Հայաստանը մեծ կարևորություն է տալիս արաբական պետությունների հետ հարաբերություններին․ Արարատ Միրզոյան

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանըմ որը մարտի 7-9-ն աշխատանքային այցով Եգիպտոսում է, ելույթ է ունեցել Արաբական երկրների լիգայի՝ նախարարական մակարդակով 159-րդ նիստին։ Միրզոյանն իր ելույթում անդրադարձել է արաբական երկրների հետ Հայաստանի հարաբերություններին ու Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրադրությանը։ Ելույթից մի հատված՝ ստորև։

«Մեր տարածաշրջանում Հայաստանը բանակցություններ է վարում Ադրբեջանի հետ՝ քննարկելով երկու երկրների հարաբերությունների կարգավորման հարցեր՝ տարածաշրջանում խաղաղության հաստատման նպատակով:

Հակիրճ ելույթում չեմ ցանկանում ձեզ ծանրաբեռնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և Հայաստանի ինքիշխան տարածքի դեմ լայնածավալ ագրեսիաներին մանրամասներով: Ես չեմ ուզում նաև, որ դուք հայտնվեք փոխադարձ մեղադրանքների և վեճերի տիրույթում: Փոխարենը, կներկայացնեմ ամբողջական գործընթացի ընդհանրական պատկերը:

Ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանը մերժում է ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը և փորձում է հարևանների հետ բանակցել կառուցողական դիրքերից և հավատարիմ է բոլոր չկարգավորված խնդիրներին դիվանագիտության միջոցով արդարացի լուծումներ գտնելուն։ Մեր անկեղծ ջանքերին ի պատասխան, Ադրբեջանը շարունակում է իր ատելության խոսքն ու այլատյացության հռետորաբանությունը, ինչպես նաև ագրեսիվ և առավելապաշտական գործողությունները:

Այս առնչությամբ ցանկանում եմ անդրադառնալ վեջին զարգացումներին: Ինչպես գիտեք, արդեն ավելի քան երկու ամիս է, ինչ Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը` Լաչինի միջանցքը, ապօրինի կերպով արգելափակվել է, այսպես կոչված, էկոակտիվիստների խմբի կողմից, ինչն ակնհայտորեն կազմակերպված է Ադրբեջանի կառավարության կողմից: Ավելին, Ադրբեջանը պարբերաբար խափանում է Լեռնային Ղարաբաղ էլեկտրաէներգիայի և գազի մատակարարումները, ինչի արդյունքում Լեռնային Ղարաբաղի հայերը հայտնվել են հումանիտար աղետի եզրին: Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության երաշխիքների շուրջ տեղական իշխանությունների հետ բանակցություններ վարելու փոխարեն՝ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը կոչ է անում արցախահայությանը լքել իրենց տները՝ նպատակ ունենալով նրանց զրկել հայրենիքից և կյանքի կոչել էթնիկ զտումների իր քաղաքականությունը։

Լաչինի միջանցքի արգելափակման համատեքստում ուզում եմ ընդգծել, որ այս տարվա փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշում է կայացրել Ադրբեջանի դեմ հրատապ միջոց կիրառելու վերաբերյալ: Հիշյալ որոշմամբ Դատարանը փաստել է, որ առկա է հայերի իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգ և պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղությամբ անխափան տեղաշարժը։

Հարգարժա՛ն նախարարներ,

Ցավոք, մեր հարևան Ադրբեջանը շարունակաբար մանիպուլացնում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցերն ու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը միջազգային տարբեր հարթակներում՝ հատկապես այն կազմակերպություններում, որտեղ Հայաստանը ներկայացված չէ, ինչպիսիք են Իսլամական համագործակցության կազմակերպությունը և Չմիավորման շարժումը՝ փորձելով դրանց տալ կրոնական երանգ և օգտագործելով իսլամական համերաշխության զգայուն գաղափարախոսությունը: Մենք ակնկալում ենք, որ նման փորձերը կմերժվեն և մեր բարեկամ արաբական երկրներին չեն ներքաշի կրոնական տարաձայնությունների դաշտ։ Մենք պետք է կանխենք բացառապես քաղաքական և հումանիտար բնույթի խնդիրներին կրոնական երանգ հաղորդելու հետագա ցանկացած փորձ:

Եվ կրկին անգամ, Արաբական պետությունների լիգայի այս հարթակում, ընդգծում եմ, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս արաբական պետությունների հետ հարաբերություններին և վերահաստատում ձեր երկրներից յուրաքանչյուրի հետ համագործակցության հեռանկարներն ընդլայնելու մեր պատրաստակամությունը»։

Մեկնաբանել