Նեդ Փրայսը մեկնաբանել է ԱՄՆ հետախուզության զեկույցի՝ Հայաստանին ու Ադրբեջանին վերաբերող կանխատեսումը

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերը միշտ են եղել և մնում են հրատապ ԱՄՆ-ի համար, որովհետև նուրբ իրավիճակ է ստեղծվել․ հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հերթական ճեպազրույցում՝ պատասխանելով հարցին, որը վերաբերում էր ԱՄՆ հետախուզության հրապարակած տվյալներին։

Ըստ զեկույցի՝ ԱՄՆ հետախուզությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածություն է կանխատեսում՝ հաշվի առնելով խաղաղության պայմանագրի բացակայությունը, զինված ուժերի՝ միմյանց մերձ գտնվելը և հրադադարի ռեժիմի նկատմամբ վերահսկողության մեխանիզմի բացակայությունը։

«Մի իրավիճակ է, որը չափազանց մոտ է բռնությանը, ինչի ականատեսը եղանք վերջին օրերին Լեռնային Ղարաբաղի շրջանում։ Դա երկարատև հակամարտություն է, որի լուծմանն աջակցելու համար Միացյալ Նահանգները պատրաստ է անել հնարավոր ամեն ինչ»,- հայտարարել է Նեդ Փրայսը՝ հավելելով, որ «ԱՄՆ-ը կշարունակի երկկողմ աշխատանքը այդ երկրների հետ, եռակողմ աշխատանքը Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ աջակցելով երկխոսության և դիվանագիտության նրանց ջանքերին»։

Մեկնաբանել