Մարտի ութն ու մնացած 364 օրերը

Տոնացույցն ասում է, որ այսօր մարտի ութն է։ Անփոփոխ փորձն ու նախօրեից սկսած իրարանցումն ասում են, որ նորից կմսխվի կնոջը և նրա դրությունը ճանաչելու, նրա ճնշվածությունը, առօրյան, այդ անվերջանալի առօրյայում իրացվող, բայց այդպես էլ չնկատվող ներուժի մասին մտածելու հնարավորությունը։ Ափսոս է, որ կնոջ կարգավիճակի վիճարկումը (կարող ենք անգամ ասել՝ «կարգավիճարկում», չէ՞) առաջին հերթին կկորչի կնոջից կնոջն ուղղված բարեմաղթանքներում, հաճոյախոսություններում, նվերներում։ Որովհետև կինը պիտի որ ավելի, քան տղամարդը, իմանա, որ իրեն դա՛ չի պետք։ Հաստատ ոչ՝ առաջին հերթին։ Սակայն միայն առաջին հայացքից է պարադոքսալ այն, որ ծաղկից ուրախանալը խնդրականացնող օրը սահուն վերածվել է ծաղիկ ստանալու օրվան, որ կնոջը կոնկրետ դարակներում տեղավորող դիսկուրսներն ու վարքը առավել ինտենսիվանում են հատկապես այն օրը, որը այդ ամենի դեմ պայքարը նշանավորելու համար է։ Սա նշանակում է, որ իրական ձեռքբերում չկա, ուստի նշելու բան էլ չկա։

Այսպիսի շրջման դեմ անիմաստ է պայքարելը։ Մեծ հաշվով, մի խնդիր էլ այդ «միջազգային օրերն» են։ Եթե համակարգային խնդրի համար ծիսականորեն մեկ օր պիտի հատկացվի, ուրեմն կարելի է և անգամ տեղին է այդ մեկ օրն էլ տապալել։ Մարտի ութն այնպես, ինչպես Հայաստանում և մնացած հետսովետում է «տոնվում», միայն խորհրդանշական օրվա նենգափոխում չէ։ Այն կնոջ իրական ուժի նենգափոխումը խորհրդանշող օր է։ Ուրեմն այդ ծաղկախեղդ օրը կարող է օգտակար լինել այդ շրջումն ու վատնումը նկատելու համար։ Եթե, իհարկե, հավես ունենք դրա մասին մտածելու։

Ինչպես ցանկացած այլ թեմայի, այնպես էլ՝ կնոջ դրության և գենդերային անհավասարության վերաբերյալ քննարկման մակարդակը Հայաստանում մնում է նոմինալ, ձևը՝ ծիսական։ Անհավասարության, բռնության խնդիրները բարձրաձայնողները հիմնականում դրանց մասին խոսում են որպես ինքնագո, առաջնահերթ խնդիր՝ հանրային ավելի ընդհանուր խնդիրներից կտրված։ Իսկ մյուս կողմից ցանկացած այդպիսի բարձրաձայնում հակադարձվում է հազարավոր շուրթերից գրեթե նույն բառերով, բայց չգիտես ինչու հեղինակային տոնով հնչող շաբլոններով, օրինակ՝ «ի՞նչ անհավասարություն, կանայք հիմա ավելի հեշտ են գործ գտնում» կամ «հիմա տղամարդիկ ավելի ճնշված են» և այլն։

Ինչևէ, կնոջ խնդրի ողջ խորքը քննելու համար չէ այս հոդվածը։ Դրա համար կա անսպառ ու տեղ-տեղ անգին ֆեմինիստական գրականություն, կան ֆեմինիստական ձայներ նաև Հայաստանում։ Իսկ եթե հասարակագիտական լեզուն բարդ է, ապա կարելի է լսել կնոջ բանաստեղծական ձայնը (հետաքրքիր է՝ մեր կին ֆեմինիստ գրողներից, որոնց հիմա քիչ-քիչ սկսել են հիշատակել, քանի՞ գիրք իրար նվիրեցին վերջերս գրքի տոնին)։ Ի վերջո, կան ֆեմինիզմ բառը չլսած, բայց իրենց հարցերի մասին խոսելու պատրաստ կանայք ձեր կողքին, որոնց չեք խոսեցնում։ Ծաղիկ նվիրելն ավելի հեշտ է։ Իսկ նրանց բողոքը լուռ է, այնքան լուռ, որ նույնիսկ հենց լռողի կողմից մոռացվում է՝ չհասցնելով լիովին գիտակցվել, դառնալով առողջական գանգատ, ցավացող նյարդ։ Բայց մենք ապրում ենք այնպիսի օրերում, երբ առանց չափազանցելու կամ կնոջ դժվարությունը նսեմացնելու կարելի է պնդել, որ այդ ցավացող նյարդն ամենուր է, բոլորն ունեն։ Կնոջ ճնշումը օղակ է բազմաչափ ճնշվածությունների շղթայում (միջազգայինից մինչև բակային), որտեղ իրավունք և ազատություն ուզելը մեծ շքեղություն է թվում։ Եվ իսկապես, իսկ ո՞ւմ է լավ Հայաստանում, կարելի է հարցնել։ Կամ, իսկապես, ինչպե՞ս որոշել, թե ում է ավելի դժվար։ Եվ ինչպե՞ս խոսել կնոջ խնդրից, որ ո՛չ լղոզվի այլ հարցերի հետ, ո՛չ էլ մասշտաբային խնդիրների ֆոնին նմանվի անպատեհ նվնվոցի։

