Ակադեմիական քաղաքից դեռ միայն նպատակը կա

Գևորգ Թոսունյան

Կառավարությունը դեռ չի ավարտել Ակադեմիական քաղաքի հատակագծման, իրականացվելիք միջոցառումների ժամանակացույցի, ֆինանսավորման աշխատանքները։ Դրանք ներկայում քննարկման փուլում են։ Այդ մասին, ՍիվիլՆեթի գրավոր հարցմանն ի պատասխան, հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։

Ըստ աղբյուրի՝ դեռևս քննարկվում է նաև «Ակադեմիական քաղաք տեղափոխվող բուհերի ցանկը»:

«Ակադեմիական քաղաքի՝ որպես որակյալ բարձրագույն կրթության և հետազոտության համար արդիական կրթական միջավայրի ստեղծման հայեցակարգը մշակման փուլում է:

Ակադեմիական քաղաքի տեղակայման վայր է նախանշված Աշտարակ քաղաքի ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների, ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտների և դրանց հարակից այլ տարածքները:

Ակադեմիական քաղաքի հատակագծման, իրականացվելիք միջոցառումների ժամանակացույցի, ֆինանսավորման, ինչպես նաև Ակադեմիական քաղաք տեղափոխվող բուհերի ցանկը դեռևս քննարկման փուլում են:

Ակադեմիական քաղաք տեղափոխվելուց հետո բուհերի զբաղեցրած տարածքների և շենքերի հետագա կարգավիճակի վերաբերյալ հարցերը դեռևս չեն քննարկվել»,- նշվում է պատասխանում:

2022-ի սեպտեմբերի 1-ի կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց ակադեմիական քաղաքի մասին՝ հայտնելով, որ այն կկառուցվի Արագածոտնի մարզում՝ Աշտարակ քաղաքում։ Փաշինյանի խոսքով՝ «կունենանք ութ պետական բուհ, որոնք էլ կտեղափոխվեն Աշտարակ՝ ակադեմիական քաղաք»։ Նիկոլ Փաշինյանն այս գաղափարն առաջին անգամ շրջանառեց 2021-ի մարտի 28-ին։ «Կա գաղափար Երևանի բուհերի շենքերը հանել վաճառքի և ստացված գումարով Երևանից դուրս կառուցել ակադեմիական քաղաք»,- հայտարարել էր Փաշինյանը Արմավիրի մարզի Արագած համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ՝ մանրամասնելով, որ Հայաստանի բուհերի շենքային պայմնանները չեն համապատասխանում 21-րդ դարի չափանիշներին։

Մեկնաբանել