Իրավապահները Երևանի քաղաքապետարանում են

Իրավապահ մարմինները խուզարկություն են իրականացնում Երևանի քաղաքապետարանում՝ մասնավորապես փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի աշխատասենյակում։ Տեղեկությունը հաստատեցին Երևանի քաղաքապետարանից՝ շեշտելով, որ տեղեկություն չունեն, թե քրեական ինչ վարույթի շրջանակում է կատարվում խուզարկություն։

Գևորգ Սիմոնյանն առողջապահության փոխնախարար էր, Երևանի քաղաքապետի տեղակալ նշանակվեց 2022-ին։ Նա համակարգում է քաղաքապետարանի առողջապահության, սպորտի ու երիտասարդության ոլորտը։

Հակակոռուպցիոն կոմիտեից ՍիվիլՆեթից հաստատեցին փոխքաղաքապետի աշխատասենյակում խուզարկություն կատարելու փաստը՝ հավելելով, որ այն կապված է Կորոնավիրուսի համար հատկացված միջոցների յուրացման, վատման փաստով քրեական գործի հետ։ Կառույցից այլ մանրամասներ չեն հայտնել։

Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լեւոն Սարդարյանի փոխանցմամբ էլ՝ «Գևորգ Սիմոնյանը ձերբակալված չէ, առավել ևս՝ ձեռնաշղթաներով կամ հարկադրանքի այլ ձևերով բերման չի ենթարկվել և, առհասարակ, այս պահին իրավական որևէ կարգավիճակ չունի»: Նա տեղեկացրել է, թե Սիմոնյանը՝ իր աշխատասենյակում խուզարկություն իրականացրած Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների հրավերով, գնացել է կոմիտե՝ բացատրություններ տալու:

Մեկնաբանել