«ՄՏՍ Հայաստան»-ը վաճառվում է, դիմել են ՀԾԿՀ՝ գործարքի թույլտվության համար

Հեռահաղորդակցության կապի օպերատոր «ՄՏՍ Հայաստան»-ի բաժնետոմսերի առքուվաճառքի շուրջ գործընթացները վերջնականացման փուլում են։ Ընկերությունն արդեն դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ բաժնետոմսերի առքուվաճառքի թույլտվություն ստանալու համար։

Միևնույն ժամանակ, «ՄՏՍ Հայաստան»-ը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին խնդրել է իր բաժնետոմսերի հետ կապված գործարքներն ընդունել որպես խիստ առևտրային գաղտնիք պարունակող տեղեկություններ ու տվյալներ չտրամադրել գնորդ կազմակերպության վերաբերյալ։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, այս հանգամանքը հիմք ընդունելով, հրաժարվեց հայտնել, թե ով է ցանկանում ձեռք բերել «ՄՏՍ-Հայաստան»-ը։

Հանձնաժողովի ներկայացուցիչ Արմեն Հունանյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց՝ «ՄՏՍ-Հայաստան»-ի դիմումին հանձնաժողովն ընթացք է տվել, ու այժմ քննարկումների փուլն է.

«Գործարքը դեռ տեղի չի ունեցել, համաձայնեցման փուլն է, ու դա առևտրային գաղտնիք է ընկերության համար»,- ասաց նա։ Ըստ ընթացակարգի՝ ՀԾԿՀ-ն դիրքորոշումներ է հայցել նաև բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից և Ազգային անվտանգության ծառայությունից։ Հունանյանը նաև չհայտնեց՝ ընկերությունը, որը ցանկանում է ձեռք բերել «ՄՏՍ Հայաստան»-ի բաժնետոմսերը, Հայաստանում է գրանցված թե ոչ։

ՍիվիլՆեթն ավելի վաղ անդրադարձել էր «ՄՏՍ Հայաստան»-ի վաճառքին՝ ներկայացնելով, թե ովքեր են հեռահաղորդակցության օպերատորի հնարավոր գնորդները։ Այդ ցանկում էին մեկ այլ օպերատոր «Թիմ տելեկոմ»-ի սեփականատերեր Հայկ և Ալեքսանդր Եսայանները, ինչպես նաև «Հայբիզնեսբանկ»-ի օտարերկրացի սեփականատերերը։ «ՄՏՍ-Հայաստան»-ը գնելու հեռանկարով հետաքրքրված էր նաև ընկերության նախկին տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։ Ընկերության սեփականատեր դառնալու վերջինիս փորձերը, սակայն, ձախողվել են, քանի որ օրերս Յիրիկյանը դարձավ մեկ այլ օպերատորի՝ «Յուքոմ»-ի գլխավոր տնօրենը։

Օգոստոսին Սիվիլնեթը գրավոր հարցմամբ խնդրել էր «ՄՏՍ Հայաստան»-ին մեկնաբանել ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի մասին տեղեկությունները։ Ընկերությունից հայտնել էին, որ հարցի պատասխանը առևտրային գաղտնիք է, ու համապատասխան տեղեկությունների տրամադրումը հնարավոր չէ։

«Վիվա-ՄՏՍ»-ը հայկական հեռահաղորդակցության շուկա մուտք գործեց 2005-ին։ Այդ պահից մինչ այժմ ընկերությունը Հայաստանի պետբյուջե վճարել է 258 մլրդ դրամի հարկեր։ Աշխատակիցների թիվը ավելի քան 1200 է։

«Վիվա-ՄՏՍ»-ի բաժանորդների թիվը Հայաստանում գերազանցում է 2 միլիոնը և այն ունի ամենամեծ բաժանորդային բազան Հայաստանում։ Բջջային հեռախոսակապի շուկայում «Վիվա-ՄՏՍ»-ը առաջինն է, «Յուքոմ»-ի ու «Թիմ տելեկոմ»-ի հեռախոսակապի բաժանորդների ընդհանուր թիվը էականորեն զիջում է «Վիվա-ՄՏՍ»-ի բաժանորդների թվին։ Այժմ ընկերության հիմնական բաժնետերը ռուս միլիարդատեր Վլադիմիր Եվտուշենկովն է։

Մկրտիչ Կարապետյան

Մեկնաբանել