Սեյրան Օհանյանն ու նրա ներկայացուցիչները չներկայացան ապօրինի ծագում ունեցող գործի դատական նիստին

Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ու նրա հետ փոխկապակցված անձինք, նրանց ներկայացուցիչները մարտի 9-ին չներկայացան Հակակոռուպցիոն դատարան՝ նրանց հետ կապված ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցի քննությանը։

2022-ի մայիսին դատախազությունը դիմել էր դատարան՝ պանաջելով Սեյրան Օհանյանից ու նրա հետ փոխկապակցված անձանցից բռնագանձել Երևանում գտնվող հասարակական նշանակության երկու շինություն, Վահագնի թաղամասում գտնվող առանձնատուն, մեկ տրանսպորտային միջոց։ Բացի այդ, դատախազությունը պահանջում է բռնագանձել 477 միլիոն դրամ, որը ապօրինի դրամական միջոցների մնացորդ է և 600 միլիոն դրամ, ոչը չի հիմնավորվում օրինական եկամուտներով։

Դատական անցած նիստին դատախազ Գևորգ Քոչարյանը ներկայացրել էր հայցի առարկան ու հիմքերը։ Սկզբնապես ներկայացված ապօրինի որակված գույքերի ցանկին ավելացել էր նաև Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքում գտնվող ամառանոցային տարածքը, որը ձևակերպվել էր Սեյրան Օհանյանի նախկին օգնականի ազգականի՝ Բենիամին Ղալեչյանի անվամբ։ Պաշտպանության նախկին նախարարը դատարանում հայտարարել էր՝ թվարկված գույքերն իրեն չեն պատկանում, նաև ասել էր, որ փաստաբանները պետք է ծանոթանան հայցին ու նյութերին։

Մարտի 9-ին ոչ Օհանյանը, ոչ նրա ներկայացուցիչները դատական նիստին չներկայացան։ Նիստը շարունակվեց առանց պատասխանողների։ Դատավոր Կարապետ Բադալյանը բավարարեց դատախազության միջնորդությունը, որը վերաբերում էր Բենիամին Ղալեչյանին ու նրա կնոջը որպես պատասխանողներ ներգրավելուն։ Բացի այդ, Բադալյանը բավարարեց մեկ այլ միջնորդություն, որը վերաբերում էր գործով «Արարատբանկ»-ը որպես երրորդ անձ ներգրավելուն։ Ինչպես նշեց դատախազ Գևորգ Քոչարյանը, Երևանի Նալբանդյան փողոցում գտնվող գույքը 2019-ին գրավադրվել էր բանկում և հաշվի առնելով բանկի իրավունքներն ու պարտականությունները՝ այն պետք է ընդգրկվի գործում որպես երրորդ կողմ։

Հաշվի առնելով, որ գործով պատասխանողների շրջանակն ընդլայնվել է, նիստը հետաձգվեց՝ հնարավորություն տալով վերջիններիս ծանոթանալ գործի նյութերին, առարկային, հիմքերին։ Սեյրան Օհանյանի այս գործով դատական հաջորդ նիստը կկայանա ապրիլի 13-ին։

Մկրտիչ Կարապետյան

Մեկնաբանել