Ադրբեջանը շարունակում է սպառնալ Հայաստանի ժողովրդավարական կառավարությանը․ Freedom House

Մարկ Դովիչ

Հինգշաբթի ամերիկյան Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է իր տարեկան` «Ազատությունն աշխարհում» (Freedom in the World) զեկույցը, որում Հայաստանը պահպանել է «մասամբ ազատ» կարգավիճակը: Երկրի գնահատականը մի փոքր իջել է տարածաշրջանում պատերազմի վտանգի ետնապատկերին:

Զեկույցը Հայաստանին 100 միավորից տվել է 54 միավոր, որոնցից 23-ը վերաբերում է քաղաքական իրավունքներին և 31-ը՝ քաղաքացիական ազատություններին: Սա մեկ միավորով նվազ է նախորդ տարվա ցուցանիշից։ Freedom House-ը դա պայմանավորում է «պատերազմից զերծ» (freedom from war) ցուցանիշի վատթարացմամբ՝ կապված անցած սեպտեմբերին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման հետ։

Այս տարվա զեկույցը Հայաստանը դնում է այն տասը երկրների շարքում, որոնք «2023-ին արժանի են հատուկ զննության», և նախազգուշացնում է, որ Ադրբեջանը շարունակում է սպառնալ Հայաստանի ժողովրդավարական կառավարությանը և մեծացնում է պատերազմի վտանգը:

«Ազատությունն աշխարհում» զեկույցը, որը գնահատում է ամբողջ աշխարհում իրավունքներն ու ազատությունները ըստ երկրների, արձանագրում է, որ բալթյան երկրներից բացի՝ նախկին խորհրդային հանրապետություններից որևէ մեկը 2022-ին «ազատ» չի դասակարգվել։ «ժողովրդավարական կառավարման այս պակասը ապակայունացրել է տարածաշրջանը»,- նշում են զեկույցի հեղինակները:

Հարավային Կովկասում Վրաստանը Freedom House-ի սանդղակում առաջատարն է՝ 58 միավոր վարկանիշով և «մասամբ ազատ» կարգավիճակով՝ ինչպես նախորդ տարի:

Լեռնային Ղարաբաղը, որը կազմակերպությունը գնահատում է «առանձին գնահատվող տարածք», նույնպես 37 միավորով դասակարգվել է «մասամբ ազատ» և մեկ միավոր ավելի է վաստակել նախորդ տարվա ցուցանիշից:

Զեկույցը Ադրբեջանը, Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան գնահատում է «ոչ ազատ» երկրներ։ Ադրբեջանը քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների մասով աշխարհի ամենավատ ցուցանիշ ունեցող 16 երկրների շարքում է:

Ընդհանուր առմամբ, ըստ Freedom House-ի, 2022-ին արդեն 17-րդ տարին անընդմեջ գլոբալ ազատությունները անկում են ապրում, սակայն 2022-ին անկումն էականորեն դանդաղել է:

Read the article in English: Freedom House slightly lowers Armenia’s score, citing Azerbaijan’s aggression

Մեկնաբանել