Ժոզե Մոուրինյոն պատասխանեց Յոհան Կրոյֆին

«Բարսելոնայի» ու Հոլանդիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Յոհան Կրույֆը վերջերս քննադատել էր Մոուրինյոյին ու «Ռեալին», քանի որ վերջիններս այդքան էլ շատ չեն վստահում սեփական մարզադպրոցին: Բացի այդ, Կրույֆը հայտարարել էր, թե Մոուրինյոն իսկական կատաղած է ու որպես ֆուտբոլիստ բանի չի հասել: Այսօր Ժոզե Մոուրինյոն որոշել է պատասխան տալ այդ քննադատություններին, հայտնում է Football Espana-ն:

«Ես բոլորից շատ եմ ցանկանում հույս դնել Ալվարո Մորատայի վրա: Նա հիմնական թիմի խաղացող է, բայց եթե «Կաստիլյան» խնդրի, ապա մենք կթույլատրենք, որ Ալվարոն մասնակցի երկրորդ թիմի խաղին:

Ամեն շաբաթ մենք կորոշենք, թե որտեղ պետք է խաղա Ալվարոն: Ինչքան շատ երիտասարդ խաղացողներ ունենանք ձեռքներիս տակ, այդքան ավելի լավ:

Կրույֆը ասում է, թե ինքը սիրում է խաղացողներին ոչ թե գնել, այլ մարզել ու աճեցնել: Ծիծաղելի է, քանի որ նա հաղթել է Չեմպիոնների լիգան այնպիսի հիանալի «սաների» հետ, ինչպիսիք էին Ստոիչկովը, Կումանը, Լաուդրուպն ու Ռոմարիոն»,- ծաղրական տոնով հայտարարել է Մոուրինյոն:

Նշենք, որ Ալվարո Մորատան այսօր չի հայտավորվել «Բարսա Բ»-ի դեմ խաղին, ու վաղը, ամենայն հավանականությամբ, ներգրավված է լինելու «Խետաֆեի» դեմ խաղի հայտացուցակում:

Մեկնաբանել