասվում էր հայտարարությունում։

Չնայած իշխող կուսակցությունը պնդում է, որ օրենքը նման է լոբբիստական կազմակերպությունների գործունեությունը կարգավորող ԱՄՆ օրենսդրությանը, երկու տարբերակներն էլ նման են Ռուսաստանի օտարերկրյա գործակալների մասին օրենքին, որը Վլադիմիր Պուտինն ստորագրել է 2012 թ․ և որն օգտագործվել է Կրեմլի կողմից երկրում քաղաքացիական հասարակությանն ու անկախ լրատվամիջոցներին ճնշելու համար:

Իշխող կուսակցությունը խոստացել է, որ նախքան որոշում կայացնելը, թե որ տարբերակը պետք է դառնա օրենք, երկու օրինագծերն էլ գնահատման նպատակով կուղարկի Վենետիկի հանձնաժողով, որն ուսումնասիրում է, թե արդյոք օրենսդրությունը համապատասխանում է ժողովրդավարական և մարդու իրավունքների նորմերին:

Այնուամենայնիվ, երեքշաբթի խորհրդարանի «Վրացական երազանք» խմբակցության ղեկավար Մամուկա Մդինարաձեն ասել է, որ կուսակցությունը կհետևի հանձնաժողովի առաջարկներին միայն «եթե այնտեղ առնվազն որևէ ռացիոնալ բան գրված լինի»:

«Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն, արձագանքելով օրինագծերի դեմ բողոքի ակցիաներին, հայտարարել է, որ մարդկանց մոլորեցրել են «ապատեղեկատվությամբ»։ Նա պաշտպանել է օրենսդրությունը, քանի որ, ըստ նրա, անհրաժեշտ է բացահայտել, թե ով է ֆինանսավորում Վրաց ուղղափառ եկեղեցուն քննադատողներին։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, որն այժմ գտնվում է ԱՄՆ-ում, ասել է, որ կչեղարկի ՄԱԿ-ում իր հանդիպումները, որպեսզի դիմի հանրությանը։ Զուրաբիշվիլին այս ընթացքում բացահայտորեն քննադատել է օրինագծերը:

«Ընթացակարգային երկակիություն»

Օրինագծերի խորհրդարան անցնելու գործընթացը նույնպես մեծ քննադատության է արժանացել։ Խորհրդարանի անվտանգությունը հաճախ խոչընդոտել է ինչպես լրագրողների, այնպես էլ ընդդիմադիր պատգամավորների աշխատանքը: Ընդդիմությունից նաև մեղադրանքներ են հնչել, որ ընդդիմադիր պատգամավորների և լրագրողների դեմ գործուղվել են Պետական անվտանգության ծառայության աշխատակիցներ։

Երեքշաբթի առավոտյան խորհրդարանի խորհուրդը օրինագծերի առաջին լսումը նշանակել է հինգշաբթի։ Սակայն երբ խորհրդարանի դիմաց հավաքված ցուցարարներն աստիճանաբար սկսել են ցրվել, դրանից քիչ հետո իշխող կուսակցությունն անմիջապես սկսել է քննարկումները խորհրդարանի հիմնական պալատում: Անկախ պատգամավոր Ռոման Գոցիրիձեն այդ քայլն անվանել է «ընթացակարգային երկակիություն»:

Տասնյակ հազարավոր մարդիկ դուրս եկան փողոց, երբ հայտարարվեց, որ առաջին լսումները տեղափոխվել են երեքշաբթի: Լուսանկարը՝ Շոթա Կինչայի/OC Media։

Ընդդիմադիր պատգամավորներին բազմիցս արգելել են մուտք գործել հանձնաժողովի լսումների դահլիճ, և խորհրդարանի անվտանգությունը նույնիսկ ֆիզիկապես հեռացրել է նրանց տարածքից։

Առնվազն երկու անգամ իշխող կուսակցության պատգամավորները ֆիզիկապես հարձակվել են օրենսդրությանը դեմ հանդես եկող ընդդիմադիր պատգամավորների վրա: Մինչ օրինագծերը կհաստատվեին խորհրդարանի Իրավական հարցերի հանձնաժողովի կողմից, հանձնաժողովի նախագահ Անրի Օխանաշվիլին ապտակել է «Միացյալ ազգային շարժման» առաջնորդ Լևան Խաբեիշվիլիին։ Այնուհետև խորհրդարանի անվտանգության աշխատակիցները Խաբեիշվիլին քարշ տալով հեռացրել են տարածքից, մինչդեռ Օխանաշվիլիի համար իր գործողությունները որևէ հետևանք չեն ունեցել:

Լրատվամիջոցները նույնպես դժվարությունների են բախվել գործընթացը լուսաբանելիս։ Մեջբերելով օրինագծերի ընդունման հետ կապված «անվտանգության ռեժիմը»՝ խորհրդարանը հրաժարվել է հավատարմագրում տրամադրել լրագրողներին (այդ թվում՝ OC Media-ից), որպեսզի նրանք կարողանան խորհրդարանի շենք մտնել: Մշտական հավատարմագրում ունեցող անձանց ևս թույլ չեն տվել մասնակցել հանձնաժողովներում օրինագծերի լսումներին։ Մի քանի լրագրողների, որոնք խորհրդարանում լինելու հավատարմագրում են ունեցել, խորհրդարանի անվտանգությունը ևս ֆիզիկապես դուրս է հանել տարածքից։

Publika և Tabula լրատվականներից երկու լրագրող ձերբակալվել են մարտի 2-ին օրենքի դեմ բողոքի ցույցերի ժամանակ և այժմ մեղադրվում են ոստիկանությանը դիմադրելու և չենթարկվելու մեջ:

Մեկնաբանել