Մարտի 5-ի ահաբեկչությամբ Ադրբեջանը մի քանի նպատակ է հետապնդում․ Փաշինյան

Կառավարության մարտի 9-ի նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ մարտի 5-ին ադրբեջանական դիվերսիոն խմբի կողմից Լեռնային Ղարաբաղի ոստիկանության աշխատակցիների վրա հարձակմանը՝ այն որակելով որպես ահաբեկչություն։

«Այդ ահաբեկչական ակտի զոհ գնացին Լեռնային Ղարաբաղում ծնված, ԼՂ-ում ընտանիքներ կազմած երեք, երկու և մեկ երեխաներ ունեցող երեք քաղաքացի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Այս համատեքստում գործադիրի ղեկավարը հիշեցրեց փետրվարի 15-ին Մյունխենի անվտանգության համաժողովի պանելային քննարկմանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արած հայտարարություններից մեկը։

«Ադրբեջանի նախագահը Մյունխենում ընդունել էր, որ գոյություն ունի միջազգային պայմանավորվածություն, համաձայն որի՝ իրենք պետք է Լեռնային Ղարաբաղի հայության ներկայացուցիչների հետ քննարկեն վերջիններիս իրավունքների և անվտանգության հարցը։ Ադրբեջանի նախագահը, սակայն, ընդգծել էր, թե այդ քննարկումներն իրենք պատրաստվում են ունենալ ԼՂ-ում ծնված և ապրած մարդկանց հետ։ Մարտի 1-ին Լեռնային Ղարաբաղում ՌԴ-ի խաղաղապահ զորախմբի կենտրոնակայանում տեղի էր ունեցել ԼՂ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը։ Այդ հանդիպումից չորս օր անց Ադրբեջանը ձեռնարկեց վերը նկարագրված սադրանքը, որը այլ կերպ, քան ահաբեկչական ակտ, դժվար է որակել»,- շեշտեց Փաշինյանը։

Նրա կարծիքով՝ մարտի 5-ի ահաբեկչությամբ Ադրբեջանը մի քանի նպատակ է հետապնդում։

«Առաջինը ԼՂ-ի ներկայացուցիչների հետ հետագա բանակցությունների վիժուցեմն ու նոր ռազմական սադրանքի համար անհրաժեշտ ֆոն ստեղծելն է»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ անհրաժեշտ է միջազգային հուսալի մեխանիզմներ ստեղծել, որ Բաքու-Ստեփանակերտ «անխափան և ինստիտուցիոնալ խոսակցություն տեղի ունենա»։

Բացի այդ, Նիկոլ Փաշինյանի՝ մարտի 5-ի սադրանքի նպատակն էր ստեղծել կեղծ ապացույցներ, թե Հայաստանից դեպի Լեռնային Ղարաբաղ զենք-զինամթերք է տեղափոխվում։

«Այս թեման Ադրբեջանի համար կարևոր է հատկապես Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշումից հետո, երբ դատարանը միանշանակ և աներկբա մերժեց Հայաստանի նկատմամբ ժամանակավոր միջոց կիրառելու Ադրբեջանի պահանջ, որով Ադրբեջանը Հայաստանին մեղադրում էր ականապատումներ իրականացնելու մեջ»,- ընդգծեց գործադիրի ղեկավարը՝ հավելելով, որ դրանից հետո փլուզվեցին տարբեր միջազգային հարթակներում ականապատումների մասին Հայաստանին ուղղված Ադրբեջանի մեղադրանքները։

Նրա խոսքով՝ ոստիկանության մեքենայում բացի փաստաթղթերից և տաբելային զենքերից, այլ բան չի եղել։

Ադրբեջանի հաջորդ նպատակը, ըստ վարչապետի, այն էր, որ այդ երկիրը «ծածկի Ադարադատության միջազգային դատարանի որոշումը չիրականացնելու փաստը»։

Ամփոփելով իր խոսքը Նիկոլ Փաշինյանը պնդեց, թե Ադրբեջանը գնում է իրադրությունը սրելու ճանապարհով։

«Ուստի ավելի հրատապ է դառնում ԼՂ և Լաչինի միջանցք անհապաղ միջազգային փաստահավաք առաքելության գործողուման անհրաժեշտությունը՝ կանխելու համար Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի սանձազերծումը և Լեռնային ժողովրդին էթնիկ զտումների ու ցեղասպանության ենթարկելու Ադրբեջանի ակնհայտ նախապատրաստությունները, որոնք արտահայտվում են միջազգային դատարանների որոշումները չկատարելով, Լաչինի միջանցքը փակ պահելով, ռազմական սադրանքներ և ահաբեկչական գործողություններ ձեռնարկելով»։

Միևնույն ժամանակ նա վերահաստատեց Հայաստանի Հանրապետության՝ տարածաշրջանում խաղաղության հասնելու ձգտումը։

Մեկնաբանել