Ինչո՞ւ հայկական բանակը հակաօդային OSA համակարգեր գնելիս չի կատարել պարզ հաշվարկներ

OSA հակաօդային պաշտպանության համակարգը։

Նախորդ հոդվածում ներկայացրեցի քանակական, բայց մոտավոր հաշվարկ, որով կարելի էր գնահատել ադրբեջանական ԱԹՍ-ների սպառալիքի աստիճանը ՀՀ զինված ուժերի համար:

Տե՛ս՝ Ոչխարն այնուամենայնիվ սև չէր․ ադրբեջանական ԱԹՍ-ների վնասի էմպիրիկ հաշվարկ։

Իմ նկարագրածը էմպիրիկ վերլուծության օրինակ է: Էմպիրիզմը ենթադրում է մեծ քանակությամբ տեղեկություններ ինչ-որ ~ անփոփոխ համակարգի մասին, և չի պարտադրում այդ համակարգի մասին խորը գիտելիքների առկայություն: Կոպիտ ասած՝ դու գիտես, որ համակարգը ինչ-ինչ (անհայտ) պատճառներով իրեն վարում է ահա այսպես։ Դրա հիմքի վրա կարող ես գնահատել նրա ապագա վարքը: Էմպիրիզմը շատ հզոր մեթոդաբանություն է այն դեպքում, երբ համակարգը քիչ է փոփոխվում: Բայց անգամ փոփոխություների դեպքում, եթե դրանք փոքր են, էմպիրիկ հաշվարկներով կարելի է ահագին բան հասկանալ (երբեք չմոռանալով, որ հաշվարկները շատ մոտավոր են):

Կա համակարգի գնահատման ուրիշ մեթոդաբանություն` ֆունդամենտալ վերլուծություն: Ֆունդամենտալ վերլուծության ժամանակ դու ուսումնասիրում ես համակարգի ներքին հատկանիշները, և այդ տվյալների (կամ էլ՝ այդ տվյալների մոտավորացված գնահատականների) հիման վրա փորձում ես կանխատեսել նրա վարքը:

Եկեք դիտարկենք մեկ ուրիշ, էլի ԱԹՍ-ների հետ կապված օրինակ:

Եթե հիշում եք, 2019-ին ՀՀ ԶՈՒ-ն մեծ ցնծությամբ գնեց 9K33 OSA տեսակի ՀՕՊ համակարգեր: Ու էլի նույն մեսիջը հասարակությանը` ադրբեջանական ԱԹՍ-ները սպառնալիք չեն ներկայացնում: Այն ժամանակ պետք էր հարցնել՝ արդյոք ԽՍՀՄ-ի ժամանակներում մշակված ՀՕՊ համակարգը լրջորեն կկարողանա՞ դիմակայել ժամանակակից դրոների հարձակմանը:

Այս հարցին պատասխանելու համար պետք է քննարկել, թե ինչպես է ՀՕՊ ռադարը հայտնաբերում և թիրախավորում օդային սպառալիքը: Համակարգմ ունի մի ռադար, որը սքան է անում հորիզոնը, գրանցում արտացոլված ռադիո-ազդանշանը, ինչը թույլ է տալիս օպերատորին ինչ-որ հեռավորության վրա հայտնաբերել օդային թիրախներ: Կա նաև երկրորդ ռադար, որը թիրախավորման դեպքում «լուսավորում» է նշանակետը նեղ ռադիոփնջով: Արձակվում է հրթիռ, որի մարտագլխիկը պարունակում է ուղղորդման սարք: Այս սարքը տեսնում է արտացոլված ռադիոազդանշանը, և փոխում է հրթիռի ուղեգիծը այնպես, որ հրթիռը շարժվի ռադիոազդանշանը արտացոլող թիրախի ուղղությամբ:

Թիրախավորման հաջող կամ անհաջող լինելը կախված է մի շարք գործոններից: Դրանցից են ռադարի հեռարձակիչի հզորությունը, ռադարի ընդունիչի, ինչպես նաև հրթիռի ընդունիչ/ուղղորդիչի զգայունությունը, և ամենակարևորը` թիրախի արտացոլականությունը (իր վրա ճառագայթած էներգիայի արտացոլած տոկոսը՝ կոպիտ ասած):

Ռազմական ինքնաթիռներ և ուղղաթիռներ նախագծելիս մեծ առաջնահերթություն է տրվում այս արտացոլականությունը նվազեցնելուն (որը արվում է ինչպես օդանավի կորպուսի երկրաչափության օպտիմալացմամբ, այնպես էլ մեքենայի մակերեսին դիմադրության համընկնում (impedance match) ստեղծող դիէլեկտրիկ նյութերի գործածությամբ): Արևմուտքում այս արտացոլականությունը կոչվում է radar cross section (RCS)՝ ռադարային կտրվածք, և արտահայտվում է մակերեսի միավորներով: Ինչևէ, կարևորն այն է, որ արտացոլված ազդանշանի հզորությունը ուղիղ համեմատությամբ կախված է կտրվածքից:

