Շոլցի հայտարարությունը, Երևանի լղոզված դիրքորոշումներն ու Բաքվի չդադարող ագրեսիան

Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Օլաֆ Շոլցի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մարտի 2-ի համատեղ ասուլիսը բուռն քննարկումներ առաջացրեց Հայաստանում: Շոլցը, խոսելով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման մասին, հայտարարեց. «Ստատուս քվոն չի կարող շարունակվել, և պետք է հանգել երկարաժամկետ լուծման` ի բարօրություն մարդկանց: Այս առումով անհրաժեշտ է հասնել խաղաղ հանգուցալուծման Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների ինքնորոշման տեսանկյունից: Ընդ որում, այս բոլոր սկզբունքները հավասարազոր են»:

Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների ինքնորոշման վերաբերյալ Շոլցի հայտարարությունը տեղ էր գտել նաև կանցլերի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությունում: Այնուամենայնիվ, այս հատվածը որոշ ժամանակ անց հեռացվեց հաղորդագրությունից` ամենայն հավանականությամբ Բաքվի առարկությունների պատճառով:

Գերմանիայի կանցլերի նման համարձակ հայտարարության շարժառիթները բարդ է հասկանալ: Գերմանացի առաջատար փորձագետները մասնավոր զրույցներում նշում են, որ Շոլցն այդ հայտարարությամբ հավանաբար ցանկացել է ընդգծել, որ հայ-ադրբեջանական համատեքստում արդարացի լուծումներ են պետք:

Այնուամենայնիվ, տվյալ պարագայում ակնառու են ոչ միայն Շոլցի հայտարարության պատճառները, այլև նոր իրականությունը, որում ինքնորոշման իրավունքի վերաբերյալ ամեն մի հիշատակում տարբեր միջազգային դերակատարների կողմից իրարանցում է առաջացնում Հայաստանում և Արցախում:

44-օրյա պատերազմից առաջ բոլոր միջազգային դերակատարները, խոսելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, ի թիվս երկու մյուս հիմնարար սկզբունքների՝ անպայմանորեն հիշատակում էին նաև ինքնորոշման իրավունքը: Իհարկե, Ղարաբաղյան երկրորդ պատերազմում հայկական կողմերի ծանրագույն պարտությունը ինչ-որ չափով ազդեցություն է ունեցել հակամարտության վերաբերյալ միջազգային ընկալումների վրա: Այնուամենայնիվ, այս նոր իրողությունների առկայության հիմնական պատճառը վերջին երկու տարվա ընթացքում Հայաստանի իշխանությունների վարած անհետևողական, քաոտիկ ու ոչ պրոֆեսիոնալ քաղաքականությունն է:

Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո` 2021 թվականի ապրիլին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ, որում նշել էին, որ հակամարտությունը պետք է կարգավորվի «կողմերին լավ հայտնի տարրերի ու սկզբունքների հիման վրա», այսինքն` Մադրիդյան սկզբունքների: Միջնորդների կողմից օգտագործված այս ձևակերպումը 2021 թվականի ամռանը տեղ էր գտել նաև ՀՀ կառավարության ծրագրում։

Սակայն հետագա ամիսների ընթացքում Ղարաբաղյան հարցում Հայաստանի իշխանությունների դիրքորոշման մեջ հիմնարար փոփոխություններ տեղի ունեցան, որոնք բարձրաձայնեց Նիկոլ Փաշինյանը 2022 թվականի ապրիլի 13-ի հայտնի ելույթում: Այդ ելույթից հետո Երևանը վերջնականապես հրաժարվեց նույնիսկ միջնորդների` ավելի մեղմ ու քողարկված բառապաշարով կարգավորման հիմնարար սկզբունքները հիշատակելուց: Փոխարենը շեշտը դրվեց Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների ու անվտանգության խնդիրների վրա: Հիշեցնենք, Փաշինյանը հայտարարել էր, որ նշաձողի իջեցման այս քաղաքականությունը Հայաստանի շուրջ լուրջ միջազգային կոնսոլիդացիա է ապահովելու:

