Կրեմլը «բացասաբար է վերաբերվում» ռուսական որոշ մեդիամենեջեների և պատգամավորների՝ ՀՀ մուտքի արգելքին

Արամ Գաբրելյանովն ու Դմիտրի Պեսկովը

Կրեմլը բացասաբար է վերաբերվում ռուսական որոշ լրատվամիջոցների ղեկավարների և պատգամավորների՝ Հայաստան մուտքի արգելքին․ մարտին 10-ին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Անկեղծ ասած, մենք բացասաբար ենք վերաբերվում դրան։ Հայաստանը մեր մեծ բարեկամն է, դաշնակիցը, ռազմավարական գործընկերը։ Եվ, իհարկե, երկկողմ հարաբերությունների մակարդակն ու բնույթը մեզ պարտավորեցնում են պաշտպանել մեր երկկողմ հարաբերությունները նման դեպքերից»,- նշել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Կրեմլը վերաբերվում առանձին լրատվամիջոցների ղեկավարների և պատգամավորների՝ Հայաստան մուտքի արգելքին։

Կրեմլի խոսնակը նաև հույս է հայտնել, որ Մոսկվայի և Երևանի հարաբերությունները «տեսանելի ապագայում զերծ կլինեն նման դեպքերից»։

Մարտի 7-ին հայտնի դարձավ, որ «Նյուզ Մեդիա» հրատարակչության գլխավոր տնօրեն և նախագահ Արամ Գաբրելյանովին թույլ չեն տվել մուտք գործել Հայաստան։ Մինչ այդ՝ 2022 թվականի հոկտեմբերին, արգելվել էր Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի և ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստան։

Մեկնաբանել