Վերադառնանք OSA-ներին: Ի՞նչ հեռավորության վրա OSA-ն կարող է հայտնաբերել և թիրախավորել, օրինակ, իսրայելական Harop թևածող զինամթերքը (կամիկաձե դրոն): Դրա համար եկեք պատասխանենք դրան նախորդ հարցին. իսկ ի՞նչ հեռավորության վրա կարող է OSA-ն թիրախավորել, օրինակ, ռազմական ուղղաթիռը (քանի որ OSA-ներն առաջին հերթին հենց դրանց դեմ են մշակվել` խորհրդային տանկային ուժերը ՆԱՏՕ-ի հարվածային ուղղաթիռերից պաշտպանելու համար): Եթե դիտարկենք բաց տեղեկությունները, ապա կգտնենք, որ OSA-ի թիրախավորման հորիզոնը 10 կմ է… բայց սա շատ շռայլ թիվ է։ 10 կմ-ն նրա հրթիռի թռիչքի շառավիղն է: Լավ, լինենք լավատես և ենթադրենք, որ OSA-ն իսկապես կարող է թիրախավորել ուղղաթիռը 5-10 կմ-ից:

Հիմա անցնենք Harop-ին: Ինչպե՞ս է Harop-ի ռադարային կտրվածքը համեմատվում միջին տեսակի մարտական ուղղաթիռի կտրվածքին: Harop-ին վերագրում են մոտ 0,2 մ2 կտրված: Իսկ որքա՞ն է OSA-ի «իդեալական որսի» ուղղաթիռը. ահա այստեղ բերված հոդվածում ուսումնասիրվում է ֆրանսիական (Mi-8-ի շատ նման) ռազմական ուղղաթիռը, որին վերագրվում է մինչև 20-40 dBsm –> 100-10000 մ2 կտրվածք: Այսինքն Harop-ի կտրվածքը մոտ 10000/0.2 = 50000 անգամ ավելի փոքր է:

Լավ, իսկ ինչպե՞ս է կտրվածքների այս հարաբերությունը ազդում թիրախավորման շառավղի վրա: Այստեղ պետք է հաշվի առնել, թե արտացոլված ազդանշանը ինչպես է կախված հեռավորությունից: Այն ունի հետևյալ համեմատականությունը`

Signal ∝ (կտրվածք)/R4։

Վերջապես, մենք կարող ենք տալ հետևյալ հարցը՝ եթե OSA-ն կարող է թիրախավորել ամենաքիչը 100 մ2 կտրվածք ունեցող ուղղաթիռը ամենաշատը 10 կմ հեռավորությունից, ապա ի՞նչ հեռավորությունից այն կկարողանա թիրախավորել 0,2 մ2 ունեցող Harop-ին:

Սրա պատասխանը կարելի է հաշվել հետևյալ հավասարմամբ`

Signal_detection = const. * 0,2 / (R_harop)4 = const. * 100/(R_heli)4, որտեղ 0,2-ն ու 100-ը կտրվածքներն են, իս R_heli=10km: Երկու կողմից const.-ը կրճատվում, է, ու ստանում ենք

R_harop = R_heli *(0,2/100)(1/4) = 2km

Այսինքն, OSA-ն լավագույն դեպքում 2 կմ-ից կարող է հայտնաբերել ու տեսականորեն թիրախավորել Harop-ին: Այս թիվը ստացանք շատ լավատես մոտարկումներով: Եթե ուղղաթիռի կտրվածքը վերցնենք որպես 10000 մ2, ապա պատասխանը կլինի

R_harop = 0,7 km: Սա չափից ավելի մոտ է ՀՕՊ-ը թիրախավորող Harop-ին լուրջ հակազդեցություն ցուցաբերելու համար:

Վերջապես, Harop-ը կարող է ուրիշ տակտիկա գործածել: Բոլոր ռադարները ունեն «կույր տարածք»` ուղիղ իրենց վերևում: Harop-ը կարող է 4 կմ բարձրության վրա մոտենալ OSA-ին` այսպիսով դուրս մնալով հայտնաբերման շառաիղից, մտնել նրա ռադարի վերևի «կույր տարածքը», ինչից հետո վերևից հարձակվել ու ոչնչացնել ՀՕՊ համակարգը:

Նկատեք, որ ես անգամ չեմ էլ քննարկել այն սցենարը, երբ բազմակի Harop-ներ հարձակվում են միաժամանակ (այսպես կոչված` swarm attack): Ես գործածել եմ շատ լավատեսական ենթադրություններ… և անգամ դրանց դեպքում ստացվում է, որ OSA-Harop առճակատման դեպքում և Harop-ի խելամիտ գործածման դեպքում OSA-ն ողջ մնալու հույս չունի: Համեմատության համար՝ Harop-ը արժե 100,000 դոլար, իսկ OSA-ն՝ 1 մլն դոլար:

Սա նույնպես վերլուծություն է, որ կարող էր արվել, բայց չէր արվել նախքան OSA-ների գնումը: Ինչո՞ւ չէր արվել: Արդարացումներ չկան: Նկատենք, որ գաղտնի որևէ տեղեկություն ես այստեղ չեմ գործածել: Այս վերլուծությունը կարող էր անել, օրինակ, Գիտությունների ակադեմիայի գիտնականների մի հանձնաժողով: Դրա պրակտիկան կա ԱՄՆ-ում, և դրա մասին կգրեմ հաջորդ անգամ:

Մեկնաբանել