Պետությունը գաղտնի է պահում ԱԳՆ-ի նախկին շենքի ճակատագրի և ներդրումների մասին տեղեկությունը

Գևորգ Թոսունյան

Պետական գույքի կառավարման կոմիտեն հրաժարվում է պատասխանել ՀՀ արտաքին գործերի նախարարության նախկին շենքի վերաբերյալ ՍիվիլՆեթի հարցերին։

ՍիվիլՆեթը դիմել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով որոշ մանրամասներ հաղորդել ԱԳՆ-ի նախկին շենքի ճակատագրի վերաբերյալ։ Հարցումը փոխանցվել էր Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, որտեղից էլ պատասխանել էր Պետական գույքի կառավարման կոմիտեի ղեկավար Առնակ Ավետիսյանը։

2013-ի Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության, և «Տանգո» ՓԲԸ-ի միջև կնքվել էր Երևան քաղաքի Կառավարական 2-րդ մասնաշենք հասցեում գտնվող 14 241,9 քառ. մետր մակերեսով շենք-շինությունների և դրանց սպասարկման և օգտագործման համար հատկացված հողամասի պետական բաժնեմասի օտարման պայմանագիր: Գույքի օտարման գինն էր ավելի քան 51 մլն դոլարին համարժեք դրամ: «Տանգո» ընկերությունը պատկանում է արգենտինահայ գործարար Էրդուարդո Էռնեկյանին:

2016-ին հուլիսի 29-ին կառավարության նիստին ՀՀ պետգույքի կառավարման գլխավոր վարչության պետ Արման Սահակյանը ասել էր, որ ընկերությունը վճարել է շուրջ 39,5 մլն դոլարին համարժեք դրամ, վճարման ենթակա է մոտ 12 մլն դոլարին համարժեք դրամ:

2019-ին վարչապետ Փաշինյանը հանդիպել էր «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության գլխավոր տնօրեն Մարտին Էռնեկյանի հետ և անդրադարձել, այդ թվում, «ՀՀ արտաքին գործերի նախարարության նախկին շենքի հետ կապված ծրագրերին»:

Մենք հետաքրքրվել էինք, թե ինչ գործունեությունւ է ի վերջո ընկերությունը պատրաստվում ծավալել ԱԳՆ շենքում, քանի որ մինչ այս խոսվել է ինչպես հյուրանոց, այնպես էլ թանգարան հիմնելու մասին։ Խնդրել էինք նաև տեղեկատվություն տրամադրել ներդրումների և ժամկետնեի վերաբերյալ։

Այս բոլոր հարցերի պատասխանը չի տրամադրվել։ Ըստ Պետական գույքի կառավարման կոմիտեի «պահանջվող տեղեկատվությունը չի կարող տրամադրել հիմք ընդունելով՝ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի և պայմանագրի «Գաղտնիություն» վերտառությամբ դրույթի պահանջները»։

Մեկնաբանել