Երկու տարում այնքան, որքան տասը տարում. վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի հայտարարության հետքերով

Անի Գրիգորյան, #CivilNetCheck

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը մարտի 9-ին հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է, թե 2018-2020 թվականներին Հայաստանը ձեռք է բերել այնքան սպառազինություն, որքան տասը տարում՝ 2008-2018 թվականներին։

«Էն, ինչը Սերժ Սարգսյանը ձեռք էր բերել որպես սպառազինություն տասը տարիների ընթացքում, մենք ձեռք ենք բերել ընդամենը 18-20 թվականների ընթացքում, այսինքն՝ երկու տարվա ընթացքում»,- հայտարարել է Չախոյանը։

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը ևս մեկ անգամ պնդել է, թե Սարգսյանի կառավարկման տասը տարիների ձեռք բերածը հետհեղափոխական իշխանությունը երկու տարվա ընթացքում է ձեռք բերել ու լրացրել։ «Այսինքն՝ շատ ավելի ունեինք»,- հայտարարել է նա։

ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմն ավելի վաղ անդրադարձել է Անկախությունից հետո Հայաստանի չորս ղեկավարների օրոք ձեռք բերված սպառազինություններին։

Որպես հիմք ընդունվել է SIPRI-ի՝ Ստոկհոլմի խաղաղության հետազոտության միջազգային ինստիտուտի հրապարակած տվյալները։ SIRPI-ն օգտվում է մեծամասամբ բաց աղբյուրներից, այդ թվում՝ մամուլի և ռազմական ոլորտի մասնագիտացած պարբերականների հրապարակումներից, պաշտոնական հաղորդագրություններից, զեկույցներից և ՄԱԿ-ի զենքի ռեգիստրից։ Սպառազինությունների ձեռքբերման այն գործարքները, որոնց մասին բաց աղբյուրներում տեղեկություններ չկան, չեն արտացոլվում զեկույցում։ Այդ զենքերի ձեռքբերումը փաստացի գաղտնի է և անհասանելի հանրությանը։

SIPRI-ում առկա տվյալների համաձայն՝ երկու ղեկավարների օրոք ձեռք է բերվել ներքոնշհալ սպառազինությունը։

Աղյուսակներում ներկայկացված տվյալներից պարզ է դառնում, որ Հայաստանը սպառազինության ձեռքբերման ծավալները մեծացրել է հատկապես սկսած 2016-ից՝ և՛ Սերժ Սարգսյանի, և՛ Նիկոլ Փաշինյանի տարիներին։

Երկու ղեկավարների օրոք էլ ձեռք են բերվել մի շարք հզոր զենքեր։ Տարոն Չախոյանի պնդումը, թե 2018-2020 գնվել է նույնքան զենք, որքան Սերժ Սարգսյանի կառավարման տասը տարիներին, մանիպուլյատիվ է։ Եթե միայն քանակի մասով համեմատենք, ապա առկա տվյալները փաստում են, որ Սարգսյանի տարիներին ավելի շատ զենք է ձեռք բերվել, սակայն այս համեմատությունը ևս մանիպուլյատիվ է։

Հստակ նշել, թե որ կառավարչի օրոք ընդհանուր որքան կամ ինչ գումարի զենք է ձեռք բերվել, հնարավոր չէ։ Քանի որ Հայաստանին մատակարարված սպառազինության գները հիմնականում անհայտ են։

Հայաստանյան լրատվական դաշտում և հատկապես իշխանության ներկայացուցիչների կողմից հաճախ շրջանառվում են տվյալներ, որոնք իբր արտացոլում են Հայաստանի ղեկավարների օրոք ձեռք բերված սպառազինությունների գինը։

Սակայն այս տվյալները ոչ թե արտացելում են սպառազինության գինը, այլ SIPRI-ի կողմից մշակված միավոր։

Դրանցում ներկայացված է երկրների սպառազինության ներմուծման և արտահանման «միտում-ցուցանիշ արժեքը» (trend-indicator value, TIV)՝ ըստ մատակարարող երկրի և տարիների։ Հատկանշական է, որ սա SIPRI-ի մշակած միավոր է, որը չի արտացոլում գնված սպառազինության գինը, այլ դրա արժեքը (value)՝ ոչ գնային իմաստով։

«Դրանք լավագույնս օգտագործվում են որպես չմշակված (raw) տվյալներ՝ որոշակի ժամանակահատվածում սպառազինությունների միջազգային փոխանցումների միտումները, մատակարարների և ստացողների համար գլոբալ տոկոսները և որոշակի պետություններ կամ երկրներ փոխանցումների ծավալի տոկոսները հաշվարկելու համար»,- պարզաբանում է SIPRI-ն։

Այսինքն, այդ թվերը միլիոն դոլար չեն, այլ միավորներ են, որոնք մշակել է SIPRI-ն սպառազինության մատակարարումների միտումները հասկանալու նապատակով։

Այսպիով, Հանրային հեռուստաընկերության եթերում Տարոն Չախոյանի արած հայտարարությունը, թե 2018-2020 գնվել է նույնքան զենք, որքան Սերժ Սարգսյանի կառավարման տասը տարիներին, մանիպուլյատիվ է և չհիմնավորված։

Մեկնաբանել