Ղազախական կինոյի 4 օր` Երևանում

Հայաստանի և Ղազախստանի միջև 20-ամյա դիվանագիտական հարաբերությունների հաստատման առթիվ Երևանում կայանալիք տոնակատարությունների շրջանակներում օգոստոսի 27-31-ը կանցկացվեն Ղազախստանի կինոյի օրեր: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի ազգային կինոկենտրոնի մամլո ծառայությունից:

ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության դեսպանատան, «Ղազախֆիլմի» և Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից անցկացվող այս միջոցառման ընթացքում հայ հանդիսատեսին կներկայացվեն ղազախ ռեժիսորների հինգ լավագույն ֆիլմերը:

Ղազախական կինոյի օրերը կմեկնարկեն օգոստոսի 27-ին «Մոսկվա» կինոթատրոնում` «Քոչվորները» ֆիլմի ցուցադրմամբ, որը ղազախ հանդիսատեսի ամենասիրված ֆիլմերից է համարվում: Ղազախա-ամերիկա-ռուսական համատեղ արտադրության այս ֆիլմում նկարահանվել են հոլիվուդյան մի շարք դերասաններ: Ֆիլմը նկարահանված է Իլյա Եսենբերլինի «Քոչվորները» ստեղծագործության երկրորդ գրքի հիման վրա: Այն պատմում է Մանսուր տղային մասին, ում վիճակված էր դառնալ մեծ ռազմիկ, միավորել սփռված ղազախական ցեղերին և Ղազախստանի տափաստաններից հավերժ վտարել հորդաներին: Այն լի է իսկական սիրո և անձնուրաց բարեկամության, հավատարմության քնարականությամբ, և հիմնված է իրական պատմական փաստերի` 18-րդ դարում Աբիլայ Խանի ժամանակ տեղի ունեցած դեպքերի վրա:

Երևանում կցուցադրվեն նաև` «Իմ մանկության երկինքը», «Ով եք Դուք՝ պարո՛ն Կա» և այլ ֆիլմեր:

Մեկնաբանել