Այնուամենայնիվ, առանցքային դիրքորոշումներից հրաժարվելու Երևանի քաղաքականությունը չկանխեց ու չմեղմեց Ադրբեջանից եկող անվտանգային սպառնալիքները: Փաշինյանի ելույթից ամիսներ անց` 2022-ի սեպտեմբերին, Ադրբեջանը իրականացրեց Հայաստանի դեմ ամենալայնածավալ ռազմական հարձակումը 44-օրյա պատերազմի ավարտից հետո` լուրջ մարդկային ու տարածքային կորուստներ պատճառելով հայկական կողմին: Սեպտեմբերյան էսկալացիայից հետո Հայաստանի շուրջ բնականաբար որևէ միջազգային կոնսոլիդացիա տեղի չունեցավ: Որոշ դերակատարներ հնչեցրին մի քանի հասցեական հայտարարություններ, որոնք սակայն բավարար չէին Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու ու Հայաստանի գրավյալ տարածքները դեօկուպացնելու համար:

Փաշինյանի՝ ապրիլի 13-ի ելույթը լուրջ ասիմետրիա ստեղծեց նաև հակամարտության վերաբերյալ միջազգային ընկալումներում: Հայաստանի կողմից սեփական դիրքորոշումներից հրաժարվելու քաղաքականությունը ճանապարհ բացեց ադրբեջանական խոսույթների ու ձևակերպումների անխոչընդոտ տարածման համար: Այսպես, եթե 2021 թվականի ապրիլին միջնորդները խոսում էին հայտնի սկզբունքների ու տարրերի հիման վրա Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ու Լեռնային Ղարաբաղ Մինսկի խմբի համանախագահների այցերի վերականգման մասին, ապա վերջին շրջանում նրանցից ոմանք շատ հաճախ խուսափում են նույնիսկ «Լեռնային Ղարաբաղ» տեղանունը օգտագործելուց:

Կառավարության վարած քաղաքականության ջատագովները վերոնշյալ նկատառումներին հիմնականում հակադարձում են երկու փաստարկով.

1. Հայաստանը Արցախի ինքնորոշման իրավունքի մասին խոսելու ռեսուրս չուներ

2. Ադրբեջանը ամեն դեպքում չէր համաձայնելու այդ օրակարգով որևէ բանակցություններ վարել Հայաստանի հետ, այդ իսկ պատճառով հայկական կողմը ավելի իրատեսական մոտեցումներ ձևավորելու խնդիր ուներ

Առաջին փաստարկը իրականում կարելի է շրջել այն օգտագործողների դեմ: Պատերազմում պարտությունից հետո Հայաստանի ռեսուրսները իրոք սակավ էին/են: Սակայն երբ միջնորդները նույնիսկ հայկական կողմի աղետալի պարտությունից հետո են վերահաստատում հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների արդիականությունը, իսկ հայկական կողմը ոչ միայն չի օգտագործում այդ հանգամանքը, այլև իր գործողություններով հասնում է նաև միջնորդների դիրքորոշման լղոզմանը, իսկ հետո նաև՝ ամբողջական փոփոխությանը, դա ոչ այլ ինչ է, քան սակավ դիվանագիտական ռեսուրսների վատնում: Վատնում, քանի որ սեփական դիրքորոշումներից հրաժարվելու քաղաքականության դիմաց Երևանն այդպես էլ որևէ դիվիդենդներ չստացավ: Ստացավ միայն նոր ռազմական սրացումներ, մարդկային ու տարածքային կորուստներ:

Երկրորդ փաստարկը ևս չի դիմանում քննադատության: Ադրբեջանը պատրաստ չէ Լեռնային Ղարաբաղին առնչվող հարցերում Հայաստանի հետ բանակցություններ վարել նույնիսկ Երևանի դիրքորոշումների զգալի մեղմացումից հետո: Բաքուն պատրաստ չէ համաձայնել նաև Ստեփանակերտի հետ բանակցային միջազգային մեխանիզմի ստեղծմանը կամ Լեռնային Ղարաբաղում անվտանգության ինստիտուցիոնալ մեխանիզմների քննարկմանը: Այդ առումով Երևանի նոր մոտեցումները նույնքան անիրատեսական են, որքան հները:

Երևանում վերջին երկու տարվա ընթացքում տարածում է ստացել այն կարծիքը, որ հանուն Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության անհրաժեշտ է ընդունել Ադրբեջանի առավելապաշտական պահանջները Լեռնային Ղարաբաղի հարցում: Սակայն այս պարագայում խնդիրն այն է, որ Ադրբեջանի պահանջները չեն սահմանափակվում Արցախով: Բաքուն նույնչափ առավելապաշտական քաղաքականություն է վարում նաև հայ-ադրբեջանական համատեքստի մյուս օրակարգերում:

Մեկնաբանել