Ուրեմն, ինչի՞ մասին է այս հոդվածը։ Թերևս մի չնկատվող հավասարության մասին, որը կարևոր է՝ որպես մնացած (ան)հավասարությունների մասին խոսակցության սկիզբ։ Որպես մի մեկնակետ, որտեղ մենք հաստատ կարող ենք իրար հասկանալ։

Մենք հազիվ թե հավասար ենք իրար՝ իրավունքներով, բայց առնվազն հավասար ենք վտանգների առաջ։ Այնպիսի վտանգների, որոնք մեկ կամ մյուս խմբի (սեռային, տարիքային, սերնդային, դասակարգային և այլն) հարաբերական արտոնությունը դարձնում են չնչին և վիճելի, որտեղ, օրինակ, աղջիկ երեխայի փոխարեն գերադասված և երես տված տղան սառը թաց խրամատներից կարող է հետ էլ չգալ, և սգացող հայրը՝ «տան գլուխը», կարող է կոտրվել մորից էլ առավել։ Մենք հավասար ենք արդեն եղածի ու սպասվողի, ցավի առաջ։ Մեծ հաշվով մեր կոլեկտիվ խնդիրների առջև ենք մենք հավասար՝ կին, թե տղամարդ։ Այն, ինչ վերջին երեք տարում գրեթե բոլորի ընտանիք է մտել, տեղի է ունենում ոչ թե անհատապես ամեն մեկի, այլ առաջին հերթին՝ այն հավաքականության հետ, որի մասն ես կազմում և որն էլ քո ինքնության մասն է կազմում։ Եվ այն, ինչ կատարվում է վերջին երեք տարում ու կախված է հետագա տարիների վրա, իրար հետ կիսելու, ոչ թե իրար միջև ցրելու բան է։

Հենց այստեղ է, որ նորից առաջ է գալիս կնոջ մասին խոսելու, կնոջը տեսնելու պահը։
Մեր ամենամեծ մարտահրավերն այսօր կյանքի աճող բարդությունն է, որ ընդամենը մի քանի տարի առաջ չէինք էլ պատկերացնի։ Բարդությունն ավելի լավ կարող են հասկանալ ու կրել կանայք (այո՛, սա պնդում է)։ Նրանք ամեն օր են ավելի բարդ կյանքով ապրել, քան տղամարդիկ։ Վաղ տարիքից։ Հենց բարդ, ոչ թե՝ դժվար, այսինքն՝ ոչ թե խնդրի ինտենսիվության ու ծավալի մասին է խոսքը, այլ միաժամանակ բազմազան խնդիրների մասին համադրաբար մտածելու, լուծելու։ Սա ամենօրյա ռեժիմ է կնոջ համար, ընդ որում՝ ոչ թե բնատուր ինչ-որ նախադրյալների, այլ հենց իր վրա բարդվածից գլուխ հանելու, այլ ճար չունենալու բերումով։ Այն, ինչ(երն) ամեն օր անում է կինը ու մի լղոզած բառով արտահայտվում է որպես «առօրյա հոգս», ոչ թե դժվար, այլ բարդ գործ է, որ պահանջում է համալիր կարողություններ, ճկունություն, դիմակայություն բազմառաջադրանք իրավիճակին, զուգահեռ թեմաներ ու հաղորդակցություններ պահելու ունակություն։ Սա իրողություն է, որն ապրվում է ամեն օր, և ցանկացած կին կհասկանա, թե ժամանակի պայմանական միավորի, ասենք՝ հինգ րոպեի ընթացքում, քանի բան է հաշվարկում, մտապահում, կարգավորում (կամ ձախողում) նա՝ թե՛ մտքում, թե՛ գործնականորեն։ Ճիշտն ասած՝ կարևոր էլ չէ, թե որքան համոզիչ է սա հնչում տղամարդու համար։ Եթե համոզիչ չի հնչում, ապա գուցե հենց այդ բարդությունը չպատկերացնելու և պատկերացնելու կարիքը չունենալու արտոնյալության պատճառով է։ Շատերն այդպես էլ դեմ հանդիման չեն ուզում կանգնել այն բարդությանը, որ միշտ կար (կնոջ) ամեն օրվա մեջ և որ այսօր ողջ աշխարհի մասին է։
Այսպիսով, տվե՛ք կնոջը այսօրվա բարդությունը, հետևեք, թե ինչպես նա վարվում դրա հետ, ինչ է անում, որ ձեր մտքով չէր անցնի, ու հետո միացեք նրան՝ այդ բարդությունը հասցեագրելու։ Զավեշտալի մեծահոգությամբ մի՛ հաճոյախոսեք այս կամ այն կնոջը՝ «զարմանալիորեն» խելացի լինելու համար, նրա ճանապարհը բացեք (չշփոթելով դա ձեր տեղի հետ), որ նա ևս գործի, խոսի՝ ոչ թե ձեզ հաճելիորեն տպավորելու, այլ համատեղ լուծումների քննարկման համար։ Տվե՛ք կնոջը բարդություն, միայն մի՛ պարզեցրեք նրան։ Դա վտանգավոր է բոլորիս համար։ Որովհետև կնոջ ճնշումը ի՞նչ է, եթե ոչ առաջին հերթին կնոջ ուժի՛ ճնշում՝ անթույլատրելի շռայլություն այս օրերում, երբ բոլորիս ուժերն են պետք՝ հենց ուժեր, իրենց բազմազանությամբ։ Կնոջը պարզունակ, ծաղկից հուզվողի կերպարի մեջ դնելը այդպիսի ճնշում է։ Սակայն այստեղից կարելի է հեշտորեն սայթաքել մյուս ծայրահեղություն՝ թյուր եզրահանգելով, որ կնոջը ուժեղացնելու և տղամարդուն հավասարեցնելու համար միայն զենք բռնելն է պակասում՝ խոսակցություն, որն արդեն կա կառավարական և կամավոր նախաձեռնություններում։ Այդ քննարկումները վստահ դեմքով անում են, (չ)գիտես ինչու, հիմնականում տղամարդիկ։ Կարծես հայ կնոջ եղած ուժեղ կողմերը, մասնագիտական կարողությունները, կյանքի հմտությունները հարկ եղածի չափ արդեն օգտագործվել են, կնոջ զորեղացմանը նպաստող բոլոր քաղաքականությունները մշակվել ու իրականացվել են, ու ճիշտ ժամանակն է նրան լրիվ նոր գործ տալ՝ հրավիրել բանակ։ Հանրային պաշտպանունակությունը մեծացնելու մասին խոսակցություններն, իհարկե, հասկանալի են, ինքնապաշտպանական գիտելիքներ ունենալու կարիքը՝ ևս։ Միայն թե կնոջը հասնելիս, ցավոք, ամենը նորից պարզեցվում է։ Կինը կարող է ավելին՝ երկրի պաշտպանունակության համար, և դա հաստատ, առաջին հերթին, զենք բռնելը չէ գերտեխնոլոգիական այս դարում, որտեղ խիստ հազվադեպ հանդիպող թշնամին առանձնահատուկ հաճույքով է հոշոտելու հենց կնոջը։

Այսօր կինը դարմանողի, գրկողի, հասկացողի, կարգավորողի, գյուտարարի, հետազոտողի, ղեկավարի, ռեֆորմատորի և հազար այլ դերեր ունի․ նա իր ոլորտի մասնագետ է, բայց նաև՝ մարդ, որը լավ գիտի օգնել, խնամել, ձևավորել աջակցության օղակներ։ Նա կարող է հազար բան։ Բայց դրանք անելու համար ինքն էլ հենակետի, աջակցության օղակների կարիք ունի։ Հաճախ նրա ռեսուրսները մնում և «հնանում» են, որովհետև, օրինակ, մայրության ամսական նպաստները հերիքում են միայն մեկ տուփ տակդիրի, որովհետև կնոջ պետական աջակցության գաղափարը վուլգարության աստիճանի նյութական, ժամանակավրեպ է։ Երբ քաղաքականությունները դառնան ավելի մարդակենտրոն, դրանք ինքնաբերաբար նաև նպաստավոր կդառնան կնոջ ինքնիրացման համար։ Իսկ քաղաքականություններից զատ՝ մարդկային փոխհարաբերություններում, վատ չէր լինի ավելի ուշադիր և սատարող լինել միմյանց։ Անելիք ունի, բնականաբար, նաև կինն իր ներսում՝ անկախ միջավայրից։ Դեռ միայն բարդացող աշխարհում նա չի կարող չփոխվել, չինքնաճանաչել, չինքնազարգանալ, իրենից վանել նորանոր անելիքներ։ Կնոջ անելիքը չի զեղչվում նաև մարտի ութին։

Ծաղիկ նվիրելը խանդավառությամբ քողարկված մեր անհավեսությունն է՝ լուրջ խնդիրներ ընդունելու։ Այդ խնդիրներից ընդամենը մեկն է կնոջ ճնշման հարցը մեր հասարակությունում։ Բայց շատ կարևոր է այդ խնդիրը ճիշտ տեղակայել ընդհանուր խնդիրների քարտեզում, որպեսզի երևան դրա սահմանները մյուս խնդիրների հետ։

Կնոջ կողմից գրված այս տեքստը, ինչպես և շատ այլ դեպքերում, հավանաբար կկարդան հիմնականում կանայք։ Ու սա՛ էլ օրինաչափ է։

Մեկնաբանել